Լրահոս
Օրվա լրահոսը

Պատեհ պահ` համակարգի արդյունավետության ուսումնասիրության եւ էներգախնայողության ծրագրի իրագործման համար. «Ազգ»

Մայիս 23,2015 10:41
elenergia

Էլեկտրաէներգիայի սակագնի նախորդ թանկացմանն անդրադառնալով, կարեւոր էինք համարել եւ այժմ էլ համարում ենք, թե որքանո՞վ են հիմնավոր հանձնաժողովի հաշվարկները, արդյո՞ք էլեկտրաէներգետիկ ոլորտի ընկերությունները ուռճացված չեն ներկայացնում իրենց գործունեության համար պակասող գումարի չափը, որքանո՞վ են արդյունավետ կառավարվում այդ ընկերությունները, ի՞նչ ռեսուրսներ կան դրանց կառավարումը բարելավելու եւ ծախսերը նվազեցնելու համար: Ո՞վ դա պետք է անի` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությո՞ւնը, թե՞ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գուցե միջգերատեսչական կամ խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի՞: Ամեն դեպքում, հիմա պատեհ պահն է համակարգի կառավարման լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար:

Պատեհ պահ է նաեւ մեկ այլ կարեւոր խնդրին, ի վերջո, անդրադառնալու համար: Խոսքը էներգախնայողության մասին է: Մի քանի անգամ մեր թերթում անդրադարձել ենք այս հարցին: Բանն այն է, որ էներգետիկ ոլորտում մենք ունենք խնայողությունների ռեսուրս: Դա ոչ թե խոսակցությունների կամ անգամ փորձագիտական տեսակետների մակարդակով ասված խոսք է, այլ Հայաստանի կառավարության կողմից դեռ 2007-ին ընդունված ծրագիր ` «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիր» անվանմամբ:

Ծրագրի եզրակացության մեջ նշված է, որ Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրության համաձայն, էներգախնայողությամբ Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ դրամ, որը համարժեք է եղել այն ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին: Դոլարային արտահայտությամբ դա մոտ 275 մլն դոլար է : Համեմատության համար նշենք` այնքան, որքան կազմում է ատոմակայանի ժամկետի երկարացման համար Ռուսաստանի տրամադրած վարկը: «Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն մ3 բնական գազ», նշված է կառավարության ծրագրում:

Այս ծրագրում շեշտվում է, որ Հայաստանի շենքերի գերակշռող մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ, առանց որեւէ էներգախնայողության: Այդ շենքերում Էներգիայի օգտագործումը մեկ քառակուսի մետրի վրա մոտ 3-5 անգամ բարձր է, քան Եվրոմիության երկրներում: Բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով հնարավոր է կրճատել ջեռուցման համար էներգասպառումը առնվազն 20-40 տոկոսով: Այս բավականին տպավորիչ արդյունքներ խոստացող էներգախնայողության ծրագիր Հայաստանի ոչ մի կառավարություն, 2007-ից ի վեր, քայլեր չի արել կյանքի կոչելու համար: Հարկ է ի վերջո գիտակցել, որ էներգառեսուրսները` գազը, ատոմային վառելիքը եւ այլն, սպառվող, հետեւաբար եւ թանկացող ռեսուրսներ են: Ուստի խիստ կարեւորվում են էներգախնայողության ծրագրերի իրականացումը, օգտվելով տեխնոլոգիական զարգացման հնարավորություններից, ինչպես նաեւ առավելագույնս արդյունավետ եւ ամբողջական օգտագործելով մեր եղած ռեսուրսները` հիդրոէներգետիկան, այլընտրանքային էներգետիկան: Անշուշտ, սրանք չեն կարող փոխարինել ատոմակայանին կամ գազին, բայց գոնե բնակչության համար կարող են նվազեցնել էներգետիկ ծախսերը եւ քիչ ցավալի դարձնել սակագնային հնարավոր, օբյեկտիվ գործոններով պայմանավորված թանկացումները:

Այս առումով հարկ է նաեւ նշել, որ «Ոչ մի լումայի թանկացում» հերթական «ակտիվիստական» լոզունգը ոչ այլ ինչ է, քան «չենք վճարում 150 դրամի» շարունակությունը: Վերջինիս հետեւանքով Երեւանի տրանսպորտի վիճակը անցած երկու տարում ավելի է վատթարացել` մի քանի տասնյակ երթուղիներ փակվել են, մնացածներն ավելի երկար են սպասեցնում ուղեւորներին ու ավելի գերբեռնված երթեւեկում, նոր ավտոբուսներ ներկրողներ էլ այլեւս չկան: Այսինքն, էլեկտրաէներգիա սակագների բարձրացումը ընդհանրապես բացառելը միտինգային դատարկախոսություն է` հեռու իրականությունից, շուկայական տնտեսության կանոններից եւ տնտեսական իրողությունների գիտակցումից: Հիշեցնենք, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ էներգետիկ համակարգի անգամ մասնակի խափանումների դեպքում` հովհարային անջատումներ, տնտեսական ճգնաժամ եւ այլն: Էներգետիկ անվտանգությունը երկրի պաշտպանական անվտանգության մասն է եւ այն ռիսկի ենթարկել ամբոխավարական կոչերի ազդեցությամբ, անթույլատրելի է: Խնդիրն այլ է` բնական մենաշնորհ հանդիսացող էլեկտրաէներգիայի սակագնի ցանկացած փոփոխություն պետք է ունենա անառարկելի փաստարկներ, որոնք այս հայտում չեն երեւում:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031