Ժ․17-ին Մոսկվայում ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի նախարարի մոտ խորհրդակցության էր։ Հերթական անգամ նախարարության փոխանցիկ դրոշն ու դրամական պարգևատրումը կրկին տրվեց նույն ձեռնարկությանը։ Նախարարը եզրափակիչ խոսքում մխիթարեց մնացած տնօրեններին․
– Դուք բոլորդ էլ լավ եք աշխատել։
Հաղթանակած տնօրենը Հայաստան վերադառնալու համար նախընտրեց Մոսկվա-Թբիլիսի երթուղին։ Թբիլիսիի օդանավակայանում ծառայողական մեքենան արդեն նրան էր սպասում։ Ալավերդի հասնելով միանգամից տուն չգնաց։ Չնայած հոգնածությանը և ուշ ժամին, նա սովորության համաձայն՝ ինչպես միշտ էր դա անում գործուղումներից վերադառնալուց հետո, կոմբինատի արտադրամասերում ստուգայց կատարեց, ծանոթացավ իրավիճակին։ Գիշերվա ժամը 02-ն էր, որ տուն մտավ։
Չնայած որ անցումը նոր տեխնոլոգիական սխեմային երկու ամիս առաջ էր ավարտվել, բայց շահագործման ընթացքում համակարգում դեռ վերջը չերևացող կարգավորման աշխատանքներ էին կատարվում։ Մեկ ամիս առաջ նա վճռական որոշում կայացրեց․ բոլոր այն դեպքերում, երբ նախարարության հաստատած նախագծից շեղման անհրաժեշտության լինի ի շահ աշխատանքի անխափան կատարման՝ կատարել։ Գործը տեղից շարժվեց։
Կարդացեք նաև
Տնօրենը արթնացավ հեռախոսի զանգից։ Հերթապահ կարգավարն էր զանգողը, ժամացույցին նայեց՝ ժամը 05-ն էր․
– Եռացող շերտով վառարանի տեղամասում քիչ առաջ լարման տատանման հետևանքով ավտոմատ կառավարման համակարգը անսարքացավ։ Հերթափոխի պետն ու օպերատորը կառավարումն իրականացնում են ձեռքի ռեժիմով։ Գլխավոր ճարտարագետն արդեն տեղում է։ Տնից կանչել եմ նաև արտադրամասի պետին ու տեղակալին, տեղամասի պետին, գլխավոր էներգետիկին։ Հերթապահ մեքենան ուղարկել եմ էլեկտրափականագործների բրիգադին բերելու։
– Լարումը կարգավորվա՞ծ է։
– Ճիշտ այդպես, գլխավոր էներգետիկը հավաստիացնում է, որ վթարի պատճառը գտել են, չի կրկնվի։
– Լավ։
Հագնվեց, դուրս եկավ տնից։ Շենքի մուտքի մոտ ծառայողական մեքենան արդեն նրան էր սպասում։ Փորձառու կարգավարն ինչպես միշտ նախօրոք ամեն ինչ կանխատեսել էր։
Երբ տնօրենը ներս մտավ, ղեկավարման վահանակի մոտ կանգնած արտադրամասի պետը հերթափոխի պետին ««շարունակեք աշխատել նույն պարամետրերով«« կարգադրությունը կատարելուց հետո մոտեցավ նրան։
– Զեկուցիր իրավիճակը։
– Ավտոմատիկայի անսարքությունը հասկացել են վառարանի ջերմաստիճանի նորմայից բարձրանալու ժամանակ․ այն կարգավորելու համար սկզբից ավելացրել են տրվող հումքի քանակը, ընկել է վառարանի ճնշումը, ճնշման կարգավորման համար ավելացվել է տրվող օդի քանակը։ Տատանումը կրկնվել է։ Այդ պահին հերթապահ էլեկտրիկը նկատել է լարման տատանումը, իսկ քիչ անց ավտոմատ համակարգը շարքից դուրս է եկել։ Հերթափոխի պետն անցնելով համակարգի ձեռքով կառավարմանն, այդ մասին անմիջապես տեղեկացրել է հերթապահ կարգավարին։ Ներկա պահին վառարանը աշխատեցվում է ճշտված, ձեռքով կարգավորվող աշխատանքային ռեժիմով, մինչև էլեկտրոփականագործներն ավտոմատ կառավարման համակարգը կգործարկեն։
– Աշխատակիցների քանակի ավելացման կարիք կա՞։
– Ոչ, կառավարման վահանակի հետին մասի աշխատանքային տարածքը փոքր է, միաժամանակ երեք հոգուց ավելի աշխատակից չեն կարող աշխատել։ Կատարվող աշխատանքներն ««Ավտոմատիկա և հսկիչ-չափիչ սարքեր«« արտադրամասի պետի և տեղամասի վարպետի վերահսկողության տակ են, ընթացքն ինձ անընդհատ զեկուցում են։
