Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Մայիս 22,2015 19:55

Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է նախորդ զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, առաջնագծի հագեցվածության, սահմանային ծառայությանն առնչվող խնդիրներին:

Նախարարի ուշադրության կենտրոնում են եղել առաջիկայում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժության, «Միություն 2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային ռազմամարզական հավաքի և ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի աշխարհի թիմային առաջնության կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, 2015թ.-ին իրականացված գնումներն ու ոլորտի խնդիրները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016-2020թթ. Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները: Քննարկված հարցերի վերաբերյալ հակիրճ զեկույցներ են ներկայացրել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև հանրակրթական հաստատություններում այսօր` մայիսի 22-ին տեղի ունեցած վերջին զանգի արարողություններին բարձրաստիճան սպայակազմի և կցագրված զորամասերի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությանը: Այս կապակցությամբ Սեյրան Օհանյանը նշել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պաշտպանության նախարարության որդեգրած քաղաքականության մասն է կազմում ու հետայսու ևս առավել ակտիվորեն շարունակվելու են բանակ-դպրոց-ԲՈՒՀ-հասարակություն կապերի ամրապնդմանը միտված` զինված ուժերի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տարաբնույթ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

Օրակարգային առանցքային հարցերից մեկն էլ մայիսի 28-ին` Հանրապետության օրվա կապակցությամբ Երևանում, մարզերում, զորամասերում և դպրոցներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման ու անցկացման նախապատրաստական հարցերն էին: Սեյրան Օհանյանը հանձնարարել է անել առավելագույնը` այդ օրերին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակիցների և առհասարակ զինված ուժերի ամբողջ հրամկազմի ներգրավմամբ կայանալիք հանդիսավոր միջոցառումները պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս առումով ՀՀ պաշտպանության նախարարը ցուցում է տվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման խնդիրներին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031