Հայաստանում են գտնվում լիտվացի ժամանակակից գրողներ Անթանաս Ա. Յոնինասը, Լյուտաուրաս Դյագեսիսը, Գիտիս Նորվիլասը: Բանաստեղծների հետ ընթերցասերների հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ):
Հայաստանում Եվրոպայի օրվա, ինչպես նաև Լիտվայում անցկացվող հեղինակավոր «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում ՀԳՄ-ում կազմակերպված միջոցառման շրջանակներում հնչեցին բանաստեղծների ստեղծագործությունները բնագրով, հայերենով և ռուսերենով:
Նշենք, որ «Պոեզիայի գարունը» պոեզիայի ամենահին փառատոնն է Լիտվայում: Այն առաջին անգամ կազմակերպվել է 1965 թ., Լիտվայի գրողների միության կողմից: Փառատոնն ամեն տարի անցկացվում է մայիսի վերջին շաբաթվա ընթացքում:
Անթանաս Ա. Յոնինասը կրում է իր բանաստեղծ հոր անունը, որը նույնպես հայտնի բանաստեղծ է: Որդի Յոնինասը լեզվաբանության և լիտվական գրականության մեջ մասնագիտացել է Վիլնյուսի պետական համալսարանում: 62-ամյա բանաստեղծը, որը ներկայումս Լիտվայի գրողների միության նախագահն է, 11 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է:
Կարդացեք նաև
Իսկ բանաստեղծ, Լիտվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լյուտաուրաս Դյագեսիսը բանաստեղծությունների ութ, փիլիսոփայական էսսեների երեք ժողովածուների և մեկ վեպի հեղինակ է:
Բանաստեղծ Գագիկ Դավթյանը վերջերս թարգմանաբար հայ ընթերցողին է ներկայացրել հյուրերի բանաստեղծություններից մի քանիսը, որոնք էլ այսօր ընթերցվեցին հեղինակների ու թարգմանչի կողմից:
«Պոեզիայի գարունը» կամփոփվի արդեն Լիտվայում, որտեղ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կներկայացնի Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած գրողների ստեղծագործությունների մասին զեկույց:
«Սա հրաշալի առիթ է տարբեր երկրների ու ժողովուրդների նորից կապելու մշակույթի, գրականության թելերով: Լիտվայի հետ մեր կապերն ամուր են, և առաջիկայում, կարծում եմ, ավելի կամրապնդվեն»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր ուրախությունն արտահայտեց, որ Լիտվայի ամենահին մշակութային փառատոներից մեկն այս տարի անցկացվում է Հայաստանում. «Եվ դա պատահական չէ. դեռ նախորդ տարի ես զրույց ունեցա Է. Միլիտոնյանի հետ, և արդյունքը չուշացավ: Այն անցկացվել է յոթ երկրներում, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն էլ ավելացավ այդ երկրների շարքում»,- ասաց դեսպանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