ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը`
Ռիգայի գագաթնաժողովի եւ ԵԺԿ համագումարի արդյունքների մասին
– Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից՝ Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը հերթական անգամ կրկնել է, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցելիս պետք է գնա ինտեգրացիոն տարբեր ուղղությունների համադրման ճանապարհով: Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է ԱլԳ անդամ երկրներին իրենց ապագան ինքնուրույն ընտրելու հարցում, այդ թվում եւ՝ տարբեր միությունների միանալու ձեւով, առանց սպառնալիքների: Գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցության փաստն էլ արդեն վկայում է այն մասին, որ Հայաստանը լուրջ տրամադրությունները՝ ԵՄ հեռանկարի առումով, պահպանում է: Ի՞նչ տպավորություններ թողեց Ձեզ վրա Ռիգայում Հայաստան-ԵՄ համաձայնությունը: Ի՞նչ հետեւություններ կարելի է անել այդ ամենից:
– Մեզ հարող տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումները մեծ արագացում են ձեռք բերում ու դրանց հորձանուտում հայտնված պետությունների համար կարող են նաեւ շատ ողբերգական հետեւանքներ ունենալ: Հայաստանն այն վիճակում չէ, որ անտեղի ռիսկի դիմելով՝ վտանգի սեփական գոյությունը: Օտար խաղերին չմասնակցել չենք կարող, բայց մեր մասնակցության տրամաբանությունը պետք է կառուցենք շատ իրատեսական հիմքի վրա: Քսաներորդ դարում հայությունը թուրքական, պարսկական եւ ռուսական հեղափոխությունների խանդավառ ազատամարտիկն էր, բայց նոր ու երջանիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու հարցում մեր անհիմն լավատեսությունը հանգեցրեց նրան, որ ունեցանք ահռելի մարդկային զոհեր ու աներեւակայելի տարածքային կորուստներ: Կարծում եմ, որ ուկրաինական ճգնաժամի դաժան դասերը նաեւ ԵՄ պաշտոնատարներին շատ բան սովորեցրին՝ Հայաստանը ԵՄ-ի հետ իր հարաբերություններն աստիճանաբար ու համաչափորեն խորացնելու համար այսօր ավելի լավ հնարավորություններ ունի, քան ընդամենը մեկ տարի առաջ: Կարծում եմ, որ եվրապաշտոնյաների կողմից իրավիճակի վերագնահատումն արդեն իսկ իր արտացոլումն է գտել փաստաթղթում:
– Զուգահեռաբար ակնհայտ էր, որ Ռիգայի գագաթնաժողովն ակնհայտ հակառուսական տրամադրություններ ուներ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
Կարդացեք նաև
– Ակնհայտ հակառուսական տրամադրությունները նոր երեւույթ չեն՝ այսօր Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, որոնց մեկ տարի առաջ միացավ նաեւ Ուկրաինան, արեւմտյան հակառուսականության դրոշակակիրներն են, ու շատ տարօրինակ կլիներ, եթե այդ երկրներից մեկի մայրաքաղաքում անցկացվող գագաթնաժողովն աչքի ընկներ ընդգծված ռուսասիրությամբ: Հակառուսականությունն այդ երկրների մեծ մասի համար ոչ միայն քաղաքակրթական ընտրության հարց է, այլեւ հենց ԵՄ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում որոշակի քաղաքական դերակատարում ունենալու եւ դրանից բխող նյութական առավելություններ ստանալու միջոց: Կարելի է ասել, որ իրենց պարագայում հակառուսականությանը քաղաքակրթական նախապատվություն տալն ու դրանից բխող քաղաքական ու տնտեսական դիվիդենդներ ստանալու հնարավորությունը հաջող կերպով համընկել են: Միաժամանակ կարեւոր է հասկանալ, որ ԵՄ առավել հեղինակավոր անդամներն ու ԱՄՆ-ը իրենց քաղաքականությունը կառուցում են միանգամայն այլ հիմքերի վրա ու ելնելով իրական գլոբալ մարտահրավերները հաղթահարելու հրամայականից:
– Գագաթնաժողովին զուգահեռ ընթացող ԵԺԿ համագումարի հռչակագիրը Ուկրաինայի հարցում բավականին կոշտ շեշտադրումներ ուներ Ռուսաստանի հասցեին: Հայաստանը վերապահումներով է միացել այդ հռչակագրին: «Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ եւս կհաղթանակի հեռուն նայելու եւ ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու եւ միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաեւ ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ»,- իր ելույթում էլ հայտարարեց Սերժ Սարգսյանը: Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ում ստանձնել է ռուսների փաստաբանի դերը: Արդյունավե՞տ մարտավարություն է սա:
– Անգամ ընդունելով այն, որ Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան ու Էստոնիան Ռուսաստանին մեղադրողի դիրքում են, իսկ պարոն Սերժ Սարգսյանը ստանձնել է ռուսների փաստաբանի դերը, եւ այդ առումով բոլորն էլ որոշակի քաղաքական շահեր են սպասարկում, պետք է նկատի ունենանք, որ, այդուհանդերձ, առայժմ Հայաստանը քաղաքական մանեւրի ավելի մեծ հնարավորություններ է պահպանել, քանի որ կարողացել է իր դռները բաց պահել ինչպես եվրոպական, այնպես էլ ռուսական ուղղության վրա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.05.2015