Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի աստեղային ժամը Ռիգայում

Մայիս 23,2015 12:15

Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում շեշտվեց
Հայաստանի առավելությունը մեկուսացած Ադրբեջանի նկատմամբ:

Մայիսի 21-22-ը Ռիգայում կայացավ Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովը, որին մասնակցեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եվրոպական հեղինակավոր կառույցների բոլոր ղեկավարները:
Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի մեկ կետում ԵՄ դիրքորոշման վերահաստատումն էր` «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցման» շուրջ: Այս հարցում իրենց առարկությունն էին հայտնել Հայաստանի եւ Բելառուսի պատվիրակությունները` աջակցելով ՌԴ-ին: Ավելի ուշ պարզվեց, որ այդ եզրույթը մնում է փաստաթղթում, քանի որ այն վերաբերում է ոչ թե Արեւելյան գործընկերության երկրներին, այլ ԵՄ անդամ երկրներին, իսկ քանի որ Հայաստանը ԵՄ անդամ չէ, ապա որեւէ ազդեցություն, որեւէ առնչություն չի կարող ունենալ այդ եզրույթին: «Բարեբախտաբար, Ռիգայում բանակցությունները ներդաշնակ են ընթանում, եւ մենք կկարողանանք համաձայնել համատեղ հռչակագրի շուրջ, որտեղ հստակ պետք է լինի, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի: Սա Արեւելյան գործընկերության երկրների ընդհանուր դիրքորոշումն է»,- պարզաբանել էր Մերկելը:

Եզրափակիչ փաստաթղթում հատուկ կետ կար նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նշվել էր, որ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա: Ընդ որում, միջազգային իրավունքի որեւէ սկզբունք չէր առանձնացվել՝ ոչ տարածքային ամբողջականությունը, ոչ ինքնորոշման իրավունքը. ԵՄ-ն պարզապես արձանագրել էր, որ աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Սա առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը, պարզվեց, որ նրանք առարկություններ ունեն եզրափակիչ փաստաթղթի ձեւակերպումների շուրջ: Այնուհետեւ հաջողվել էր հարթել տարաձայնությունները, իսկ տեքստը՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, մնաց նույնը, որը դրական ձեռքբերում է հայկական դիվանագիտության համար:

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը

ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որում շեշտեց, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, եւ որ ՀՀ-ն պատրաստ է խորացնել եւ էլ ավելի ամրապնդել մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ: «Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որեւէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը»,- նշեց նա` հավելելով, որ Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլեւ ընդհակառակը՝ կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության եւ բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա: «Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը»:

Անդրադառնալով ԼՂ խնդրին` Ս. Սարգսյանը նկատել էր. «Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների եւ հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ: Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին եւ դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում»։

Իսկ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում Ս. Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձեւավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից՝ կարտացոլի ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵՏՄ-ին մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ: Հաջորդ ուշագրավ դիտարկումը Ս. Սարգսյանի կողմից թերեւս Ադրբեջանին ուղղված ակնարկն էր. «Հայաստանը կարեւորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը եւ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը: Մենք առավել քան համոզված ենք, որ պետք է լինի բոլոր գործընկերների հավատարմությունն ընդհանուր արժեքներին եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ճանապարհով է շարունակելու աշխատել»:
Նկատենք, որ մինչեւ գագաթնաժողովի մեկնարկը տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ խորհրդին ուղղված առաջարկությանը՝ թույլ տալու բանակցություններ սկսել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Շրջանակային համաձայնագրի շուրջ: Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը գագաթնաժողովի մեկնարկից առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նշեց. «Իմ աշխատակիցները եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ծառայությունները Խորհրդին դրական եզրակացությամբ զեկույց են ներկայացրել, ինչի մասին հայտարարվել էր։ Դա Հայաստանի իշխանությունների հետ անցկացված «ոլորտների ճշգրտման վարժության» շարունակությունն է, որը մենք ավարտին ենք հասցրել մարտի վերջին, եւ այժմ ամեն ինչ կախված է Եվրոպայի խորհրդից: Սակայն ես առավել քան վստահ եմ, որ մենք շատ շուտով բանակցությունները սկսելու մանդատ կստանանք»։

ԵՄ-Ռուսաստան` փոխադարձ մեղմ ակնարկներ

«Արեւելյան գործընկերության» ձեւաչափն ուղղված չէ Ռուսաստանի դեմ` Ռիգայի գագաթնաժողովի օրերին հնչող ամենատարածված միտքը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որն անցնում էր «կարմիր թելի» նման, հենց այս ձեւակերպումն էր: «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ երրորդ կողմի եւ առաջին հերթին՝ ՌԴ-ի դեմ: Ես կրկնելու եմ, որ խոսքը չի գնացել ու չի գնում «եւ/կամ»-ի մասին, մի կողմից՝ ԵՄ-ի հետ մերձենալու եւ մյուսի կողմից՝ հարեւան երկրների հետ ավելի սերտ գործընկերություն ունենալու ռուսական ցանկության մասին»,- նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` հավելելով, որ ԵՄ-ն հարգում է «Արեւելյան գործընկերության» ծրագրին մասնակից յուրաքանչյուր պետության իրավունքը՝ փնտրելու համար զարգացման սեփական ուղիներ, դրա հետ մեկտեղ պահպանելով ԵՄ-ի հետ համագործակցությունը: Կոնկրետացնելով՝ Մերկելը նույնիսկ ընդգծեց, որ հարգում են Հայաստանի որոշումը, որը ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցությունների հետ մեկտեղ փնտրում է ՌԴ-ի, ԵՏՄ-ի հետ ավելի սերտ տնտեսական համագործակցություն: Այնուհետեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նույնպես շեշտեց, որ «Արեւելյան գործընկերությունն» ուղղված չէ ՌԴ-ի դեմ, այն ՌԴ-ի ու ԵՄ-ի միջեւ «գեղեցկության մրցույթ» չէ:

