Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին այսօր հրաժարվեց խոսել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից չեզոքացնելու իշխանությունների քայլից:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որակումները Գագիկ Ծառուկյանի հասցեին ու նրա նկատմամբ իշխանությունների ճնշումները վկայո՞ւմ են Հայաստանի՝ ժողովրդավար պետություն լինելու մասին, դեսպանն ասաց. «Այն, որ Հայաստանում հնարավոր է ազատ կարծիք հայտնել ու բողոքի ակցիաներ անցկացնել, ապացույց է, որ ժողովրդավարության տարրեր Հայաստանում գոյություն ունեն: Լիովին ժողովրդավարությունը կատարյալ վիճակ է, դրա համար կողմ ենք ու ողջունում ենք ՀՀ համագործակցությունը ԵՄ հետ, որտեղ գործում են որոշակի ստանդարտներ ու սկզբունքներ եւ գոյություն ունեն նաեւ վերահսկողության լծակներ, որով կարող ենք հետեւել, թե այս կամ այն պետությունը բավարարո՞ւմ է այդ պահանջներին, թե՞՝ ոչ»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից չեզոքացնելու հարցին, դեսպանն ասաց. «Ինձ դժվարին կացության մեջ եք դնում, դեսպանն այն մարդը չէ, որ հանրային գնահատականներ պետք է տա: Մեր խնդիրն ու առաքելությունն այն է, որ ընդհակառակը կամուրջներ կառուցենք, ոչ թե գնահատականներ տանք: Իհարկե, այդ գործընթացներից դուրս գտնվող անձանց գիտելիքը կամ տեղեկատվության մակարդակն ավելի քիչ է, քան այն մարդկանց, որոնք ուղղակիորեն ներգրավված են այդ միջոցառումներում ու ուղղակիորեն քաղաքական որոշումներ են կայացնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև