ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Սանկտ Պետերբուրգի գրքերի միջազգային սրահ: Արդեն տասներորդ անգամ`մայիսի 21-24-ը, անցկացվող ցուցահանդես-վաճառքն ամեն տարի իր շուրջն է հավաքում ոչ միայն գրողների, գրատպությամբ ու գրքերի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների, այլև ընթերցասեր հասարակությանը:
Սանկտ Պետերբուրգի տպագրության կոմիտեի նախագահ Սերգեյ Սերեզլեևի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված գրականությանը: Նշվել է, որ ցուցահանդես-վաճառքն այս տարի նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին և Ռուսաստանում գրականության տարվան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն