«Ոչ թալանին» նախաձեռնությունը մայիսի 23-ին Երեւանի վարչական շրջաններում իրազեկման ավտոերթ էր կազմակերպել: Երթը նախատեսված էր ավարտել Նոր Նորքում, սակայն անձրեւի պատճառով նախաձեռնության անդամներն այն ավարտեցին Արաբկիր վարչական շրջանում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին իրազեկում էին իրենց՝ մայիսի 27-ին Ազատության հրապարակում նախատեսված մեծ հավաք-երթի մասին:
«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը ավտոերթի ավարտից հետո ասաց, որ կարծում է՝ այն հաջողվել է. «Այն իրազեկման առումով բավականին բան տվեց, եթե չհաշվենք եղանակային պայմանները. շատ ուժեղ անձրեւ տեղաց, ինչը խանգարեց մեր երթուղու շարունակմանը, նաեւ բնակիչներն էին ավելի սակավաթիվ: Բայց ամեն դեպքում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մենք ականատես եղանք բնակիչների արձագանքին. պատուհաններից դուրս էին նայում, շատերն անգամ ձեռքով էին անում, այնտեղ մեզ քաղցրավենիք հյուրասիրեցին, այս կարգի ընդունելություն եղավ: Այսինքն` ևս մեկ անգամ գոնե ես ինձ համար համոզվեցի, որ մարդիկ խնդիրը կարեւորում են, եւ իրենց համար ողջունելի է, որ այս խնդիրը բարձրացվել է եւ շարժում է ստեղծվում: Ամփոփելով այսօրվա երթը՝ կասեմ, որ բավականին ստացված ավտոերթ էր»:
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ ի նկատի ունենալով անցած տարվա փորձը այս անգամ ամեն ինչ ավելի կազմակերպված է եւ մանրամասն մշակվում է. «Ըստ դրա էլ՝ համոզված ենք, որ մեր քայլերն ավելի ճիշտ են լինելու եւ ավելի շատ մարդիկ են ներգրավվելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև