Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիաֆրենիա»՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի բնորոշումն՝ ըստ հայտնի լրագրողի

Մայիս 24,2015 23:30

«Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանի մեդիա-դաշտում, չի կարելի կոչել քարոզչություն, տեղեկատվական պատերազմ, դրան որեւէ դասական անուն տալ հնարավոր չի: Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, ես կոչում եմ «մեդիաֆրենիա»: Մեդիաֆրենիան սեփական երկրի քաղաքացիների գլուխներում համակարգված կերպով քաոս մտցնելն է, հակատրամաբանության պաշտամունքը, քաղաքացիների «ցավի զգացողության» շեմի ցածրացումը: Պետության եւ նրա գործառույթների արդյունքում ի հայտ եկած մեդիաֆրենիան, այդուհանդերձ, ինքնավարության բավականին բարձր մակարդակ ունի եւ երկրի քաղաքականության վրա հակառակ ազդեցություն է թողնում»,- ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս, Պետդումայի նախկին պատգամավոր («Յաբլոկո» խմբակցություն), Ռուսաստանի ժուռնալիստների միության նախկին գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն  այսպես բնութագրեց իր երկրում մամուլի ազատության վիճակը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 18-22-ը կայացած «Լրագրության որակը թվային դարաշրջանում» թեմայով կոնֆերանսի ժամանակ:

скачанные файлы

«Ուկրաինայի հետ պատերազմը սկսվեց հեռուստատեսությամբ, ապա նոր տեղափոխվեց իրականություն: Հեռուստատեսությամբ ցուցադրում են Ուկրաինայում «խաչի հանված» երեխաների, մարդիկ անչափելի հոգեբանական վնասվածք են ստանում, շոկ են ապրում, եւ հետո որքան էլ ապացուցվի, որ ոչ մի խաչված երեխա չի էլ եղել, դա արդեն նշանակություն չունի՝ հասարակությունը արդեն կոտրված է, ջարդված է այդ հարվածներից: Ահա թե ինչ է անում սեփական հասարակության, սեփական քաղաքացիների հետ պուտինյան մեդիաֆրենիան»,-ներկայացրեց Յակովենկոն:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանում վերացել է փորձագետների դաշտը. բոլոր այն մարդիկ, ում ընդունում եւ հարգում են սեփական մասնագիտական շրջանակներում, դուրս են մղվել ասպարեզից, եւ փորձագետներին եւ հասարակական կարծիքի առաջնորդներին հիմա «նշանակում են» ուղիղ եթերում: Պուտինին հաճո մարդիկ, չունենալով որեւէ արժանիք, եւ ընդունված չլինելով մասնագիտական շրջանակներում, հեռուստատեսային դեմքեր են դառնում եւ օժտվում են «փորձագետի» համբավով: Նա հիշեց, որ անգամ սովետական շրջանում գիտությունների ակադեմիան այնքան համարձակություն ուներ, որ կարողացավ մերժել Կոմկուսի ղեկավարներին եւ ակադեմիկոս Սախարովին չհեռացնել ԳԱԱ-ից: Այնինչ հիմա Ռուսաստանի ԳԱԱ հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի նախկին տնօրեն Յուրի Պիվովարովի դեմ սկսված հալածանքները որեւէ դիմադրության չեն հանդիպում հասարակական եւ մասնագիտական շրջանակներում: «Պիվավարովին կնստացնեն, իսկ ակադեմիայի ղեկավարությունը ծպտուն էլ չի հանում»,-ասաց Յակովենկոն:скачанные файлы

Իգոր Յակովենկոն հետաքրքիր ձեւակերպում էր տվել պուտինյան բռնապետությանը. «Դասական ամբողջատիրության (տոտալիտարիզմի) ժամանակ ստով քողարկում են բռնությունները: Պուտինյան ամբողջատիրությունը ճիշտ հակառակն է՝ բռնությամբ քողարկում են համատարած սուտը: Ստի եւ բռնության տեսակարար կշռի հարաբերակցությունը սկզբունքորեն փոխվել է՝ բռնությունները տեղային բնույթ են կրում, սուտը՝ համատարած»: Նրա գնահատմամբ՝ ի տարբերություն 20-րդ դարի բոլոր չորս ամբողջատիրական ռեժիմների՝ Մուսոլինիի իտալական ֆաշիզմի, Հիտլերի գերմանական նացիզմի, Ստալինի սովետական կոմունիզմի եւ Հոմեյնիի ու «մուսուլման եղբայրների» իսլամիզմի, պուտինյան ռեժիմը չունի արյուն եւ մարմին ստացած, ձեւակերպված ամբողջատիրական գաղափարախոսություն, այն ընթանում է, կարծես, առանց համակարգման: Մեր հարցին՝ արդյո՞ք կայսերապաշտական նկրտումները, «Վելիկոռուսիայի» սահմանները լայնացնելուն ուղղված գործողությունները հենց այդ ամբողջատիրական ռեժիմի գաղափարախոսական հիմքը չեն, Յակովենկոն պատասխանեց, որ դա գաղափարախոսություն չէ, դրանց հիմքում որեւէ գիրք-գրականություն չկա, ինչպես, ասենք, «Ղուրանը»՝ իսլամիզմի, «Մայն կապֆը» («Իմ պայքարը»)՝ նացիզմի, «Կապիտալը»՝ կոմունիզմի եւ այլն, կա ուղղակի ձգտում դեպի Մեծ Ռուսիա: Ինչ վերաբերում է անընդհատ հնչող տեսակետին, թե Պուտինը «խելքը գցել է», Յակովենկոն դրա հետ համաձայն չէր. «Համենայն դեպս, մինչ այսօր ոչ ոք չի տեսել, որ այդ մարդը պատառաքաղը մտցնի սեփական ականջը կամ օճառ ուտի: Ոչ, նա խելագար չէ, նա զգում է, որ իրեն Հաագան է սպասվում, բայց շարունակում է անել այն, ինչ անում է… Դա մեծ ողբերգություն է: Այս ամենից 3-րդ համաշխարհայինի հոտ եմ առնում: Դա կլինի վերջը»:

Հրապարակախոսը նաեւ մեդիաֆրենիայի դեմ պայքարի ճանապարհներն էր ցույց տալիս: Դրանք են՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում արգելափակել ատելություն եւ պատերազմ սերմանող ռուսական հեռուստաալիքները, քանի որ դրանց արտադրանքը ազդում է նաեւ այդ երկրների ռուսալեզու բնակչության վրա: Ռուսալեզու աշխարհի համար ստեղծել հզոր տեղեկատվական այլընտրանք, որը ցույց կտա, թե ինչ է կատարվում իրականում Ռուսաստանում: Եվ վերջապես՝ ստեղծել միջազգային հասարակական տրիբունալ՝ մեդիայի միջոցով պատերազմի կազմակերպման եւ ատելության սանձազերծման փաստերով: Այս երեք գործողությունները, ըստ Յակովենկոյի, կկարողանան կանգնեցնել Ռուսաստանում տիրող մեդիաֆրենիան:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ալմաթի-Երեւան

Հ.Գ.- Իգոր Յակովենկոյի հետ «Առավոտի» հարցազրույցը կարող եք կարդալ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031