Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Մենք գտնվում ենք «ֆեոդալական հարմարավետության գոտում»

Մայիս 23,2015 14:30

Դրանից դուրս գալու համար մտածողության հեղափոխություն է պետք

Երեք մարզերում անցկացված հանրաքվեներից առաջ եւ հետո մարդիկ վիճում են՝ պե՞տք է արդյոք խոշորացնել համայնքները, թե՞ պետք չէ: Իրականում այդ խնդիրն, իմ կարծիքով, երկրորդական նշանակություն ունի: Կլինի X գյուղում գյուղապետ, թե նա կկոչվի այլ կերպ, կընտրվի նա, թե չի ընտրվի, կլինի «ավագանի» կոչվող «դեկորացիա», թե չի լինի՝ համայնքների իրական քաղաքական եւ տնտեսական կառուցվածքի վրա դրանք չեն ազդի:

Ո՞վ է իրական գյուղապետը՝ ինչպես էլ կոչվի: Նա մի մարդ է, որը, չարաշահելով իր դիրքը, ունի ինչ-ինչ նյութական առավելություններ մնացած գյուղացիների նկատմամբ, բայց որը, մյուս կողմից, միշտ օգնության ձեռք կմեկնի իր համագյուղացիներին, եթե, իհարկե, կլանային թշնամական հարաբերություններ չունի տվյալ ընտանիքի կամ անձի հետ: Եթե նա առաջնորդվի բացառապես օրենքով, ոչ մի տեղից չօգտվի, ապա կլինի նույնքան չքավոր, որքան մնացած գյուղացիները եւ, ասենք, թաղում-կնունքներին, մեկի հիվանդության կամ թեկուզ գյուղում որեւէ բան փչանալու դեպքում չի կարողանա օգտակար լինել: Հիշո՞ւմ եք մայրաքաղաքի մասշտաբով մոտավորապես նույնն էր ասվում քաղաքապետ Ալբերտ Բազեյանի մասին՝ «փողի վրա նստած է, փող է ուզում», որովհետեւ այդ քաղաքապետը հավատարիմ էր օրենքի տառին եւ ոգուն: Հաջորդ քաղաքապետերն արդեն գիտեին, թե ինչպես է պետք «նստել փողի վրա», եւ այլեւս փող չէին ուզում: Հիշում եմ նաեւ, երբ անցած տարվա ամռանն Էրդողանն ընտրվում էր Թուրքիայի նախագահ, այդ երկրի հեռուստաընկերություններից մեկը փողոցում հարցումներ էր անցկացնում, եւ մի կին ասաց՝ «այո, Էրդողանը հաստատ խառնված է կոռուպցիոն սկանդալներում, բայց մարդն այնքա՛ն բան է արել Թուրքիայի համար, որ ես նրան եմ ձայն տալու»: Արեւելյան մենթալիտետ:

Գյուղապետը, քաղաքապետը, օլիգարխը, բեյը, աղան, հարուստ պատգամավորը, ռայկոմի քարտուղարը, «թագավորը»՝ ինչպես հիմա՝ 21-րդ դարում, հայաստանցիներից շատերն անվանում են համապատասխան մարդկանց, կանգնած են շատ երկրների քաղաքական եւ տնտեսական համակարգերի առանցքում: Դա զուտ անձ չէ, դա նույնիսկ ինստիտուտ չէ, դա մեր մտածողության կարեւոր մասն է, որը եւ ստեղծում է այդ համակարգը: Մենք պատրաստ ենք ներել այս «թագավորներին», եթե նրանք «ազգանվեր գործեր են անում»՝ եկեղեցի են կառուցում, օգնում են հիվանդ երեխաներին, փակում են «նիսյաները» եւ էլեկտրաէներգիայի պարտքերը: Կամ գուցե պարզապես փող են բաժանում ընտրությունների ժամանակ: Եվ մենք չենք ներում այն «թագավորներին», որոնք «ժողովրդի մասին չեն մտածում»:

Այդպես էր, իհարկե, նաեւ Եվրոպայում, բայց 16-րդ դարի սկզբում այնտեղ սկսվեց Ռեֆորմացիան, իսկ հասուն շուկայական, ոչ ֆեոդալական հարաբերությունները ձեւավորվեցին միայն 19-րդ դարում: Այդ երեք դարերի ընթացքում եղել են բազմաթիվ պատերազմներ եւ հեղափոխություններ: Ռեֆորմացիայի ազդեցությունը կրող սկզբունքները գործում են նաեւ Միացյալ Նահանգներում՝ այդ տարածքը 16-րդ դարի վերջում սկսեցին գաղութացնել ծայրահեղ պուրիտանական հայացքներ ունեցող կալվինիզմի հետնորդները: Ռեֆորմացիան, կալվինիզմը ենթադրում է հակառակ՝ «հակաաղայական», «հակաթագավորական» մտածելակերպ: Համայնքն, անշուշտ, ունի ինչ-որ «պետ», որը կոորդինացնում է աշխատանքները, բայց նա ի վերուստ օժտված չէ «աստվածային լիազորություններով», նա պարտադրված չէ «մտածել» համայնքի անդամների բարեկեցության մասին, իսկ մյուս կողմից՝ նրան չի ներվի որեւէ չարաշահում: Համայնքն ինքնակազմակերպվում է՝ որոշակի, դարերով մշակված բարոյական սկզբունքներով:

Ի վիճակի՞ ենք մենք առանց պատերազմների եւ հեղափոխությունների անցնել այն ճանապարհը, որն անցել է Եվրոպան մոտավորապես 5 դարում: Տեսականորեն՝ այո: Բայց ուզո՞ւմ ենք արդյոք: Ա՛յ, այս հարցում ես մեծ կասկածներ ունեմ: Մենք, ի հեճուկս մեր առերեւույթ դժգոհության, ընտելացել ենք ֆեոդալական մտածողությանը եւ վախենում ենք այստեղ ինչ-որ բան փոխել՝ հոգու խորքում վախենալով, որ գուցե այդ փոփոխության պատճառով ամեն ինչ փլուզվի: Նրանք, ովքեր Հայաստանում հեղափոխական կոչեր են անում, իրականում ցանկանում են «անարդար, ժողովրդի մասին չմտածող թագավորներին» փոխարինել «արդար թագավորներով»: Դա, ըստ էության, հեղափոխություն չէ: Հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ համայնքը չի ների ոչ մի գողի՝ անկախ նրանից, թե քանի եկեղեցի է նա կառուցել: Բայց դուրս գալ «ֆեոդալական հարմարավետության գոտուց» չափազանց դժվար է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031