«Սարդարապատ» պարային անսամբլը նշում է հիմնադրման 20-ամյակը
Վերջերս Օրյոլ քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երկրների 10-րդ Դելփյան խաղերից հայաստանյան պատվիրակությունը, մասնակցելով 11 անվանակարգերում, շահեց 7 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Հայկական ազգային դելփյան խաղերի կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքարյանը «Առավոտին» հայտնեց, որ Հայաստանը խաղերին մասնակցում է 2002-ից եւ մեր պատվիրակության կազմում, առաջին անգամ ընդգրկել են ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի անսամբլը (լուսանկարում), քանի որ այս տարի խաղերը նվիրված էին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: «Անսամբլը «Ազգային պար» անվանակարգում մրցելով 15 կոլեկտիվների հետ, ներկայացրեց 4 համար՝ «Հաղթանակի պարը Բեռլինում», «Մարտապար», «Վարդանանք» եւ հատված «Արցախյան հերոսամարտ» ներկայացումից: Պարերի խորեոգրաֆիան անսամբլի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանինն է, որն անդադար ուսումնասիրում է համաշխարհային պարարվեստը, այդ թվում՝ ռազմի պարերը:
Նշենք նաեւ Արուսյակ Փայտյանի հեղինակած ազգային տարրերով զգեստների դիզայնը, խորեոգրաֆ Վլադիմիր Շահվերդյանի աշխատանքը: Իսկ թե ի՜նչ կատարվեց հատկապես անսամբլի ներկայացրած «Մարտապարի» ժամանակ, պետք էր տեսնել: Այնքան ակնհայտ էր մեր զինվոր-պարողների մարտատենչ ոգին, որ հանդիսատեսի մոտ կարծես «ահուսարսափ» էր տարածվել, թվում էր՝ շունչները պահել են…»,- ներկայացրեց պարոն Զաքարյանը: Հավելեց, թե «Սարդարապատը» արժանացավ ոսկե մեդալի, այն դեպքում, երբ ժյուրիի 6 անդամից 4-ը մուսուլման էր, այդ թվում՝ Թուրքիայի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Մեր զրուցակիցը հայտնեց, թե «Սարդարապատի» համար տարին հոբելյանական է՝ լրանում են անսամբլի 20, Մուրադ Հակոբյանի ծննդյան 60 եւ ստեղծագործական գործունեության 40 ամյակները եւ այդ առիթներով անսամբլը հունիսի 2-ին Ազգային օպերային թատրոնում հանդես կգա մենահամերգով: Ի դեպ, Մուրադ Հակոբյանը մինչ անսամբլի հիմնումը ծառայել է Բալթյան նավատորմի երգի-պարի անսամբլում, այնուհետեւ Երեւանում, 1977թ. Սպայի տանը հիմնել «Աստղիկ» պարի անսամբլը, որը 1995-ից դարձավ «Սարդարապատ»: Վերջինս համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Իսպանիայում, Սերբիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր:
Մեզ հետ զրույցում Մուրադ Հակոբյանն ասաց, որ այս պահին անսամբլում ընդգրկված է շուրջ 25 պարող: Մեր իրականության մեջ առայժմ եզակի զինվորական պարային անսամբլում ընդգրկված են զինծառայող աղջիկներ եւ 2 տարի պարտադիր զինծառայության մեջ գտնվող տղաներ, ընդ որում՝ միայն պրոֆեսիոնալներ:
Հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանի օրինակով, որն ունի մի քանի տասնյակ պարային կոլեկտիվներ, ինչո՞ւ չունենք «Սարդարապատի» նման երկրորդը, որպեսզի հնարավորություն տրվեր համապատասխան մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտածներին՝ պարտադիր զինծառայությունն անցկացնել իրենց մասնագիտությամբ: Պարոն Հակոբյանը նշեց միայն, որ մենք անծայրածիր Ռուսաստանը չենք, փոքր երկիր ենք, բայց ունենք հզոր բանակ ու զինվորական բարձրարվեստ մշակույթ: Ինչ վերաբերում է զինակոչիկ- արտիստների ընտրությանը, մեր զրուցակցի ասելով՝ ընտրությունը կատարում է հանձնաժողովը, որի անդամ է նաեւ ինքը:
Մուրադ Հակոբյանին հիշեցրինք, որ շուրջ 3 տարի առաջ կոլեգաները քննադատում էին իրեն, ասելով, որ քոչարի պարը քոչվոր բառի հետ է ասոցացվում… «Քոչարին կազմված է «ղոչ» եւ «արի» բառերից: Այո, հիմա էլ եմ կրկնում, որ ճիշտը ղոչարին է: Հայերս երբեք քոչվոր ազգ չենք եղել… Ուրախ եմ, որ մշակույթի նախարարությունը հայտ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ՝ մեր քոչարին ընդգրկելու համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում»,- ասաց Մուրադ Հակոբյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.05.2015