Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի անցյալը, ներկան եւ ապագան

Մայիս 25,2015 12:00

Շատերն են հիշում, որ «Բարգավաճ Հայաստան» կոչվող կուսակցության հիմնադրումը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական նախաձեռնությունն էր:
Հետագայում ԲՀԿ-ն բարգավաճելով՝ դարձավ Գագիկ Ծառուկյանի անձնական կուսակցությունը: Չնայած դրան՝ շատերը շարունակում էին այդ կուսակցությունն ու այդ կուսակցության գործունեությունը կապել երկրորդ նախագահի անվան հետ:
Այդուհանդերձ, մի պահ շատերը, այդ թվում նաեւ՝ ՀԱԿ-ն ու անձամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մտածում էին եւ նույնիսկ համոզված էին, որ ԲՀԿ-ն ու անձամբ Գագիկ Ծառուկյանը լիովին ձերբազատվել են Ռոբերտ Քոչարյանի լծից ու ազդեցությունից: Եղավ մի պահ, որ դրան հավատաց նաեւ անձամբ Ծառուկյանը, որն իր կուսակցական կարիերայի գագաթնակետին իրեն ու իր կուսակցությունը հռչակեց ընդդիմություն, ավելի ստույգ՝ ոչ իշխանական: Հենց այդ պահին ձեւավորվեց ոչ իշխանական քառյակը, որն ընդամենը մի քանի օրվա ընթացքում Դաշնակցության շնորհիվ վերածվեց եռյակի:
Շատերի համար ԲՀԿ-ի եւ անձամբ Ծառուկյանի ընդդիմություն դառնալը շատ անսպասելի էր, բայց առավել անսպասելի էր նույն Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու փաստը, որն առայժմ լուրջ վերլուծության չի արժանացել՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ եւ ոչ էլ չեզոք վերլուծաբանների կողմից:

Մի խոսքով՝ ԲՀԿ-ի անցյալը հայտնի է, ներկան՝ դեռեւս անորոշ, ապագան՝ անհայտ: Կուսակցության առաջնորդի կարգավիճակում Ծառուկյանին փոխարինել է Նաիրա Զոհրաբյանը, ով արդեն հայտարարել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է լինել ընդդիմություն: Մեր կարծիքով՝ ԲՀԿ-ն պիտի փորձի նոր-նոր ընդդիմություն դառնալ, որովհետեւ նախկին ԲՀԿ-ն իբրեւ ընդդիմություն՝ չափազանց կարճ կյանք ու կենսագրություն ունեցավ:
Ավելի ճիշտ ասած՝ ԲՀԿ-ն ընդդիմություն լինելուց առաջ նախ պիտի լինի ու գոյություն ունենա առանց իր նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, որի բացակայությունն արդեն տվյալ կուսակցությունում նկատելի առնետավազքի առիթ ու պատճառ է հանդիսացել: Ըստ ամենայնի, սկսված ու շարունակվող առնետավազքն առաջիկայում էլ շարունակություն կունենա, եւ դժվարանում եմ ասել՝ ԲՀԿ-ի համար դա լա՞վ է, թե՞ վատ:
Զուտ քաղաքական ու բարոյական իմաստով իհարկե՝ լավ է, որ նրանք, ովքեր անձամբ Ծառուկյանի խաթեր էին ԲՀԿ մտել, հրաժեշտ են տալիս տվյալ կուսակցությանը:

Կուսակցությունում կմնան նրանք, ովքեր ոչ միայն Ծառուկյանի, այլեւ քաղաքականության հետ են որոշ ու որոշակի կապեր ունեցել: Այսինքն՝ կարող է պատահել, որ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու շնորհիվ ԲՀԿ-ն ինքնամաքրվի:
Բայց ինքնամաքրվելով հանդերձ՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ն հայտնվի ֆինանսական ու կազմակերպչական չափազանց լուրջ դժվարությունների առաջ, ընդ որում՝ մոտ ապագայում, ԱԺ առաջիկա ընտրությունների ժամանակ:

Չար լեզուներն ասում են, որ ԲՀԿ-ն Ծառուկյանի անձնական կուսակցությունն էր, եւ Ծառուկյանի դուրս գալով՝ ԲՀԿ-ն կփոշիանա ու հօդս կցնդի: Ընդ որում, ոչ միայն չար լեզուներն են էդ կարծիքին: Եվ էդ կերպ մտածողներն էդ կերպ մտածելու որոշակի հիմքեր ունեն, որովհետեւ, եթե նույնիսկ ընտրակաշառքի գոյությունն ու հանգամանքն էլ բացառենք, պիտի ընդունենք, որ առանց լուրջ ֆինանսական միջոցների այսօր դժվար է Հայաստանի պառլամենտական ընտրություններում լուրջ հաջողության հասնել:
Դա փաստ է, եւ դրա դեմ անհնար է առարկել: Շատ կցանկանայինք, որ հակառակը լիներ. կցանկանայինք, որ ընտրություններում ֆինանսական միջոցները որեւէ դեր չխաղային: Բայց մեր ցանկանալը շատ քիչ է, եւ մեր ցանկությունն ընդամենը ֆանտաստիկայի ոլորտից է: Այնպես որ՝ եթե ԲՀԿ-ն ֆինանսական առումով իր գլխի ճարը չտեսնի, դժվար թե կրկին խորհրդարանում հայտնվի, եւ դա կնշանակի, որ ԲՀԿ-ն, իբրեւ քաղաքական կուսակցություն, ընդհանրապես գոյություն չի ունեցել, եւ ընդամենը գոյություն է ունեցել Գագիկ Ծառուկյան՝ իր ֆինանսական ռեսուրսներով ու պոտենցիալով:
Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն ու ԲՀԿ: Դա, իհարկե, քիչ հավանական է, եւ եթե Ծառուկյանը վերադառնա էլ, դժվար թե կարողանա վերականգնել իր կորցրած քաղաքական վարկանիշը:

Բայց, բոլոր դեպքերում, ԲՀԿ-ի ապագան ուղղակիորեն կախված է ոչ միայն իր նոր լիդերից, այլեւ հենց Գագիկ Ծառուկյանի կամքից: Ծառուկյանը կցանկանա՞, որ ԲՀԿ-ն իր բացակայությամբ բարգավաճի, թե՞ ոչ: Ֆինանսապես կշարունակի՞ սատարել ԲՀԿ-ին, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա Նաիրա Զոհրաբյանին կհաջողվի՞ ԲՀԿ-ի հետագա գոյության համար ֆինանսական ու կազմակերպչական միջոցներ գտնել:

Կապրենք՝ կտեսնենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031