Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտթուրքերը, Սալոնիկի հրեա-մասոններն ու Հայոց մեծ եղեռնը

Մայիս 25,2015 13:00

Սարգիս Հացպանյանի դասախոսությունների նոր՝ «Ինչո՞ւ ցեղասպանություն» խորագրով շարքի հերթական հրապարակմամբ ներկայացված է երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության «Թեշեքիլաթը Մահսուսա» գերգաղտնի կառույցի, ինչպես նաեւ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբում հայկական քաղաքական կուսակցությունների գործունեությունից որոշ մանրամասներ: Երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության խորհրդանիշը նույնությամբ կրկնում էր մասոնների խորհրդանիշը, միայն շուրջը արաբատառ ու լատինատառ գրված է կուսակցության անվանումը: Եվ պատահական չէր, որ նրա հիմնադիրները հիմնականում սալոնիկցի դոնմեն հրեա- մասոններ էին, որոնց մի մասն իր վախճանը գտավ հայ վրիժառուների ձեռքով: Եթե Թալեաթի գրառած հուշերում հանդիպում ենք, որ նա 926 հազար հայի մահվան հրաման է արձակել, ապա դոկտոր Նազըմի հարուստ արխիվը մինչ օրս չի բացվում: Հավանաբար դրանք առավել ցնցող են: Նա Գեբելսի դերակատարումն է ունեցել հայերի բնաջնջման մեջ: Հենց դոկտոր Նազըմն է համոզում երիտթուրքերին, որ միայն կուսակցությամբ խնդիրը չի լուծվի, հարկ է ստեղծել մի գերգաղտնի կառույց, ինչին իրենք հրաշալի տիրապետում են եւ բժիշկ Շաքիրի հետ լծվում այդ գործին: 1911թ. հիմնադրված այդ կազմակերպությունը կոչվում էր «Թեշեքիլաթը Մահսուսա»: Բանախոսը ցուցադրեց դրա ամենաերեւելի 12 հիմնադիր մասոնների, ինչպես նաեւ կատաղի հակահայ հրեա կամ կիսահրեա այլ մասոնների շատ լուսանկարներ:

Ցուցադրվեց նաեւ «Թեշեքիլաթը Մահսուսա»-ի խորհրդանիշը հանդիսացող իրար մեջ մտած 3 կիսալուսինների պատկերը, որը ոչ ավել, ոչ պակաս մասոնական, սիոնիստական Դավթի վեցանկյունանի աստղի կրկնօրինակումն է՝ այլ ձեւով: Սարգիս Հացպանյանը մանրամասնեց, որ երիտթուրքերի «Թեշեքիլաթը Մահսուսա» գերգաղտնի սպասարկման կազմակերպությունն ուներ մոտ 30 հազար անդամ, նրանցից բացի, կային ղեկավար պաշտոններ զբաղեցնողներ, որոնք միմյանց ճանաչում էին հատուկ նշաններով եւ նրանցից ոչ ոք մյուսին չգիտեր: Դժվար իրավիճակում հայտնվելիս նրանք անգլիական արտադրության հայտնի ծխախոտի թղթի մեջ թութուն էին լցնում եւ առաջարկում մյուսին: Երկխոսությունն այսպիսով կայանում էր: Վերլուծաբանը ցուցադրեց հատուկ խորհրդանիշներով մատանիների լուսանկարները:

