Գարնան գալուն եւ ծառերի կանաչելուն սպասելը մի տեսակ ռոմանտիկ մարդկանց գործն է, եթե սա, իհարկե, գործ է: Բայց, պարզվում է, որ գարնան գալուն եւ ծառերի կանաչելուն կարելի է սպասել ամենեւին էլ ոչ ռոմանտիկ զգացողություններից ելնելով: Օրինակՙ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (արդեն ռոմանտիկ չէ, չէ՞) «թիկունքի գծով» օգնական Զարզանդ Նիկողոսյանը կայքերից մեկին հայտնել է, որ Գորիսի մոտակայքում մարզպետ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակողը(ները) սպասել են գարնան գալուն, ծառերի կանաչելուն, որպեսզի խիտ եւ կանաչ ծառերի միջից չերեւան:
Պարոն Զարզանդը նաեւ հայտնել է, որ կրակահերթը` Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ (չխառնել` Սուրիկ Խաչատրյանի ուղղությամբ) տեւել է մոտ մեկ րոպե, իսկ մարզպետի մեքենան, որը «սովորական» Lexus է եղել, զրահապատ չի եղել, ոչ էլ ունեցել է ԿԱՍԿՈ ապահովագրություն: Այս վերջինը նշանակում է, որ եթե այդ չարաբաստիկ մեքենան Սուրիկ Խաչատրյանին էլի պետք է գալու, հետեւաբար դրա վրայից պետք է վերացնել կրակոցների հետքերը, ապա դա Սյունիքի մարզպետը պետք է անի կամ իր միջոցներով, կամ` պետության (քանի որ պետական պաշտոնյա է):
Եւ քանի որ Սուրիկ Խաչատրյանը վերջին ժամանակներում ծախսելու շատ տեղեր ունի եւ, որովհետեւ նրա հայրենի` իշխող Հանրապետական կուսակցությունն իր վերջին ԳՄ նիստում մտահոգություն է հայտնել պատահարի առնչությամբ, ապա պարզ է, որ պետությունը սիրով կօգնի իր ազատամարտիկ մարզպետին` մեքենան վերանորոգելու գործում: Գուցե մի փոքր էլ ավել գումար տա Սուրիկ Խաչատրյանին` բարոյական վնասները եւս փոխհատուցելու եւ ցնցումից հետ գալուն օժանդակելու համար:
Հովիկ ԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: