Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները. Էդուարդ Շարմազանովը` ճապոնացի խորհրդարանականներին

Մայիս 23,2015 12:20

Մայիսի 22-ին` ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից տրվել է ճաշ: ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Ճաշին ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով.

«Մեծարգո պարոն փոխնախագահ,

Հարգարժան տիկնայք եւ պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է գտնվել Ճապոնիայում: Թույլ տվեք իմ եւ հայկական պատվիրակության անունից երախտագիտություն հայտնել փոխնախագահ Տացուո Կավաբատային ջերմ հյուրընկալության համար: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, փոխգործակցության խորացման եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում: Այստեղ, անշուշտ, իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերը: Հուսով եմ, որ Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը մոտ ապագայում փոխադարձ այց կկատարի Հայաստան:

Անշուշտ, երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ միջազգային հարթակներում հայ-ճապոնական համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ խթան հանդիսացավ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ միջազգային կազմակերպություններում եւ տարբեր համաժողովներում ավելի են ընդլայնվում երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը:

Հարգելի գործընկերներ,

Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք անկախության հռչակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Հայաստանի անկախության տարիներին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվել է զգալի տեխնիկական եւ այլ աջակցություն` ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային նաեւ այն աջակցության համար, որը ցուցաբերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար:

Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին երկու տասնամյակների ժամանակահատվածով: Դեռեւս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից եւ Հնդկաստանից հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներ: Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առեւտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի եւ ճապոնական մի շարք նավահանգիստների միջեւ: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը` Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:

Տիկնայք եւ պարոնայք,

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում անշուշտ իր առանցքային դերն ու նշանակությունն ունի նաեւ մշակութային համագործակցության ընդլայնումը: Վերջին տարիներին Հայաստանում եւ Ճապոնիայում պարբերաբար կազմակերպվոււմ են մշակութային միջոցառումներ` հայ եւ ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ: Ավելին` Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության կողմից արդեն 5 անգամ Հայաստանում կազմակերպվել է ճապոնական ֆիլմերի փառատոն:

Կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այս տարվա ապրիլի 25-27-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական կինոյի գիշերներ» միջոցառումը: Ամեն երեկո լի դահլիճով ճապոնացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ցեղասպանությանը նվիրված հայ կինոռեժիսորների հայտնի ֆիլմերին: Այս օրերին մայիսի 19-24-ը, Տոկիոյում անցկացվում է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, իսկ մինչեւ տարեվերջ Ճապոնիայում տեղի կունենան համերգներ` հայ մենակատարների եւ համույթների մասնակցությամբ:

Իսկ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցների կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ ճապոնական բալենիների` սակուրաների տնկման արարողություն: Վստահ եմ, որ Ճապոնիայի խորհրդանիշը` սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին: Մենք` հայ եւ ճապոնացի խորհրդարանականներս, պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները:

Կրկին շնորհակալ եմ, մեծարգո պարոն փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար եւ լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, եւ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

ՀՀ ԱԺ  Հասարակայնության եւ տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031