Վերա Օրբելյանի հիշատակին
2015թ. մայիսի 8-ին կյանքից հեռացավ Վերա Վոզնեսենսկայա-Օրբելյանը՝ անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերի մայրը: «Քաղցրիկը» (նրան այդպես էին կոչում ընտանիքի անդամները) 96 տարեկան էր: Ուկրաինայում ծնված Վերան եւ նրա հայազգի ամուսին Հարին (ով կյանքից հեռացավ 2006 թ.) Ամերիկայի՝ թերեւս ամենաուժեղ կողմի փայլուն օրինակներ են. աշխատասեր ներգաղթյալ քաղաքացիները եկել էին ԱՄՆ եւ պայքարում էին՝ իրենց ու իրենց ընտանիքների համար ավելի լավ կյանք ստեղծելու համար: Վերան եւ Հարին հաղթող դուրս եկան Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրային դժոխքից ու Ամերիկա գալով՝ բնակություն հաստատեցին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ էլ ամուսնացան 1952թ.: Ամերիկյան երազանքին հասնելու հաջողված մոդելներ են հանդիսանում այդ ականավոր մասնագետները՝ Վերան՝ Ուկրաինայում պատրաստված գինեկոլոգ-մանկաբարձը, եւ Հարին, ով չնայած համեստ մեկնարկին, վճռականորեն աշխատեց (Վերայով ոգեշնչված)՝ ի վերջո անշարժ գույքի մեծ պորտֆելի տեր դառնալով Սան Ֆրանցիսկոյում: Սակայն զույգի ամենամեծ ձեռքբերումը, ինչպես Վերան է բազմիցս նշել, իրենց ընտանիքն էր:
Ընտանիքում առավել նշանավոր հաջողության պատմությունն առայժմ պատկանում է Կոնստանտինին, ով սկսել է իր երաժշտական կարիերան որպես փայլուն դաշնակահար՝ նախքան 1991թ. Մոսկվայի կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը: Լինելով առաջին ամերիկացին, ով երբեւէ ղեկավարել է ռուսական խոշոր համույթը, նա Մոսկվայի կամերային նվագախմբի հետ շրջագայության մեկնեց ամբողջ Ռուսաստանով եւ աշխարհով մեկ: Նա նաեւ ղեկավարել է Ռուսաստանի այլ առաջատար նվագախմբեր եւ նրանց հետ ունեցել բազմաթիվ ձայնագրություններ ազգային հեռուստատեսություններում:
1998 թ. Դելոս ստուդիա գալուց հետո Կոնստանտինը հեղինակել է քննադատների կողմից ջերմորեն ընդունված մոտ 40 ձայնագրություններ, իսկ բոլորովին վերջերս ստանձնել է Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:: Այդ համույթի հետ նա իր ամենահաջողված ձայնասկավառակներն է ձայնագրել՝ համագործակցելով այնպիսի համաշխարհային օպերային գերաստղերի հետ, ինչպիսիք են բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, բաս Իլդար Աբդրազակովը եւ տենոր Լորենս Բրոունլին՝ ի թիվս շատ ուրիշների: Բրոունլիի ձայնագրությունը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության անվանակարգում: Նույն ձայնագրությունը եւ նրա՝ Աբդրազակովի հետ համատեղ ձայնասկավառակը հետագայում եւս առաջադրվել է բարձրագույն մրցանակների 2014 թ. Միջազգային դասական երաժշտական մրցանակաբաշխության (International Classical Music Awards, ICMA) ժամանակ: Եկեք այժմ քննենք Վերայի թողած կարեւոր ժառանգությունը, որ նա կիսում էր իր ամուսնու՝ Հարիի հետ, ու որն ավելի խորն է, քան մարդկանց մեծ մասը գիտակցում է: Ես սիրում եմ սահմանել այդ ժառանգությունը «մշակութային եւ երաժշտական հոգի» եզրով, քանի որ Կոնստանտինի հոգին ընդգրկում է բազմաթիվ եւ զարմանալիորեն բազմազան խաչաձեւ մշակութային ասպեկտներ:
