Հայտնի են հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին խաղերում Հայաստանը ներկայացնող ըմբիշների անունները: Հունահռոմեական ոճում հարեւան երկրում մրցագորգ մտնելու են Ռոման Ամոյանը՝ 59 կգ քաշային կարգ, Միհրան Հարությունյանը՝ 66, Կարապետ Չալյանը՝ 75 եւ Մաքսիմ Մանուկյանը՝ 85, իսկ ազատ ոճում հանդես կգան. 57 կգ քաշային կարգ Գարիկ Բարսեղյան, 61՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65՝ Դավիթ Սաֆարյան, 74՝ Գրիգոր Գրիգորյան, 86՝ Մուսա Մուրթազալիեւ, 125՝ Լեւան Բերիանիձե:
Ըմբշամարտի Եվրոպայի ընկերակցության որոշմամբ, Եվրոպական 1-ին խաղերում ըմբշամարտի մրցաշարին տրվել է Եվրոպայի առաջնության կարգավիճակ, որտեղ սակայն Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու: Իսկ ահա Շվեյցարիայում կայացած Ըմբշամարտի միջազգային միության (UWW) գործկոմի նիստում հաստատվել են վարկանիշային մրցաշարերը: Դրանցից առաջինը սեպտեմբերին Լաս-Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որտեղ ուղեգրեր տրվելու են օլիմպիական վեց քաշային կարգերում 1-6-րդ տեղերին:
Դրանից հետո կանցկացվեն մայրցամաքային ընտրական մրցաշարեր: Եվրոպայի համար դա 2016 թվականի ապրիլին Սերբիայի Զրենյանին քաղաքում կայանալիք մրցաշարն է, որտեղ վարկանիշային են համարվելու 1-2-րդ տեղերը: Այնուհետեւ, նախատեսվում է համաշխարհային երկու ընտրական մրցաշար. Ուլան-Բատորում (Մոնղոլիա)՝ 2016 թվականի ապրիլին (1-3-րդ տեղեր) եւ Ստամբուլում, մայիսին՝ եզրափակիչ գոտեմարտերի մասնակիցներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ teamusa.org-ի