Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական բուհերի տարածքները կտրամադրվեն հյուրանոցների՞ն

Մայիս 23,2015 12:00

Կրթության ոլորտի մարդիկ չեն ընդունում
քաղաքաշինության նախարարության նոր նախագիծը

Քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն է՝ քննարկումների ու տարակուսանքի առիթ է տվել կրթության ոլորտի մասնագետներին ու ճարտարապետներին: Նախագծի իմաստը հետեւյալն է՝ Երեւանի 5-6 բուհեր տեղափոխել Գյումրի եւ այդ կառույցները տրամադրել հյուրանոցային համալիրներին: Նախագծի հեղինակը պաշտպանելով իր գաղափարները՝ օրերս տված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հարցը քննարկվել է խորհրդային տարիներին ու նպատակը՝ Երեւանի բեռնաթափումն է եղել, հիմա էլ՝ այն կարեւոր է այնքանով, որ օրինակ՝ կարելի է հատկապես Գյումրին շենացնել, քանի որ, ըստ նրա՝ քաղաքը մինչ երկրաշարժն ունեցել է 280 000 հազար բնակչություն, հիմա դրա կեսն է, բացի այդ, իր ծրագիրը ողջունվել է Շիրակի մարզպետի կողմից: Իսկ առաջիկայում ստեղծվելու է հանձնաժողով, ուսումնասիրվելու են բոլոր խնդիրները:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի հետ, հարցնելով՝ արդյոք նախագծի իրականացումից հետո կշահե՞ն մասնավոր բուհերը, քանի որ, օրինակ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կգերադասի աշխատել մայրաքաղաքում ու կհամալրի մասնավոր բուհերը: «Կարծում եմ, երբ ինչ-որ փորձառություն է արվում սոցիալական մեծ խմբերի հետ կապված, ապա դա նախ պետք է ակրոբացվի, հիմնավորվի: Գուցե գաղափարը հայրենասիրական է, բայց ինչքանով է այն ռեալ, մինչեւ համատարած որոշումներ կայացնելը գոնե մեկ բուհի մասշտաբով պետք է նման բան անել, բացի այդ, գոնե պետք է հանրաքվեով որոշել, փորձել, լսել, հանրության կարծիքն իմանալ, այդպիսի բաները մեկ հրամանով չի լինում: Այսպիսի առաջարկը պետք է լավ քննարկել, ապա մեկ բուհի մակարդակով նման նախագիծ իրականացնել: Ինչ է Երեւանը քաղաք չէ՞: Ինչ վերաբերում է այս առումով մասնավոր բուհերի շահելուն, ապա սա հարցի մյուս կողմն է: Սա լուրջ աշխարհագրական, դեմոգրաֆիկ խնդիր է եւ պետք է լուրջ քննարկման առարկա դառնա, թող փորձեն մի արվեստի բուհ տանել նախ, բացի այդ, արդյոք Գյումրին պատրա՞ստ է ընդունելու այդքան ուսանողի, որքան իրենք են նախատեսում, չէ՞ որ կերակրելու, կացարանի, առողջապահական խնդիրներ կան: Գուցե ճարտարապետական, շինարարական իմաստով գայթակղիչ է, բայց շատ գործոններ կան, արդյոք երեւանաբնակ աղջիկը կգնա՞ այնտեղ սովորելու, եւ ի վերջո, եթե դիմորդն ընտրում է իր սովորելու բուհը, ապա դրա հետ ծրագրեր է կապում նաեւ հետագայի, իր աշխատանքի համար, պլաններ է մշակում: Եթե վաղը ինձ ասեն, որ գիտես՝ պետք է գնաս Գյումրիում աշխատելու, ճիշտ է, այստեղ հայրենասիրություն կա ու կարելի է զոհել ինչ-որ բան»,- պատասխանեց պարոն Սեդրակ Սեդրակյանը, կրկնելով, որ գաղափարը, ճիշտ է, հայրենասիրական է, սակայն պետք է դիտարկել, մեր ազգաբնակչությունը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ:

«Առավոտի» հետ զրույցում Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, կարո՞ղ ենք ասել, որ նախագիծը ենթատեքստ ունի, եւ իրականում խնդիրը ոչ թե միայն Գյումրին շենացնելն է, այլ բիզնես շահերը, ասաց. «Կարելի է տարբեր բուհեր ստեղծել Երեւանից դուրս, դա շատ լավ բան է, բայց ենթադրենք՝ Մանկավարժական համալսարանը, եթե, օրինակ, մեկ թաղամաս տեղափոխենք, այն էլի կմնա բուհ, բայց ոչ այն բուհը, որում ես աշխատել եմ, այսինքն՝ սա հոգեւոր ոլորտ է, հարցը միայն շինարարական գույքի մասին չէ: Ես գոհ եմ, թող Գյումրին զարգացնեն, լավ է, որ բուհերը միավորվեն, բայց ոչ իննսուն տարեկան բուհերը: Ֆիզկուլտ ինստիտուտը 1945 թվականին է ստեղծվել, այստեղ մշակութային արժեք կա տակը, որ եթե ձեռք տվեցիր, այդ մշակութային արժեքը քանդվելու է»: Մյուս հարցին էլ՝ մենք պատրա՞ստ ենք ուսանողական քաղաք ունենալուն, Արթուր Մարտիրոսյանը նշեց. «Եթե մեր մեթոդիկան պետք է գնա Բոլոնյան ծրագրով, որը ես ճիշտ չեմ համարում, ապա կարծում եմ՝ դրա կարիքը չկա, որովհետեւ եթե խիստ մասնագիտական ուղղվածություն է, օրինակ՝ նկարչական ֆակուլտետը, ապա Բոլոնիայով հաստատված է, որ պարտադիր պետք է անցնի բոլոր առարկաները, այսինքն՝ տակը ժամ չի մնում մասնագիտականի համար, ու այս ամենից մասնագիտություն ստանալը որն է, ստացվում են թերի մասնագետներ: Գաղափարը լավն է, բայց եթե պետք է աշխատենք այս նույն ծրագրով, ապա դա չի գործի»: Արթուր Մարտիրոսյանը որպես օրինակ նշեց Եղեգնաձորում Աբրահամ սրբազանի հիմնած «Գիտելիք» համալսարանը, որտեղ հրավիրվել էին աշխատելու տարբեր համալսարաններից, Մայր բուհից լավագույն դասախոսները՝ բարձր վարձատրությամբ, սակայն այն իրեն չարդարացրեց, չգործեց:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031