Այդ մատանիները կրում էին հատկապես հատուկ առաջադրանքներով գործուղվածները՝ ի ցույց դնելով հայտնաբերում էին յուրայիններին: Ցուցադրվեց նաեւ «Թեշեքիլաթը Մահսուսա»-ի համակարգված գործողությունների 1915 թվի ոճրագործության՝ մեզ քաջածանոթ, մեծ ու փոքր կարմիր շրջաններով քարտեզը: Ի դեպ, «Թեշեքիլաթը Մահսուսա»-ն ԱՄՆ-ի եւ Իսրայելի նույնանուն կառույցների համար նախատիպ է ծառայել: Ընդհանրապես Օսմանյան կայսրության ողջ պատմության խորհրդանիշները 3 կիսալուսինների պատմություն է: Հրեա-մասոններն իրենց ազգային ծրագրերն իրականացնելու համար, երկիր-պետություն ստեղծելու որոնումների ճանապարհին գտան, որ իրենք երկու խնդիր ունեն՝ Ռուսաստանում տապալել ցարին, Օսմանյան կայսրությունում՝ սուլթանին (թեւավոր դարձած խոսքերի հեղինակը Իսրայել Լազարեւիչ Հելֆանդ՝ Ալեքսանդր Պարվուսն է): Այո՛, իրենց նպատակների իրագործման բանալին գտան 1908թ. եւ 1912թ. Օսմանյան կայսրությունը ոչնչացնելու մեջ: Եվ զուգահեռ էլ նախապատրաստեցին ու իրականացրին Ռուսաստանում 1905թ. անհաջող հեղաշրջումը, իսկ 1917թ. հեղափոխությունը: 1894-1896թթ. համիդյան ջարդերի ժամանակ հայերն անասելի կորուստներ ունեցան, իսկ 1905 եւ 1918թթ.

Բաքվում հրեա-մասոններ Ռոքֆելերներն ու Ռոտշիլդները հայերի դիրքը տկարացնելու նպատակով՝ հետեւողականորեն ազգամիջյան բախումներ են հրահրում հայերի եւ թաթարների միջեւ, որի արդյունքում նավթարդյունաբերությունից աստիճանաբար դուրս են մղում հայերին՝ Մանթաշովին, Գյուլբենկյանին, Նազարյաններին, Տեր-Ղուկասովին եւ այլոց, ովքեր այդ ոլորտում տիրապետող էին, իսկ այդ ժամանակ աշխարհում արտադրվող նավթարդյունաբերության մոտավորապես 50%-ը Բաքուն էր տալիս: Բաքվի օգոստոսյան կոտորածների ու հրդեհների վնասը կազմում էր մոտ 25 մլն ռուբլի. հիմնականում տուժել էր հայկական կապիտալը: Ինչո՞ւ ստեղծվեց ՀՅԴ-ը… Իսկ ինչո՞վ էր զբաղված այդ ժամանակներում հայ-քաղաքական միտքը: Սուլթանը չներեց հայերին, որ 1963թ. ստեղծեցին առաջին սահմանադրությունը:

