Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հղիներին հավաստագիր չեն տալիս

Մայիս 23,2015 13:00

Պատճառաբանում են, որ անվճար ծննդօգնության
հավաստագրերը վերջացել են, նորն էլ դեռ չեն տպել

Հղի կանայք խուճապի մեջ են. արդեն 2 ամիս է՝ նրանց չեն տրամադրում ծննդօգնության պետական հավաստագիրը, որով նրանք պետք է անվճար սպասարկվեն, այսինքն՝ անվճար, պետպատվերով ծննդաբերեն:

Ծննդօգնության հավաստագիրը տրամադրվում է 22 շաբաթական հղիությունից հետո, սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան արդեն տեւական ժամանակ է՝ իրենց մոտ հաշվառված ու արդեն 22 շաբաթականից ավելի հղիներին հավաստագրերը չի տրամադրում՝ պատճառաբանելով, որ առողջապահության նախարարությունը չի տալիս:
«Առավոտի» հետ զրուցած մի քանի հղիներ, որոնք եւս չեն ստացել այդ հավաստագրերը, ասացին, որ շուտով մոտենում է իրենց ծննդաբերության ժամկետը, եւ առանց հավաստագրի խնդիրներ կունենան ծննդատներում, կամ գուցե նրանց «գցեն» վճարովի բուժսպասարկման խմբում:

«Ես անձամբ մի քանի անգամ հետաքրքրվել եմ, ասել են՝ դեռ չկա սերտիֆիկատը, ու չգիտենք էլ՝ երբ կլինի: Հարցրել եմ պոլիկլինիկայում՝ բա առանց սերտիֆիկատի պետպատվերով կընդունե՞ն ծնունդը, ասել են՝ մենք ի՞նչ իմանանք, մեզանից հասնում է հղիության շրջանը հետեւենք, էդ էլ անում ենք»,- պատմեց մեզ ահազանգած հղի կանանցից մեկը:

Մեկ այլ հղի կին էլ մտահոգություն հայտնեց, որ գուցե կառավարությունը փոշմանե՞լ է եւ այլեւս չի՞ ցանկանում ծննդօգնությունն անվճար տրամադրել. «Երեւի այսպես քիչ-քիչ փորձում են վերացնել սերտիֆիկատների տրամադրումը, մանավանդ, որ ամեն օր խոսում են պետբյուջեի սղության մասին»:

Այս առնչությամբ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն «Առավոտին» վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, եւ հղիներին հորդորեց խուճապի չմատնվել: Տիկին Ավագյանն ասաց, որ որոշ խնդիրներ էին առաջացել պետգնումների գործընթացում, սակայն սերտիֆիկատի բացակայությունը խոչընդոտ չէ անվճար ծննդօգնություն ստանալու համար:

Գայանե Ավագյանը նաեւ հավաստիացրեց, որ մոտ 2 շաբաթից պատրաստ կլինեն հավաստագրերը, որոնք կտրամադրվեն հղիներին, իսկ այն հղի կանայք էլ, որոնք մինչ այդ պետք է արդեն ծննդաբերեն, կարող են կանանց կոնսուլտացիայի փոխանակման քարտն ու անձնագիրը ներկայացնել տվյալ բուժհիմնարկ եւ անվճար ծննդօգնություն ստանալ. «Բայց անգամ այս փաստաթղթերի բացակայության դեպքում էլ որեւէ խոչընդոտ չի կարող լինել պետպատվերով ծննդաբերության համար, այդ հղիները հաշվառված են արդեն, այնպես որ՝ ցանկացած դեպքում նրանք անվճար բուժօգնություն են ստանալու եւ անվճար ծննդաբերություն է լինելու»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031