ԵՎս մեկ ռազմահայրենասիրական ծրագիր իրականացրեց իր առաքելությունը: Ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպված «ՀՊՏՀ ուսանողները առաջին գծում են» եռօրյա ծրագիրը: Ծրագրի ընթացքում շուրջ 50 ուսանողներ եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջանի զորամասերից մեկում, անմիջականորեն ծանոթացան զորամասի կառուցվածքին, մարտական դիրքերին և առհասարակ ռազմական արվեստին: Սահմանամերձ շրջանում 3 օր անցկացնելով բաց երկնքի տակ` ուսանողները սովորեցին պատրաստել վրաններ, տիրապետել զենքի հետ կապված որոշակի գործողությունների, կողմնորոշվել պատերազմական իրավիճակներում, կազմակերպել ռազմական պատշաճ առօրյա, ինչպես նաև հրաձգարանում մասնակից եղան կրակային պատրաստության պարապմունքներին:
Ծրագրի արդյունքում ուսանողները ձեռք բերեցին մեծ փորձ, անհրաժեշտ նոր գիտելիքներ և հմտություններ և զինվեցին առավել բարձր ռազմահայրենասիրական ոգով: Ռազմական պատրաստություններն ուղեկցվում էին խարույկի շուրջ անցկացվող մշակութային երեկոներով:
Ինչպես նշեց ՀՊՏՀ ուսանողներից Հայկը, ծրագիրը հագեցած էր նաև արկածային իրադարձություններով: Նրա խոսքերով ուսանողների ոգևորությունն ու խանդավառությունն այնքան մեծ էին, որ յուրաքանչյուր պատրաստություն յուրացվում էր բավականին դյուրին:
Ծրագրի հետ կապված ակնկալիքները լիովին արդարացվեցին, քանզի ՀՊՏՀ ուսանողների դրական տրամադրվածությունն ու ոգևորությունը ծառայեցին իրենց նպատակին` փոքրիշատե թեթևացնելով և լցնելով սահմանային դիրքերը պաշտպանող զինվորների ծանր առօրյան:
Ծրագրի ընթացքում, ըստ նախատեսվածի, ուսանողները զինվորներին նվիրեցին ռազմական պարագաներ, ինչպես նաև սնունդ տրամադրեցին մարտական դիրքերը պահող զինվորներին:
Հավելենք, որ ելնելով ծրագրի հետ կապված ուսանողների և զինվորների դրական արձագանքից, տպավորություններից և ծրագրի տված արդյունքներից` այն կկրի շարունակական բնույթ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն