Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամսունգ»-ի տարածաշրջանային ներկայացուցչությունը Բաքու տեղափոխվելուց հետո Հայաստանի մասով կողմնակալ որոշումներ է կայացրել

Մայիս 25,2015 13:30

Հայաստանում «Սամսունգի»-ի պաշտոնական ներկայացուցչության արդեն նախկին ղեկավար Անդրանիկ Շահբազյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանում է, թե ինչու է համաշխարհային ճանաչում ունեցող «Սամսունգ»-ը հեռանում Հայաստանից:

– Պարոն Շահբազյան, ըստ որոշ լուրերի՝ «Սամսունգ»-ի պաշտոնական ներկայացուցչությունը մեր երկրում փակվում է, կասե՞ք՝ ինչո՞ւ է ճանաչված բրենդը որոշել հեռանալ Հայաստանից:

– «Սամսունգ» ընկերությունում աշխատում եմ 2005 թ.-ից, եւ մինչեւ 2011 թ.-ը մենք եղել ենք Մոսկվայի «Սամսունգի» գլխամասի ներկայացուցչություն, Ադրբեջանը եւ Վրաստանը՝ նույնպես: 2011-ին որոշվեց կովկասյան տարածաշրջանն ընդգրկել «Սամսունգ»-ի Ղազախստանի՝ միջինասիական գլխամասի տարածաշրջանում, որը գտնվում էր Ալմաթայում: Ցանկացած ռազմավարական հարց կարելի էր բարձրացնել Ալմաթայում գտնվող ղեկավարության առաջ, եւ այդ հարցին տրամաբանական, օպերատիվ, տվյալ երկրի տնտեսական վիճակից կամ բիզնես-միջավայրից ելնող ու միեւնույն ժամանակ «Սամսունգ»-ի շահերից ելնող որոշումներ էին կայացվում:

Ամեն բան ճիշտ էր գնում մինչեւ 2014 թ.-ի վերջը, երբ «Սամսունգ»-ի գլխավոր ղեկավարության կողմից որոշում կայացվեց ստեղծել անկախ կովկասյան գլխամաս, որը լինելու էր «Սամսունգ»-ի ԱՊՀ տարածքի մեծ գլխամասի մի մասը, եւ որոշվեց, որ այն պետք է լինի Բաքվում:

Առաջին արձագանքն այդ որոշմանը բավականին բացասական էր թե՛ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք «Սամսունգ»-ի հետ բիզնես-հարաբերություններ ունեն, թե՛ ներկայացուցչության աշխատակիցների:
Մենք շատ պարզ, շատ տրամաբանված բացատրեցինք իրենց, որ հայտնի պատճառներով չի կարող Ադրբեջանում նստած մարդը անկողմնակալ որոշումներ կայացնել Հայաստանի աշխատակիցների վերաբերյալ, նրանց աշխատավարձերի, պարգեւավճարների կամ թեկուզ բիզնեսի, գնային քաղաքականության վերաբերյալ:

Սակայն մեր ձայնը չլսվեց, եւ մեր պատճառաբանություններն անտեսվեցին:

– «Սամսունգ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը զգացե՞լ է խտրական վերաբերմունք:

– Մի դեպք պատմեմ: Ստեփանակերտում «Սամսունգ»-ի հետ անուղղակի համագործակցող մի ընկերության, որը վաճառում էր «Սամսունգ»-ի պաշտոնական արտադրանքը, աջակցեցինք վերազինել իր վաճառասրահը: «Սամսունգ»-ի ներկայացուցիչը, որն ազգությամբ կորեացի էր, եկավ, նրան տարանք Ղարաբաղ, տեսավ, իր հավանությունը տվեց, մեծ շուքով բացում արեցինք, մի խոսքով՝ նախագիծը շատ հաջող իրականացրինք: Եվ երբ արդեն սկսվեցին «Սամսունգ»-ի ղեկավարության՝ Ադրբեջան տեղափոխելու խմորումները, Ադրբեջանի գրասենյակի կորեացի ղեկավարն ասաց, որ «Սամսունգ»-ի այդ ցուցանակը խանութից պետք է հանվի, որովհետեւ ադրբեջանական լրատվամիջոցներում նյութեր են հայտնվել, թե «Սամսունգ»-ը Ստեփանակերտում պաշտոնական ներկայացուցչություն ունի:

