Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասություններ ու անհամապատասխանություններ թեքահարթակների կառուցման գործընթացում

Մայիս 23,2015 13:30

Քաղաքապետարանից հակադարձում են,
թե «համակարգված աշխատանք է տարվում»

2013-ին 20 միլիոն դրամով Երեւանում կառուցվել է 81 թեքահարթակ: Նույն տարում ութ վարչական շրջանների շենքերի մուտքեր 4,3 միլիոն դրամով հարմարեցվել են թեքահարթակներով: 2014-ին թեքահարթակների կառուցման համար քաղաքապետարանին տրամադրվել է 40 միլիոն ու կառուցվել 971 թեքահարթակ: Նշենք, որ դրանցից բյուջեից 40 միլիոն դրամ հատկացումով կառուցվել է 330 թեքահարթակ, փողոցների հիմնանորոգման ծրագրերի շրջանակում՝ 341, մասնավոր տնտեսվարողների հետ համագործակցությամբ՝ 300 թեքահարթակ:

«Մատչելի քաղաք» նախաձեռնությունը մոնիտորինգ է իրականացնում՝ պարզելու, թե որքանով են նպատակային ծախսվում այս գումարները:

«Առավոտ»-ը նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանից հետաքրքրվեց՝ իրականում հատկացումների աճին համապատասխան կատարված աշխատանքների ծավալներն ու որակական ցուցանիշներն աճե՞լ են:

«Այն, որ աշխատանքները ծավալային առումով աճել են, չի կարելի չտեսնել, այդպես էլ պետք է լիներ: Բայց ի՞նչ է կատարվել որակական առումով: Լուրջ մոտեցում պետք է ցուցաբերել, այնինչ մենք ընդամենը թեքահարթակ ենք կառուցում ինչ-որ տեղեր, երբեմն ինքնանպատակ, քանի որ շատ դեպքերում տեսնում ես, որ անցումի երկու կողմերում կան թեքահարթակներ, բայց այդտեղ հայտնվելու համար կան խոչընդոտներ»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս իրավիճակի պատճառը, Վարդուհի Արամյանը պատասխանեց. «Այստեղ համակարգային մոտեցման բացակայություն կա եւ թվեր նկարելու միտում»:

Վարդուհի Արամյանը նաեւ մտահոգություն հայտնեց քաղաքապետարան-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում կառուցված թեքահարթակների վերաբերյալ. «Հայտարարում են, թե 300 թեքահարթակներ են կառուցում, բայց դրանց մեծ մասը չկա, եղածներն էլ չեն համապատասխանում ընդունված նորմերին»:
Մեր զրուցակիցն առաջարկում է վերցնել մի համայնք՝ մոդել տարածք եւ դրա օրինակով ցույց տալ, թե ինչ է պետք անել դրա մատչելիության համար:

Վարդուհի Արամյանը նշեց, որ մարտին իրենք հարցմամբ դիմել են քաղաքապետարանին, թե վճարովի ավտոկայանատեղիներում քանի՞ առանձին տեղ է հատկացվել ու կահավորվել հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ ըստ Երեւանի քաղաքապետարանի կայքի, «Մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում առանձնացվել, նշագծվել եւ կահավորվել են 101 հատուկ տարածքներ: Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով»:

Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասել էր, որ «հաշմանդամություն ունեցող վարորդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման տեղեր չեն կազմակերպվել»:
Վարդուհի Արամյանի համար սա եւս տարօրինակ է: Հետաքրքրվեցինք՝ իսկ այս խնդիրներով համագործակցո՞ւմ են քաղաքապետարանի հետ, Վարդուհի Արամյանը պատասխանեց. «Մեր նպատակն է ոչ թե սերտացնել հարաբերությունները քաղաքապետարանի հետ, այլ բարձրացնել քաղաքացիների վերահսկողական մտածողությունը իրենց իսկ հարկերից ձեւավորված բյուջեի եւ կատարված ծախսերի նպատակայնության վերաբերյալ»:
«Առավոտը» բարձրացված մտահոգությունների վերաբերյալ պարզաբանումներ ստացավ Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանից: Նա նշեց, թե հնչեցվածը մտահոգություն չէ, քանի որ իսկապես մտահոգ լինելու դեպքում կարող էին դիմել քաղաքապետարանին՝ ճշգրտված տվյալներով: Դառնալով այն եզրահանգմանը, թե ոլորտում համակարգային մոտեցման բացակայություն կա, Սամվել Մերթարջյանը պատասխանեց. «Սա ապատեղեկատվության փայլուն օրինակ է: Բազմիցս հայտարարել ենք, որ դեռ 2013-ին քաղաքապետի նախաձեռնությամբ Համայնքային բյուջեի առանձին տողով նախատեսվել է թեքահարթակների կառուցում, 2014-ին այդ միջոցները կրկնապատկվել են: Այդ ամենը չի կարող ուղղակի առանց համակարգելու լինել: Հայտարարվում է մրցույթ, որը վերահսկում են առանձին կառույցներ, իսկ թեքահարթակների թե՛ հասցեների ընտրության, թե՛ կառուցման ընթացքի վերահսկումը կատարվում է հ/կ-ների հետ համատեղ»: Սամվել Մերթարջյանը նշեց, որ համագործակցում են «Ունիսոն», «Արեւիկ», «Հույսի կամուրջ», «Հայ մայրեր», «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության» եւ մի շարք այլ կազմակերպությունների հետ: Անգամ նրանց ներկայացուցիչները սայլակներով գալիս փորձարկում են թեքահարթակները: Մինչդեռ «Մատչելի քաղաք» նախաձեռնության կողմից համագործակցության ցանկություն չի նկատել: Սամվել Մերթարջյանի փոխանցմամբ՝ օրենքի համապատասխան՝ որեւէ հասարակական օգտագործման օբյեկտի նախագիծ չի հաստատվում, եթե մատչելիությունն ապահովված չէ: Դառնալով այն պնդմանը, թե մասնավոր սեկտորի հետ համատեղ կառուցված 300 թեքահարթակներից շատերը կամ չկան, կամ չեն համապատասխանում նորմերին, պարոն Մերթարջյանը պարզաբանեց. «Այդ բոլոր տվյալները տեղադրված են նաեւ համացանցում: Թե չկան նման հասցեներ, ապա կարող էին անվանական մեզ ներկայացնել: Այդպիսով վիրավորում են ոչ թե քաղաքապետարանին, այլ այն հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ հետ աշխատել են»:

Պարզաբանելով այն հակասությունը, թե քաղաքապետարանի կայքով տեղեկացվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ավտոկայանատեղիներ կտրամադրեն, սակայն պաշտոնյան այլ բան է պատասխանում, Սամվել Մերթարջյանը պատասխանեց. «Պարոն Նավասարդյանը ճիշտ է պատասխանել: Սա բառախաղի օգտագործման փորձ է: Այո, անվճար չեն այդ ավտոկայանատեղիները, բայց համայնքային բյուջեի կողմից դա փոխհատուցվում է»: Նա պարզաբանեց, որ քաղաքացիները նախ դիմում են համապատասխան թույլտվություն ստանալու համար, այնուհետեւ դրա առկայության դեպքում ստանում քարտը: Ամփոփելով՝ Սամվել Մերթարջյանն ասաց. «Համակարգված աշխատանք է տարվում, բայց տեսնում եմ չհամակարգված մտքեր: Դժգոհություններ հայտնողները թող գան՝ միասին քննարկենք, համատեղ աշխատենք, մենք միշտ բաց ենք քննարկումների համար»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում` Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում կառուցվում է քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող թեքահարթակ:

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031