Հունիսի 7-ին Հայաստանի մի շարք համայնքներում քաղաքապետի ընտրություններ են: Aravot.am-ն այսօր Արտաշատ քաղաքում էր, որտեղ քաղաքապետի պաշտոնում պայքարելու համար գրանցվել է երկու թեկնածու՝ Հովհաննես Ղազարյանը, որը նախկինում «Հայռուսգազարդի» Արարատի մասնաճյուղի ղեկավարն էր, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը:
Մեր շրջայցի ընթացքում նկատեցինք, որ քաղաքում դեռ թեկնածուների մասին պաստառներ չկան, նախընտրական շտաբներ ունի միայն Արգամ Աբրահամյանը: Նրա շտաբի անդամների հետ զրույցում պարզեցինք, որ քաղաքում կան նախընտրական 12 շտաբներ: Թեկնածուի գովազդային պաստառներն առայժմ միայն շտաբների դռներին են եւ ներսում՝ պատերին են փակցված:
Հիշեցնենք, որ թեկնածուներից Հովհաննես Ղազարյանը մեզ տեղեկացրեց իր ինքնաբացարկ հայտարարելու մտադրության մասին ավելի ուշ: Մեր՝ բնակիչների հետ զրուցելու ժամանակ՝ դեռ այդ մասին ոչ ոքի հայտնի չէր:
Արտաշատում բնակիչները հիմնականում խուսափում էին մեզ հետ ձայնագրիչի կամ տեսախցիկի առջեւ խոսելուց, առանց դրանց, խոսում էին անկաշկանդ:
Կարդացեք նաև
Արտաշատ մտնող ճանապարհներից եզրին մեզ հանդիպած առաջին բնակիչները երիտասարդ կանայք էին, որոնց համար քաղաքի մտահոգող խնդիրներից էր երեխաների համար նախատեսված խաղահրապարակների բացակայությունը: Հետո նրանցից մեկը մատնանշեց այն ճանապարհը (մարզպետարան տանող), որն անցնում էր իրենց տների կողքով. ոչ մի ճանապարհային նշան չկա, մեքենաները մեծ արագությամբ են անցնում, իսկ այդտեղ երեխաներ են խաղում: Հետո բողոքեցին աշխատատեղերի բացակայությունից:
Իսկ երբ հարց բացվեց թեկնածուների մասին, միայն հիշեցին՝ վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին. «Ասում են՝ ինքը շատ թասիբով տղա է, հասնող, որ ընտրվի, երեւի մի բան կանի»,- ասաց նրանցից ամենաերիտասարդը:
Մեկն էլ ավելացրեց. «Դե մեկ է, արդեն ամեն ինչ որոշված է, ում էլ ընտրենք, ինքն է լինելու, ավելի լավ է իրեն ընտրենք»:
Մեր հարցին՝ մյուս թեկնածուի մասին ի՞նչ գիտեք, պատասխանները նույնն էին՝ առանձնապես չեն ճանաչում, կարծես թե երկար ժամանակ այստեղ չի էլ ապրել:
Մեզ հանդիպած երկու տղամարդիկ պնդում էին, որ անպայման հրապարակման մեջ նշեմ, որ Արգամ Աբրահամյանը «կարգին տղա է՝ կուշտ, կերած ու տեսած», դրա համար իրեն պետք է ընտրել, սակայն ոչ մի դեպքում չհամաձայնվեցին, որ ձայնագրենք իրենց խոսքերը: «Ինքը որ ընտրվի, քաղաքի համար շատ լավ կլինի»: Մյուս թեկնածուին, կարծես չէին էլ ճանաչում, համենայն դեպս, խուսափեցին որեւէ բան ասելուց:
Մեր զրուցակիցներից «ամենահամարձակը» Արտաշատի քաղաքացի Առաքելյան Սոֆիկն էր, որը տեսախցիկի առջեւ ներկայացրեց քաղաքում առկա խնդիրները, թեկնածուների մասին խոսելիս մեր օգնությամբ միայն մտաբերեց Արգամ Աբրահամյանին, մյուս թեկնածուի մասին էլ խոսելիս ասաց. «Մյուս թեկնածուն ո՞րն է, սաղից էլ գոհ եմ, դժգոհ չեմ, փառք Աստծո գործս եղել է, եկել են, օգնել են: Մուրադյանն էլ է լավ եղել մեր հանդեպ, վատ չի եղել …»
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