Այսօր կայացավ սիրողական բոուլինգի «Play City»-ի գավաթի խաղարկության մեծ եզրափակիչը, որի նախնական փուլում հանդես են եկել վերջին շրջանում հանրապետությունում աշխուժանալու միտումներ ցուցադրող այս մարզաձեւի 25 սիրահարներ: Որակավորման փուլերում վաստակած միավորների հանրագումարով 14 լավագույններն այսօր չորս փուլերով որոշեցին հաղթողին եւ մրցանակակիրներին:
Եզրափակիչ մտնող չորս բոուլերների մեջ էր նաեւ «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը, որը համառ պայքարում զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Հաղթող դարձավ Արսեն Գրիգորյանը: Նրան շնորհվեց գավաթ, ոսկե մեդալ, պատվոգիր եւ «Փլեյ Սիթիի» ծառայություններից օգտվելու 60 հազար դրամի նվեր քարտ:
Երկրորդ տեղն զբաղեցրած Լեւոն Ղարիբյանն արժանացավ արծաթե մեդալի, պատվոգրի եւ 35 հազար դրամ նվեր քարտի, երրորդ տեղին շնորհվեց բրոնզե մեդալ, պատվոգիր եւ 25 հազար դրամի նվեր քարտ, իսկ չորրորդ մրցանակակիր դարձած Հովհաննես Շարամբեյանին՝ պատվոգիր եւ 10 հազար դրամի նվեր քարտ: Կազմակերպիչները 10 հազար դրամի նվեր քարտ հանձնեցին նաեւ «Մեդիա» թիմի անդամ Անուշ Աղաբաբյանին, որը մրցաշարի ամբողջ ընթացքում կատարում էր մրցավարի պարտականությունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև