Ռիգայում մայիսի 21-ից 22-ը կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքները արեւմտյան վերլուծաբանների մոտ մի շարք հարցեր են առաջացրել: Ռուսական «РИА» գործակալությունը ներկայացրել է այդ առնչությամբ արեւմտյան մամուլի հրապարակումները:
«Tagesschau»-ի վերլուծաբան Մարկուս Սամբալի կարծիքով՝ ԵՄ-ն այս պահին բացի «խոսակցություններից» ոչինչ չի կարող առաջարկել իր արեւելյան գործընկերներին: Արեւմուտքը չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունները սրել: Սամբալը կարծում է, որ գագաթաժողովը էական առաջընթաց չի գրանցել:
«Die Zeit» թերթի վերլուծաբան Մատիաս Կռուպը դժգոհ է, որ ուկրաինական ճգնաժամին եւ Ղրիմի «բռնակցմանը» գագաթաժողովին շատ ուշադրություն չեն դարձրել: Ռիգայում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ԵՄ անդամները կցանկանային մոռանալ վերջին մի քանի ամիսները եւ շարունակել գործել այնպես, կարծես ուկրաինական ճգնաժամը երբեք չի էլ եղել:
«Spiegel» ամսագիրը ուշադրություն է դարձրել Բրիտանիայի վարչպետ Դեվիդ Քեմերոնին: Նա ժամանել է սեփական օրակարգով եւ առաջարկել է բարեփոխումները քննարկել ԵՄ-ի ներսում: Սակայն այլ երկրներից նրա գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել այդ առաջարկի առնչությամբ: «Քեմերոնը եկավ, տեսավ, աղմկեց»,- հեգնել է հոդվածի հեղինակը:
Կարդացեք նաև
Շվեցարական «Neue Zürcher Zeitung» պարբերականը գրել է այն մասին, որ ԵՄ-ի ղեկավարները գագաթնաժողովին գիտակցաբար ցանկանում էին Ռուսաստանի դեմ սադրանքից խուսափել: Դրա հետ կապված «Արեւելյան գործընկերության» հետ կապված ռազմավարությունը այդպես էլ անհասկանալի մնաց: Շվեցարական պարբերականի կարծիքով՝ վախենում էին իրենց հայտարարությունները վտանգի տակ դնել մինսկի պայմանավորվածությունները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