Ես ասացի, որ ցուցանակը հանել չեմ պատրաստվում: Ես դա իմ նախաձեռնությամբ չեմ արել, առանց տեղյակ պահելու չեմ արել, հավանության արժանացած նախագիծ էր: Ասացի, որ ես չեմ պատրաստվում այդ մարդուն ասել, որ Բաքվում բարձրացված աղմուկի պատճառով պիտի քո խանութից «Սամսունգ»-ի ցուցանակը հանենք:

Դա իմ բարոյական եւ, ընդհանրապես, բիզնեսի սկզբունքներին դեմ է: Եվ դա ապացուցեց այն, որ թեկուզ Բաքվում նստած ղեկավարությունը կորեացի է, բայց երկու կորեացին չեն կարող ներկայացուցչության մնացած հիսուն ադրբեջանցի աշխատակցի լոբբինգի ազդեցության տակ չընկնել: Կորեացին, որը Ղարաբաղում ներկա է եղել այդ արարողությանը, անգամ հերքել էր, որ ինքը եղել է Ղարաբաղում: Մինչդեռ ԼՂՀ արտգործնախարարությունում նրա մուտքը ֆիքսվել է, ինչպես մնացած օտարերկրացիներինը:

Մի կողմից՝ ճիշտ չէ, քանի որ ինքը փաստացի սուտ է խոսել, մյուս կողմից՝ հասկանալի է, որովհետեւ Ադրբեջանն անկանխատեսելի բռնատիրական երկիր է, եւ չես կարող ասել, թե Ղարաբաղ եկած կորեացու կարիերայի համար ինչ հետեւանքներ կունենար:
Մեկ ուրիշ առիթով էլ «Սամսունգ»-ի Ադրբեջանի գրասենյակը թվային դասասենյակներ բացեց Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում: Երբ դեռ «Սամսունգ»-ի գրասենյակը Բաքու չէր տեղափոխվել, մեզ մոտ չգրված պայմանավորվածություն կար, որ քաղաքականությունը չենք խառնում բիզնեսին: Երբ սկսեցին գովազդել, որ «Սամսունգ»-ն այսպիսի բան է արել Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերում, ես ասացի, որ եթե կա նման հնարավորություն, Հայաստանի գյուղերին էլ տրամադրեն, որպես Հայաստանի քաղաքացի ես էլ եմ ուզում նման նախագիծ անել, բայց մեզ ուղղակի մերժեցին: Այսինքն՝ սա եւս մեկ ապացույց էր, որ Ադրբեջանում կայացված որոշումները Հայաստանի վերաբերյալ կողմնակալ են: Երեք երկրների գլխավոր հաշվապահը, որը Բաքվում է նստում, ադրբեջանցի կին է, եւ ամեն անգամ հայաստանյան գրասենյակի աշխատակիցների պարգեւավճարները սխալ էր հաշվում, կամ ընդհանրապես չէին տալիս: Ես նրանց պաշտոնական նամակ էի գրում՝ որ այսինչ աշխատակիցն, ըստ իր նախնական պլանի, որ պետք է աներ, առաջադրանքը կատարել է, դրա համար պետք է ստանա պարգեւավճար, բայց չի ստացել, ինչո՞ւ, բացատրեք՝ խնդրում եմ: Երկար լարված խոսակցությունից հետո համաձայնվում էին, որ սխալվել են եւ այդ մարդուն վճարում էին, եւ անընդհատ այդպիսի բաներ:

– Այսինքն՝ կարծում եք, որ հայաստանյան ներկայացուցչության ըմբոստ պահվա՞ծքն է եղել պատճառը, որ «Սամսունգ»-ը որոշել է հեռանալ Հայաստանից՝ նախընտրելով միայն Ադրբեջանի հետ աշխատել՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական շուկան մի քանի անգամ մեծ է հայաստանյան շուկայից:

– Երբ սկսեցին լարվել խոսակցությունները ադրբեջանական ներկայացուցչության ղեկավարության հետ, ես գրեցի ավելի բարձր ղեկավարությանը Մոսկվայում: Կորեայի գլխամասում արդեն լարված մթնոլորտ ստեղծվեց, ու իրենք ստուգումներ սկսեցին հայաստանյան գրասենյակում, սակայն ոչինչ չկարողացան գտնել, հետո ինձ ասացին, որ եթե չեմ համակերպվում փոփոխությունների հետ եւ չեմ ուզում աշխատել այդ սկզբունքով՝ աշխատանքից դուրս գամ: Ես ասացի, որ դուրս չեմ գա, քանի որ դրա համար ոչ մի հիմք չկա, եւ որ ես իմ աշխատանքը շատ լավ եմ անում: Ասացի, որ իմ առաջ դրված պլանը կատարել եմ, դեռ մի բան էլ գերակատարել:

