Հայաստանի բռնցքամարտիկներն այս օրերին հանդես էին գալիս միջազգային տարբեր ռինգերում: Լվովում այսօր ավարտվում է ավագ տարիքային խմբի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ու թեեւ եզրափակչում Հայաստանը մասնակից չունի, սակայն նախորդ օրը 57 կգ քաշային Արման Անտոնյանը եւ Կորյուն Ասթոյանը՝ 60 կգ, իրենց համար բրոնզե մեդալ են ապահովել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում Լատվիայում ընթացած միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ եւ Գառնիկ Հարությունյանը՝ 56 կգ, նվաճել են արծաթե, իսկ Հովհաննես Բաչկովը՝ 64 կգ եւ Հենրիկ Սարգսյանը՝ 91 կգ, արժանացել են բրոնզե պարգեւների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