Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակա վրձինը

Մայիս 23,2015 16:00

Գիշերը տարօրինակ երազ տեսա, եւ երազիս մեջ իբրեւ թե ես նկարիչ եմ եւ իմ կտավները տարել ու ցույց եմ տալիս Լեոնարդոյին: Ու նա ուշադիր հերթականությամբ նայելով իմ կտավները` խորհուրդ է տալիս, նայում ու ասում է ինձ.
– Լույսը երբեք չի վերջանում այնտեղ, երբ սկսվում է մութը կամ խավարը: Սեւն ու սպիտակը միշտ իրար հետ են, եւ չկա ոչ մի սահման, որ նրանց բաժանի իրարից, ինչպես որ բաժանման սահման չկա Աստծո եւ սատանայի միջեւ:

Նա խոսում էր գրեթե ուշադրություն չդարձնելով ինձ, բայց շարունակ նայելով իմ նկարներին եւ ձեռքով մորուքը շոյելով՝ ասում էր.
– Քո սխալն այն է, որ մտածում ես, թե կտավը հարթ է, այնինչ դա բոլորովին էլ այդպես չէ, եւ դրա համար էլ քո նկարած դեմքերը ծեփված են մակերեսին եւ ինձ հետ չեն խոսում: Որովհետեւ եթե նկարիչը ներկայացնում է մեկին` կտավը ընդամենը ֆոն է, միջոց, իսկ այդ մեկը` ում նկարել ես, պիտի կենդանի դուրս գա կտավից, եւ քո նկարը նայողը կտավը չպիտի տեսնի, պիտի տեսնի նրան, ում դու նկարել ես:

Հետո նա վերցրեց վրձինը եւ ինչ-որ բան ուղղեց իմ նկարած կանացի դեմքին, այնուհետեւ հեռացավ, հեռվից նայեց, մոտեցավ, դարձյալ երկար նայեց եւ վրձինը դիրիժորի փայտիկի նման ճոճելով շարունակեց.
– Այ, հիմա դու այս կնոջը այլեւս երբեք չես մոռանա, քանի որ դու այսու շարունակ անհանգիստ կլինես նրա բախտի եւ ոչ թե քո կտավի ճակատագրի համար… Ինչպես որ ես անհանգիստ եմ անհորիզոն ժպիտով այն Կնոջ համար, ում պատկերն ամենուր ուղեկից է ինձ:

– Հիշիր, որ կտավն ընդամենը միջոց է, որը քեզ այդ կնոջը ճանաչելու հնարավորություն տվեց…
Հետո Լեոնարդոն երկար լռեց, եւ խորը տխրության ստվեր անցավ նրա դեմքով: Անցավ, թե մնաց… Հիմա լավ չեմ հիշում:

Ես լուռ լսում էի Վարպետին եւ երազիս մեջ արդեն ինձ բախտավոր էի համարում, որ հանդիպել եմ Նրան:

– Ձեր բախտը չբերեց, որ ապրում եք Ձկան եւ Ջրհոսի համաստեղության արանքում, թեեւ նրանք ընդամենը իրար շարունակող են,- առաջին անգամ նայելով ինձ` ասաց Վարպետը, եւ ես տեսա, որ նրա աչքերը կանաչ են,- դուք ամեն օր տագնապով սպասում եք փոփոխությունների եւ մոռանում եք այն, ինչը հաստատուն է…

Արթնացա հեռախոսի ձայնից: Եվ երբ տաք երազի ծվեններն իմ մեջ` սուրճը ձեռքիս, մոտեցա պատշգամբին, զարմանքով տեսա, որ գիշերով, մարդու աչքից թաքուն, դիմացի մայթեզրին ծառերը վաղուց կանաչել էին: Գարուն էր: Եվ նայելով Զաքիյան աշխույժ փողոցին` մտածում էի.
– Ո՞ւր է այսօր այն վրձինը եւ ո՞ւր է այն վարպետը, ում տեսանող աչքը մեզ պիտի ձեւակերպեր կտավի վրա, ուր կտավը չէր երեւալու, բայց տեսանելի էր դառնալու մեր դեմքը` մեզ եւ աշխարհի համար:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031