– Լավ, այս ընթացքում կառավարման վահանակի մոտ արտադրական գործընթացի սահուն վարման համար ապահովի առնվազն երկու աշխատակցի մշտական ներկայություն, իսկ արտադրամասի մնացած տեղամասերի աշխատանքային վիճակի հսկողությունն կատարիր այստեղից՝ հեռախոսով։ Ես կլինեմ իմ մոտ, կատարվող գործընթացների ընթացքի մասին հեռախոսային կապով ժամը մեկ ինձ զեկուցիր։
Ժ․07-ն էր, որ տնօրենը մտավ աշխատասենյակ։ Զգաց, որ հոգնած է։ Սառնարանից կոնյակ հանեց, մի բաժակ խմեց։ Դատարկ շիշը աշխատասեղանին մոռանալով մտավ հետին մասում գտնվող հանգստի սենյակը։ Պառկեց բազմոցին։ Արթնացավ աշխատասենյակից եկող խոսակցության ձայնից։ Կիսաբաց դռնից նկատեց հեռախոսները ստուգող կապի մասնագետին։ Աշխատելուն զուգահեռ նա փնթփնթում էր ինչ-որ մեկի հասցեին։ Մոտեցավ կիսաբաց դռանը։ Չէ, մենակ էր ու ինքն իր հետ էր քննարկում կատարում․
– Այս ի՞նչ մարդ է, լրիվ խմել է, գոնե մի բաժակ էլ մեզ չի թողել, – փաստորեն խմիչքի սիրահարը նրան էր քննադատում։
Դուռը բացեց, մտավ աշխատասենյակ։
– Դե եթե խմել ես ուզում, հիմա կբավարարեմ։ Արի այստեղ։
Հանկարծակի եկած աշխատակիցը լուռ մոտեցավ, փորձեց արդարանալ։
– Առանց խոսքերի, – հաղթանդամ տնօրենը ձեռքերը պարզեց, բռնեց փոքրամարմին ենթակայի թևերի տակից, բարձրացրեց, դրեց 1,5մ բարձրությամբ սառնարանի վրա, սառնարանից հանեց 0,5լ տարողությամբ կոնյակի շիշը, բացեց այն ու տվեց նրան․
– Խմել ես ուզում, խմիր, բայց լրիվ։
Մի քանի րոպե լուռ իրար նայեցին։ Աշխատակիցն ալկոհոլիկ չէր և տնօրենը դա լավ գիտեր։ Բոլորը գիտեին, որ նա աշխատանքային օրվա ընթացքում 1-2 բաժակ օղի էր խմում այսպես ասած ինքնազգացողության լավացման պատրվակով, բայց իրեն վստահված գործը միշտ կատարում էր որակով ու ժամանակին։ Այդ պատճառով էլ նրան բացառության կարգով դա ներվում էր։
Տնօրենի հայացքից ենթական հասկացավ, որ կատարվածը կատակ չէ, իսկ երկու կողմերի ֆիզիկական տվյալների համադրումը միանշանակ իր օգտին չէ։ Պարզ էր, որ իր համար իրավիճակի դրական հանգուցալուծումը, այն է՝ սառնարանային բարձունքից իջնելը, կարող էր ավարտվել միայն կոնյակի շշի հետ գոտեմարտը շահելով։ Ելք չկար, կապի վաստակաշատ մասնագետը ստիպված մարտահրավերն ընդունեց․
– Բաժակ։
Տնօրենը մատուցեց թեյի բաժակը։ Սառնարանային բարձունքին գտնվող խմիչքի բազմամյա փորձառու մասնագետը կոնյակը զգուշորեն լցրեց դեպի իրեն պարզած բաժակի մեջ, վերցրեց այն, մի ակնթարթ հայացքը գցեց սպասողական հայացքով իրեն նայող տնօրենին, հետո նայեց դեպի վեր՝ առաստաղին, խորը շունչ քաշեց, թափով արտաշնչեց ու դատարկեց բաժակը։ Նորից մի քանի րոպե լուռ իրար նայեցին։ Սառնարանին բազմածը հասկացավ, որ շահել է առաջին խաղակեսը, բայց խաղը վերջնական շահելու համար պարտադիր էր շահել նաև երկրորդ խաղակեսը։ Շշում մնացած խմիչքը լրիվ դատարկեց բաժակի մեջ, դատարկ շիշը պարզեց իրեն զարմացական հայացքով նայող տնօրենին, առաջին խաղակեսի նման՝ ասես նոր էր մտել խաղի մեջ, կրկին մի ակնթարթ հայացքը գցեց առաստաղին, խորը շունչ քաշեց, թափով արտաշնչեց ու դատարկեց բաժակը։ Ձեռքը մոտեցրեց բերանին, շունչը տեղը բերեց։ Խաղը միանշանակ ավարտվեց իր օգտին։ Նորից մի քանի րոպե լուռ իրար նայեցին։ Պարտված կողմը ձեռքերը պարզեց, բռնեց հաղթողի թևերի տակից, թեթևորեն իջեցրեց սառնարանի վրայից ու կարգադրեց․
