Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջոնիկ Աբրահամյանը՝ Արգամ Աբրահամյանի թեկնածության մասին. «Ոչ մի ջահել տղա չի գա մտնի այդ բեռի տակ»

Մայիս 22,2015 22:08

«Ինքը ջահել տղա է, կապ չունի, որ ես իր շտաբի պետն եմ: Ի՞նչ անենք, որ այդքան շրջանառվում է. ոչ մի օրենք չի արգելում, որ հոպարը չլինի շտաբի պետ, ես ինքս տասներկու տարի եղել եմ դեպուտատ, տարածքը անգիր գիտեմ, Արտաշատ քաղաքից ընտրվել եմ դեպուտատ, Արտաշատի լավը, վատը, ցավերին, ամեն ինչին տեղյակ եմ: Նախնական ամեն ինչ ուսումնասիրված է, մենք էլ մեր խորհուրդներով կօգնենք, եթե իհարկե մեր թեկնածուն ընտրվի»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով քարոզարշավի կազմակերպչական աշխատանքներից՝ ասաց Արտաշատի քաղաքապետի Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբի ղեկավար Ջոնիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է, թեկնածուի հորեղբայրը, նախկին ԱԺ պատգամավորը՝ Արարատի մարզից:

«Եթե ընտրվի, ապա պիտի քաղաքը բարգավաճի, զարգանա, քաղաքի մաքրությունը պետք է տեղում լինի, լուսավորությունը…բնակիչների հոգսերը պիտի լուծի: Ոչ մի ջահել տղա չի գա մտնի այդ բեռի տակ: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ծանր աշխատանք է: Մենք չունենք, չէ՞ այդպիսի քաղաքապետեր, որ ջահել գան, մտնեն այդ լծի տակ,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետի պաշտոնն ունենալու ցանկությունը Արգամ Աբրահամյանինն է եղել. «Ինքն է ուզել, ինքը իր հոժար կամքով, որովհետեւ սովորել է Արտաշատ քաղաքում, ավարտել է Արտաշատ քաղաքում: Արտաշատ քաղաքում է բնակվում, շրջապատը, ընկերությունը, բարեկամությունը այստեղից են: Ինքը ուզեցել է, մենք էլ ողջունել ենք: Կողքից ինչքան կարող ենք մեր խորհուրդներով, մեր ուժով կօգնենք, որ նորմալ աշխատի»:

Ջոնիկ Աբրահամյանի հետ Aravot.am-ը զրուցել է նախքան Արտաշատի քաղաքապետի մյուս թեկնածու Հովհաննես Ղազարյանի ինքնաբացարկի մտադրության մասին լսելը: Խոսելով մրցակցության մասին Ջոնիկ Աբրահամյանը բացառեց, որ որեւէ ճնշում կամ լարվածություն լինի ընտրությունների ընթացքում. «Չէ, նման բան չի կարող լինել: Ես ամեն ինչ անելու եմ, որ արդար, օրենքի սահմաններում, բաց ընտրություն լինի: Ես մյուս թեկնածուի հետ, ճիշտ է, ասում եք, որ պրոբլեմներ ունենք…. Ոչ, 18, 17 տարի ընկերներ ենք եղել Ղազարյան Հովիկի հետ, ես իրեն համարում եմ նորմալ տղա, նորմալ թեկնածու, թող պայքարի օրենքի սահմաններում, ճիշտ ձեւով: Ես ինքս, եթե Հովիկը հաղթի, ձեռքը կսեղմեմ, կշնորհավորեմ: Պայքար է հիմա, չենք կարող ասել, ոնց կլինի»,- ասաց Ջոնիկ Աբրահամյանը՝ հիշատակելով, որ Արգամ Աբրահամյանը իր թեկնածությունը դրել է Հովհաննես Ղազարյանի՝ քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը դնելուց հետո:

Մեր դիտարկմանը, որ բոլորը ընտրված քաղաքապետ են համարում Արգամ Աբրահամյանին, քանի որ վարչապետի որդի է, թեկնածուի հորեղբայրն ասաց. « Չէ, վարչապետն էլ հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին, չի միջամտելու: Մենք ունենք շտաբներ, աշխատում ենք օրուգիշեր, շուտով բնակիչների հետ ենք սկսելու հանդիպել, անելու ենք ամեն ինչ, որ քաղաքի վիճակը լավանա, ամեն ինչ նորմալ լինի, քաղաքի աղբը ժամանակին տեղափոխվի,- ասաց Ջոնիկ Աբրահամյանը՝ նորից նշելով,-Ոչ մի աննպատակ մարդ չի կարող մտնել այդ ծանր լծի տակ, ինքը անձամբ ոչ մի բանի կարիք չունի, ոչ մի բանի չի սպասում: Որ մտել է այդ բեռի տակ, պետք է աշխատի»:

Հետո նախկին պատգամավորը նշեց, որ Արտաշատի ժողովուրդը նախ իրեն պետք է հավատա. «Որովհետեւ ես միշտ ինչ խոստացել եմ, իրականացրել եմ: Նույնն էլ Արգամիկն է անելու, ավելի կատարելագործված ձեւով: Տասը տարի առաջ ժամանակներն ուրիշ էին, հիմա ուրիշ: Ինքը երիտասարդի մտածելակերպ ունի, կրթական մակարդակը հերիքում է, ամեն ինչ, խելքը տեղը, կաշխատի, կտեսնենք էլի…»:

Լրատվամիջոցներում ներկայացվում է, որ Հովիկ Աբրահամյանը Արտաշատում իր ընտանիքի կառուցած եկեղեցու բացման արարողությունն առիթ է դարձրել՝ իր տղային քարոզարշավի ժամանակ գովազդելու համար: Ջոնիկ Աբրահամյանը այդ մասին ասաց. «Այդ եկեղեցու հիմքը որ գցվել է 2003 թվականի հունվարի 14-ին, Քոչարյանն էլ է մասնակցել: 12 տարի եկեղեցի ենք կառուցել, այն կաթը, որ կերել ենք, լրիվ դրել ենք այնտեղ»: Նա նշեց, որ նախատեսված էր եկեղեցին բացել Արգամ Աբրահամյանի ծննդյան օրը, բայց, քանի որ շինարարական խնդիրներ եղան, որոշեցին հինգ օր հետաձգել: «Դա վաղուց որոշված բան էր: Պիտի անցած տարի բացեինք, չստացվեց, հիմա էլ որոշված բան է: Ո՞վ էր որոշել, որ Արգամիկը պիտի քաղաքապետի թեկնածու լինի, մենք էլ եկեղեցի կառուցեինք»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031