Սարգիս Հացպանյանը ներկայացրեց մի լուսանկար, որում պատկերված էին հայկական սահմանադրության առիթով մեկտեղվածները: Նրանց շարքերում էին հայ, հույն հոգեւոր առաջնորդները, ինչպես նաեւ իսլամադավների հոգեւոր առաջնորդը: Բանախոսը մեր պատմության առեղծվածը համարեց այն, որ 5 տարում հայերը ստեղծեցին 3 կուսակցություն, իսկ 30 տարի անց հայ քաղաքական մտքի տհասության պատճառով մեր պատմական հայրենիքում տեղի է ունենում մանրամասնորեն ծրագրված ցեղասպանությունը: Ինչում պատասխանատվության ամենամեծ բաժիններից մեկն էլ ընկնում է հայկական քաղաքական կուսակցությունների վրա: Մի անգամ եւս հիշատակենք, որ 1885թ. Վանում հիմնվում է Արմենական առաջին քաղաքական կուսակցությունը, 1887-ին՝ Ժնեւում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, 1890-ին՝ Թիֆլիսում Հայ հեղափոխական դաշնակցությունը: Երբ համեմատում ենք այդ ժամանակաշրջանում եկվորների եւ բնիկ մեր ժողովրդի արած քայլերը, ապա ակնառու է, որ եկվորներն օգտագործելով իրենց ունեցած եւ չունեցած հնարավորությունները, մեկ կազմակերպության շնորհիվ կարողանում են իրականացնել բնիկ ժողովրդի բնաջնջումը, իսկ մերոնք 5 տարում իրար հետեւից 3 կուսակցություն են հիմնում եւ այն բերում է… Ճշմարտության դեմ չմեղանչելու համար՝ փաստենք, որ այս 3 կուսակցությունից ամենահեռատեսը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն էր, որի անդամները իշխանությունների կողմից անխնա հետապնդվում, ոչնչացվում էին: Նրանցից Ստեփան Սապահ -Գյուլյանի 1916թ. գրած «Պատասխանատուները» գիրքը, որ հսկայական փաստագրական նյութեր է պարունակում, համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ցեղասպանությունը նախապես ծրագրած, կազմակերպած իրողություն էր: Եվ գիրքը կարդալիս զարմանալիորեն պարզ է դառնում, որ քաղաքական դաշտում ունեցել ենք ռահվիրաներ, որոնք ամենաճիշտ կողմնորոշումն են ունեցել, որ իրենց ներուժով ծախու չէին, իտտիհատներին ձեռք ձեռքի չեն տվել, զգուշացրել էին համայնքներին ու կուսակցություններին, սակայն լսող չի եղել: Պատահական չի եղել, որ իտտիհատների փարիզյան ժողովներից մեկում, որոնց մասնակցում էր ՀՅԴ-ն, Բեհադդին Շաքիրն անհաջող փորձ է անում գրպանելու հնչակներին, հետո նամակով Թալեաթին տեղեկացնում է. «Հայկական կուսակցություններից ամենավտանգավորը հնչակներն են, եթե կարողանանք նրանց չեզոքացնել, ապա լավ կլինի, նրանք ազգային են, պետք է ամեն ինչ անել նրանց վերացնելու համար»: Եվ իտտիհատները հսկայական աշխատանք են տանում դեռ 1895-96թթ. նրանց դեմ: ՀՅԴ-ի անհեռատեսության մասին խոսել է նաեւ իտտիհատների փարիզյան 2 -րդ ժողովի մասնակից, հայտնի Մեծն Մուրադը՝ Համբարձում Բոյաջյանը, որ հետագայում դարձավ մեջլիսի պատգամավոր, ասում էր՝ «մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, թե ո՞վ է թուրքը եւ ինչի՞ է ընդունակ»: 1908թ. իշխանության եկած երիտթուրքերի «ազատություն, հավասարություն, արդարություն» լոզունգին հավատ ընծայելով՝ ՀՅԴ-ն միացավ նրանց՝ սուլթանին գահընկեց անելիս եւ հաճախ հակադրվում էր հնչակյանների՝ «նրանցից հեռու կանգնելու» հորդորներին: Վերլուծաբանը փաստեց, որ Հնչակյան կուսակցության եւ ՀՅԴ-ի ծրագրերը համեմատելիս, գրեթե ոչ մի տարբերություն չենք նկատի, որոշ կետ-ստորակետներից բացի: Հարց է առաջանում՝ եթե արդեն կար ստեղծված ու գործող կառույցը, որը զգալի աշխատանքներ էր տանում ողջ Օսմանյան կայսրության տարածքում, ապա ո՞րն էր նորի ստեղծման նպատակը… Հարցեր, որ մինչեւ օրս չեն ստացել խորը վերլուծական պատասխաններ: Ցավոք, 100-ամյա իրողությունից էլ հետո չարժանացան քաղաքական վերլուծաբանների ուշադրությանը: Բանախոսը ցույց տվեց 1908թ. Պոլսում երիտթուրքերի հետ ցույցի դուրս եկած ՀՅԴ-ի ու նրա անդամների հայերենով գրված կարգախոսներով պարզած պաստառներով լուսանկարները: «ՀՅԴ-ն եւս իր պատմության հետ առերեսվելու խնդիրն ունի»,- ասաց Ս.Հացպանյանը: Աշխարհը լռելյայն համաձայնությամբ հետեւում էր երիտթուրքերի եղեռնագործությանը, իսկ Պրուսիան ոչ միայն քաջատեղյակ էր, այլեւ ինքն էր հավաքագրում իրականացնողներին: Վերլուծաբանը ցույց տվեց Չանակալայի կռվում աչքի ընկած գերմանական համազգեստով ու թուրքական փափախով պրուսացի գեներալ, ազգությամբ հրեա Օտտո Ֆորսանդեսի լուսանկարը, ով իր կարիերան ապահովելու համար վերցրել էր գերմանուհի կնոջ ազգանունը:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031