Առհասարակ, Ռիգայի գագաթնաժողովի դեռ մեկնարկից առաջ արդեն իսկ նկատվում էր, որ այն չի առանձնանալու արմատական որոշումներով` վճռորոշ համաձայնագրերի ընդունմամբ: Գերմանիայի կանցլերը նույնիսկ հայտարարեց, որ դեռեւս հնարավոր չէ Ուկրաինայի ու Վրաստանի համար մեղմացնել վիզային ռեժիմը. «Վիզային ռեժիմի մեղմացումը հնարավոր է միայն դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների իրագործումից հետո: Եվրոպական հանձնաժողովը զեկույց է ներկայացրել, որ Ուկրաինան ու Վրաստանն այդ հարցում գործադրել են զգալի ջանքեր, սակայն դրանք դեռ բավական չեն, որպեսզի իրավիճակը բարելավվի ընդհանուր առմամբ»:
Եվրոպացի դիվանագետների հայտարարություններից առաջ պաշտոնական Մոսկվան հանդես եկավ փոքր-ինչ մեղմացած դիրքորոշմամբ: Օրերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների օրակարգում Ուկրաինայի հարցով Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ Մինսկում կնքված խաղաղության համաձայնագրի կատարումն էր։ Այդ օրերին տեղեկություն տարածվեց, թե ռուսական կողմն այլեւս չի ընդդիմանում ԵՄ-ի եւ Ուկրաինայի առեւտրի պայմանագրին, որը պետք է գործի հաջորդ տարեսկզբից։ Խոսքը Ասոցացման պայմանագրի մաս կազմող խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագրի մասին է։

Այսինքն՝ Բրյուսելը «մեսիջներ» հղեց Մոսկվայի ուղղությամբ, որ պատրաստ է հաշվի նստել ռուսական կողմի մտահոգությունների հետ՝ ակնկալելով, որ դրա դիմաց Մոսկվան Ուկրաինայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի եւ կնպաստի Ուկրաինայի արեւելքում խաղաղության ջանքերին։ Իսկ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը Բրյուսելում ԵՄ-ի եւ Ուկրաինայի պաշտոնյաների հետ բանակցելուց հետո նշեց, թե ռուսական կողմն այլեւս դեմ չէ, որ 2016-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի ԵՄ-ի եւ Ուկրաինայի ազատ առեւտրի ռեժիմը։ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկինի փոխանցմամբ՝ Բրյուսելում եռակողմ քննարկումների կարեւոր արդյունքներից մեկն այն էր, որ ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ազատ առեւտրի ռեժիմը չի հետաձգվի եւ կսկսի գործել 2016-ի հունվարի 1-ից։

Ալիեւի բոյկոտը

Թեեւ նախապես տեղեկություններ կային, որ Ադրբեջանի նախագահը մասնակցելու է ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, այնուամենայնիվ՝ Իլհամ Ալիեւը չմեկնեց Ռիգա: Պաշտոնական Բաքվի ներկայացրած պատճառաբանությունը Ալիեւի «չափազանց խիտ օրակարգն էր»: Սակայն առավել ուշագրավ էր APA լրատվական գործակալության ներկայացրած տեղեկատվությունը, որը հիմնված էր «դիվանագիտական աղբյուրների» վրա: Ադրբեջանական իշխանական գործակալությունը ներկայացրեց Ալիեւի` Ռիգա չմեկնելու իրական պատճառը. նա այդ քայլին է դիմել ընդդեմ «Ադրբեջանի նկատմամբ իրականացվող արշավի»: «Արեւմտյան շրջանակների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի դեմ իրականացվող սեւ PR-ը՝ Եվրոպական խաղերից առաջ, արդարացի բողոքի տեղիք է տալիս»,- պնդել էր աղբյուրը` պարզաբանելով. «Ադրբեջանի կառավարությունն իրազեկվել է, որ 2012-ին «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի նախօրեի նման, այս անգամ էլ Եվրոպական խաղերից օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է նոր բանաձեւ ընդունել Ադրբեջանի դեմ: Նախագահ Ալիեւը, հաշվի առնելով այդ գործոնները, հրաժարվել է Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելուց»: Փաստորեն, Ալիեւը մինչեւ Ռիգայի գագաթնաժողովն իր բողոքն է հայտնել Արեւմուտքի կողմից վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ քննադատության առիթով, ինչ-ինչ պայմաններ է դրել եվրոպացի դիվանագետների առջեւ, սակայն մերժում ստանալով` նրան այլ քայլ չի մնացել, քան բոյկոտել Ռիգայի գագաթնաժողովը:

Այսպիսով՝ Ռիգայի գագաթնաժողովում մասնակցությամբ եւ եվրոպացի դիվանագետների` Հայաստանի նկատմամբ նկատելի բարյացակամ վերաբերմունքով պաշտոնական Երեւանն ի համեմատություն Ադրբեջանի` նկատելի դիվանագիտական հաղթանակներ արձանագրեց:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031