Երկու տարի առաջ «Սամսունգ»-ի՝ ամբողջ աշխարհի մոտ 200 հազար աշխատակիցներից 44 հոգի ընտրվել էին որպես աշխատակազմի «կորիզ»՝ Հարավային Կորեայում վերապատրաստման համար, որից մեկը ես եմ եղել: 10 տարվա ընթացքում ոչ մի դժգոհություն չեն հայտնել իմ աշխատանքի վերաբերյալ: Եվ իրենք, փաստորեն, չէին կարող ինձ աշխատանքից ազատել, քանի որ ոչ մի հիմք չկար դրա համար:
Այդ իսկ պատճառով նրանք իմ ու իմ գործընկեր Արսեն Նուրիջանյանի պաշտոնները կրճատեցին՝ ինչ-որ անհեթեթ մեկնաբանությամբ: Նշել էին, թե Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, մյուս պատճառաբանությունը դրամի փոխարժեքն էր, որն ընդհանրապես անհեթեթություն էր, որովհետեւ «Սամսունգ»-ն իր շահույթը ստանում է դոլարով, աշխատավարձերը վճարվում են դրամով, այսինքն՝ ընկերությունը ոչ թե կորցնում, այլ շահում է, որովհետեւ ոչ մի ձեւով մեր աշխատավարձերը չեն ինդեքսավորվում՝ կախված դոլարի փոխարժեքից:

– Եթե կորեացիներին ձեր ըմբոստությունը դուր չէր գալիս, ինչո՞ւ որոշվեց, որ ամբողջ ներկայացուցչությունը պետք է փակվի, առավել եւս, որ Ձեզ պաշտոնից զրկելու ձեւը գտել էին:

– Ես եւ Արսենը որոշեցինք գնալ իրավական ճանապարհով եւ «Սամսունգ»-ի ղեկավարության դեմ հայց ներկայացրինք դատարան: Կարճ ժամանակ անց լուրերից տեղեկացա, որ ներկայացուցչության փակման վերաբերյալ խոսակցություններ են շրջանառվում: Առաջին բանը, որ մտածեցինք, այն էր, թե գուցե մեր քայլի հետ է կապված: Ի դեպ, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Հայաստանի գրասենյակի լուծարման որոշումը Ադրբեջանում կայացվել է ապրիլի 24-ին, եւ օրը պատահական չի ընտրված:
Ճիշտ է, մենք որոշել ենք գնալ իրավական ճանապարհով եւ պաշտպանել մեր իրավունքները, սակայն ես էլ, Արսեն Նուրիջանյանն էլ, այնպես չէ, որ ուրախ ենք դրանից, որովհետեւ «Սամսունգ» ընկերությունը թե՛ ինձ եւ թե՛ իմ գործընկերներին շատ հոգեհարազատ է: Որպես գործատու՝ այս տարիների ընթացքում մեզ աննկարագրելի փորձ է տվել, «Սամսունգ»-ում աշխատելն իրոք պատիվ եւ հաճույք է եղել մեզ համար: Մեր բողոքը ոչ թե «Սամսունգ» ապրանքանիշին է ուղղված եւ ղեկավարությանը, այլ այն որոշումներին, որոնք ընդունվել են Ադրբեջանում:

Պարզապես մեր հայց ներկայացնելու եւ ներկայացուցչության մյուս աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու ղեկավարության որոշումը համընկան: Ի դեպ, օրենքը պահանջում է, որ աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց 2 ամիս առաջ պետք է տեղեկացնեն աշխատակցին, սակայն ներկայացուցչության մեր մյուս գործընկերներին չեն տեղեկացրել:

Ցավալի է, որ ներկայացուցչությունը փակվում է, եւ ցավալի է, որ ժամանակին մեր ձայնը չլսեցին ու չվերանայեցին իրենց որոշումը, որովհետեւ մենք շատ էինք հորդորում, որ տարածաշրջանային ներկայացուցչությունը բացեն Վրաստանում:
Օրինակ՝ «LG» ընկերությունն այս ամենը հաշվի առնելով՝ իր ներկայացուցչությունը բացեց Վրաստանում, որովհետեւ Վրաստանը չեզոք տարածք է եւ լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ. շատ տրամաբանված քայլ էր:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031