– Ղեկավարիդ իմ կողմից փոխանցիր, որ այսօր քեզ աշխատանքային հանձնարարություն չտա։
Օրորվելով դուրս եկած խմիչքի մեծն մասնագետից անմիջապես հետո ներս խուժեց գլխավոր ճարտարագետը։ Կապի մասնագետը խմեց, գլխավոր ճարտարագետը կարմրե՞ց։
– Խայտառակություն, – գլխավոր ճարտարագետը կատաղության գագաթնակետում էր, – պատկերացնու՞մ եք, երեկ օրվա վերջին էլեկտրափականագործը մտնում է տեխնիկական բաժին, աշխատանքային գծագրի միակ օրինակը խնդրում տեղում նայելու համար, հանում է լուցկին, բաժնի աշխատակիցների ներկայությամբ այն այրում և առանց որևէ բացատրություն տալու՝ հեռանում։
– Լավ, հանգստացիր, կպարզենք։ Դու գնա, քարտուղարուհուն էլ ասա, որ այդ էլեկտրափականագործին կանչի իմ մոտ։
Քիչ հետո ներս մտավ օգնական-քարտուղարուհին․
– Ձեր պահանջած աշխատակիցը այս պահին մասնակցում է ավտոմատ կառավարման համակարգի վերանորոգմանը, անմիջապես կներկայանա այն գործարկելուց հետո։ Այնտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, սա էլ իր անձնական գործն է։
Աղմկարարի հայրը աշխատում է ավագ հալորդ, իսկ ինքը բանակում ծառայել է, այն էլ հատուկ նշանակության ջոկատում։ Եթե նրան էլ են կանչել տնից ավտոմատ համակարգի վերանորոգման գործով, ուրեմն լավ մասնագետ է։ Չէ, այստեղ մի բան այնպես չէ։
– Կարելի է՞ – մարզիկի կազմվածքով երիտասարդը սպասողական նրան էր նայում։
– Մոտեցիր, նստիր, երկար ենք զրուցելու։
Փաստորեն երիտասարդը նորարարության առաջարկ է կատարել, որը փաստացի մեկ ամսից ավելի արդեն կիրառվում էր ավտոմատ կառավարման համակարգում։ Հաշվարկվել է տնտեսական օգուտը, այն կազմել է 2300 ռուբլի։ Կազմվել է գործի հետ կապ չունեցողների ցուցակ ու գումարը բաշխվել, այսպես ասած փոշիացրել են։ Հեղինակին տրվել է ամենափոքր չափաբաժինը։ Դե նա էլ պաշտպանման ձև է գտել։ Երիտասարդը հիշեցրեց, որ նորարարության վճարման ցուցակը կազմվել է առանց իր ղեկավարի՝ ««Ավտոմատիկա և հսկիչ-չափիչ սարքեր«« արտադրամասի պետի գիտության, քանի որ նա եղել է արձակուրդում։
Տնօրենը պարզաբանեց․
– Պարգևատրման հրամանը տրվել է Մոսկվայում իմ եղած ժամանակ։ Փաստորեն մեր որոշ աշխատակիցներ գլխավոր ճարտարագետի վստահությունը չարաշահել են։ Հրամանը չեմ փոխի գլխավոր ճարտարագետին չնեղացնելու համար, բայց քո պահով կլինի այլ, բայց արդար որոշում։ Ժ․17-ին կգաս ինձ մոտ։ Այդ ժամանակ գանձապահը նորարարության համար վճարման ցուցակը կբերի իմ աշխատասենյակ։ Ցուցակում եղած աշխատակիցները կգան և կստորագրեն, իսկ գումարն ամբողջությամբ կստանաս դու։
– Մի խնդրանք ունեմ։
– Լսում եմ։
– Իմ նախկին աշխատանքային ընկերը վեց տարի առաջ գործարանից տրվող կրթաթոշակի ստացման իրավունքով գործուղվել էր սովորելու Երևանի Ճարտարագիտական համալսարան։ Իր դիպլոմի պաշտպանությունն է, կարող ե՞մ վաղը բացակայել, կուզեի այդ պաշտպանությանը ներկա գտնվել։
– Վաղը առավոտյան ժ․10-ին ես որպես պետական քննական հանձնաժողովի նախագահ պետք է լինեմ Երևանի Ճարտարագիտական համալսարանում։ Եթե ուզում ես, արի ինձ հետ։ Առավոտյան ուղիղ ժ․06-ին շարժվում ենք, ուշացար չեմ սպասի, իմ ժամանակը սահմանափակ է։ Տեսնենք ինչպես է իրեն դրսևորում կոմբինատի մեր ուսանող – քո ընկերը։
Գագիկ Շոլինյան