Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բասն իր երգացանկով ցանկալի հյուր է ՌԴ պետական միջոցառումներին

Մայիս 25,2015 12:30

«Պատերազմական գործողությունները հանգստի պահերին ուղեկցվել են երգերով, որոնցից շատերն այսօր էլ սիրելի մեղեդիներ են: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առիթով կայացած երեկոյի ընթացքում, ինչպես նշեց ՀՀ նախագահը, կարեւոր է, որ մայիսյան եռատոնի առիթով եւ վետերանները, եւ երկրի ղեկավարությունը, եւ հանրությունը միասնաբար ուրախ ու հպարտ լինեն հաղթանակներով: Սերժ Սարգսյանը, անդրադարձ կատարելով պատերազմական տարիների երգերին ու կարեւորելով դրանք, ասաց, որ այդ երգերը մի կողմից կարծես ուղղված են բոլոր ժողովուրդներին, մյուս կողմից՝ յուրաքանչյուր մարդու հետ խոսում են հաղթանակի մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց երիտասարդ բաս Արթուր Աղաջանովը, որը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում (պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարան) եւ հասցրել է ճանաչվել ոչ միայն մեզանում, այլեւ Ռուսաստանում՝ իբրեւ պատերազմական երգերի փայլուն կատարող:

Իսկ թե որտեղի՞ց են երիտասարդին այդքան սրտամոտ, ասենք, հիմնականում ռուս կոմպոզիտորների՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված երգերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմնականում տատս՝ տիկին Ավրորան է ինձ ծանոթացրել այդ երգերի հետ, որի հայրը՝ Սուրեն Ղազարյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եւ ԽՍՀՄ զինված ուժերի վետերան»: Երգիչը հավելեց. «Հասկանում եմ հարցի ենթատեքստը: Հավանաբար կարծում եք, թե այսօր դրանք մոդայի՞կ չեն… Թույլ տվեք չհամաձայնել: Օրինակ, Ռուսաստանում նույնիսկ շատ մոդայիկ են եւ հենց դրանք մեծ դերակատարում ունեն երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում»:

Artur_Agajanov_2

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս հայ երգիչը դեռեւս ուսանելու տարիներից ճանաչված դարձավ Ռուսաստանում, ավելին՝ նա ցանկալի հյուր է պետական միջոցառումներում: Մեր զրուցակիցը փաստեց, որ ճանաչումն ու համերգային հրավերները սկսվել են 2010 թվականից. «Այդ տարի առաջին անգամ Մոսկվայում մասնակցեցի «Ռուսական երգ» 2-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվում է արտերկրյա ռուս հայրենակիցների համար: 2013 եւ 2014թ. ներկայացրի Հայաստանը Վոլգոգրադում, ապա Կուրսկում՝ «Մեծ հաղթանակը ձեռք է բերվել միասնությամբ» ֆորումներում, որոնք ավանդաբար անցկացվում են ՌԴ նախագահի հովանու ներքո: Վերջերս մասնակցեցի նաեւ Հաղթանակի 70-ամյակի առիթով Մոսկվայում կայացած ֆորումին»:

Զրույցի ընթացքում Արթուր Աղաջանովն ասաց, որ մշտապես հրավիրվում է նաեւ մեզանում կայացած զինվորական տարբեր միջոցառումների, հատկապես նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ու ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի անունները:

Դիտարկմանը՝ ընտրել է օպերային երգչի մասնագիտությունը, բայց, փաստորեն, «բռնել» է համերգային կամ էստրադային կատարողի ուղին, Արթուր Աղաջանովը պատասխանեց. «Ստացվում է այդպես: Բայց գոնե այսօր ինձ համար էլ դեռ չեմ կոնկրետացրել: Իսկ նման օրինակներ շատ գիտենք, որ օպերային երգիչները ստեղծագործական գործունեությունը կապել են էստրադային երգի ժանրի հետ, այդ թվում՝ Յուրի Գուլյաեւը, Մուսլիմ Մագոմաեւը, Նիկոլայ Բասկովը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Արթուր Աղաջանովը՝ Միխայիլ Շվիդկոյի,
Վլադիմիր Սպիվակովի հետ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031