Լինելով հպարտ ամերիկացիներ՝ Կոնստանտինը եւ նրա եղբայրներն ու քույրերը (հիմնականում Վերայի հաստատակամության շնորհիվ) դաստիարակվել են բազմամշակութային ու բազմալեզու ընտանիքում: Վերան Ուկրաինայի (Խարկով) այն հատվածից է, որտեղ նրա հայրենի երկրի ու Ռուսաստանի ազգային մշակույթներն ու լեզուները միախառնված են: Եվ երկու՝ ռուս եւ հայ գաղթյալ համայնքներով շրջապատված՝ Հարին եւ Վերան հոգացին, որ իրենց երեխաները հանգամանորեն ծանոթանան իրենց նախնիների մշակույթներին եւ ավանդույթներին: Կոնստանտինն ամենաշատը օգուտ քաղեց միջազգային հեռանկարներից եւ մշակույթների խաչաձեւումից, ինչը հնարավոր էր միայն նման դաստիարակության դեպքում: Վերայի ջանքերի շնորհիվ նրա՝ համարյա կատարյալ ռուսերենը հնարավորություն տվեց նրան իր տեղը գտնել Մոսկվայի կամերային նվագախմբում եւ աշխատել ռուսական մշակութային հաստատությունների հետ ողջ Ռուսաստանում ու աշխարհի այլ երկրներում: Հնարավոր է, որ իր ամենանվիրական նպատակը եղել է համընդհանուր մարդկային լեզվի՝ մեծ երաժշտության միջոցով ռուս ժողովրդի եւ մշակույթի դրական կողմերը ամերիկացիներին բացահայտելը եւ հակառակը: Կոնստանտինի համոզմունքը, որ արվեստը (հատկապես երաժշտությունը) միջազգային քաղաքական տարաձայնությունները ու լարվածությունը հաղթահարելու զորություն ունի, բազմիցս ապացուցվել է. այդ են վկայում նրան շնորհված բազմաթիվ հեղինակավոր պարգեւները եւ մրցանակները (որոնք չափազանց շատ են՝ այստեղ թվարկելու համար), հիմնականում Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների կողմից՝ ի նշան մարդկանց եւ ազգերին երաժշտության միջոցով միավորելու նրա առաքելության գնահատման: Այդ պարգեւներից շատերը երբեւէ ամերիկացիներին չէին շնորհվել (տես Կոնստանտինի կենսագրությունն այստեղ): Կոնստանտինը, անշուշտ, խոստովանել է իր անձի «Ռուսական հոգու» կողմը, երբ ձոնել է իր նույնանուն հիթային ալբոմն իրեն ոգեշնչած մարդուն. «Նվիրում եմ մայրիկիս՝ Վերա Վոզնեսենսկայա- Օրբելյանին, ով ինձ տվել է հսկայական սեր, հարմարավետություն, երջանկություն, ուժ ու իր գեղեցիկ ռուսական հոգու միջոցով ցույց տվել կյանքը»: Կոնստանտինը եւ նրա երկարամյա գործընկեր, միջազգային օպերային գերաստղ Դմիտրի Խվորոստովսկին ծնողներին են ձոնել իրենց վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Սպասիր ինձ» վերնագրով: Ռուսական պատերազմական դասական երգերի այս հզոր զգացմունքային ձայնագրությունը գերազանց երաժշտության համընդհանուր հմայքի օրինակ է, որը պատմում է պատերազմական ժամանակ ծառայած աշխարհի ցանկացած զինվորի ամենախորը հոգեկան ապրումների մասին: Անվերապահ սիրուց առավել ի՞նչ նվեր կարող է մայրը տալ իր երեխային: Եվ երեխայից առավել ի՞նչ ժառանգություն կարող է ցանկացած մայր թողնել աշխարհին: Անձամբ չեմ ճանաչել Վերային. շատ կցանկանայի ճանաչել:
Նրա հետ կապված պատմությունները դեռ երկար կպատմվեն նրա հարազատների կողմից: Սակայն հույս ունեմ, որ նրա կյանքի մասին այս ակնարկը երաժշտասեր հասարակությանը՝ մեր նվիրական ընթերցողներին որոշակի պատկերացում կտա, թե ինչ էր այս նշանավոր կնոջ կյանքը նշանակում բոլոր երաժշտասերների համար, անկախ նրանից, գիտակցում են նրանք դա, թե ոչ: Հիրավի, Վերան ապրեց լավ եւ գեղեցիկ կյանք:
ԼԻՆԴՍԻ ՔՈՒԲ
Լուսանկարում` Վերան 1946թ.
Աղբյուրը` https://delosmusic.com/in-memoriam-vera-orbelian/
«Առավոտ» օրաթերթ
23.05.2015