Այսօր՝ մայիսի 23-ին, Մարզահամերգային համալիրում վերջապես կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը, որ կազմակերպել էր «Ֆորպորստ» ընկերությունը: Այն հետաձգվել էր երգչուհու առողջական խնդիրների պատճառով: Այսօրվա համերգին ռուսական շոու բիզնեսի կայսրուհին կատարեց ինչպես հին՝ հայտնի երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Նա շեշտեց, որ շոու բիզնես են եկել նոր տաղանդավոր ուժեր, որոնց հետ հաճելի է աշխատելը: Համերգն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում: Ալեգրովան էլ անկեղծացել էր, ամեն ստեղծագործություն կատարելիս խոսում էր իր մասին, փոքրիկ հուշեր պատմում, իսկ ամեն երգի ավարտին հանդիսատեսին ասում ՝ բրավո ձեզ:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը նրան հանձնեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալ՝ մշակույթում ունեցած ավանդի եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար: Ալեգրովան ասաց, որ հպարտ է լինել պապերի երկրում: Վերջում նա կատարեց մի երգ, որը յուրատեսակ տեքստային պոպուրի էր՝ կառուցված բոլոր երգերից վերցրած արտահայտություններով: Իրինա Ալեգրովան խոստովանեց, որ մի փոքր շտապել է հրաժեշտի համերգաշար հայտարարելու որոշում ընդունելով՝ իր բազմաթիվ երկրպագուները դեռ սպասելիքներ ունեն իրենից: Համերգին ներկա էր նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Համերգին չթույլատրեցին լուսանկարել եւ տեսանկարահանել: Իրինա Ալեգրովան հատուկ հայտարարեց, որ չի սիրում, երբ իրեն դիմացից նկարում են, ասելով, որ սիրում է հանդիսատեսին, բայց պնդում է՝ հարգել իր խնդրանքը: Նա անձամբ մի քանիսի ձեռքից վերցրեց հեռախոսներն ու պլանշետները:
Կարդացեք նաև