Լրահոս
Օրվա լրահոսը

Միխեիլ Միրզիաշվիլի. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը Վրաստանի ներհասարակական խաղաղությանը սպառնալիք է»

Մայիս 22,2015 19:42

Մայիսի 16-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ Թեքալիի գործընթացի ակտիվ մասնակից, «Ռազմավարական հետազոտությունների ռեգիոնալ կենտրոնի» տնօրեն Միխեիլ Միրզիաշվիլին ասաց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ազդում է Վրաստանի վրա: Վրաստանը շատ լավ հարաբերությունների ունի եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ: Սակայն ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ազդում է հայ-վրացական հարաբերություններին: Միրզիաշվիլին օրինակ բերեց վրացի փախստականների Աբխազիա եւ Հարավային Օսեթիա վերադարձի վերաբերյալ բանաձեւին ՄԱԿ-ում Հայաստանի դեմ քվեարկելը:

Նրա խոսքերով՝ սկզբունքորեն Հայաստանը շահագրգռված չէ,որ վրացի փախստականները չվերադառնան Աբխազիա եւ Հարավային Օսեթիա: Քանի որ Վրաստանը ՎՈՒԱՄ կազմակերպությունում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւին կողմ է քվեարկել, այդ բանաձեւը Հայաստանը ադրբեջանամետ է համարում, Հայաստանը նման կերպ է արձագանքել: Մ. Միրզիաշվիլին ասաց, որ այդ օրինակները չի բերում այն բանի համար, թե ո՞վ է ճիշտ կամ սխալ՝ Հայաստանը, թե՞ Վրաստանը, այլ վկայելու՝ չնայած Հայաստանի եւ Վրաստանի լավ հարաբերություններին, հայ-ադրբեջանական չկարգավորված հակամարտությունն ազդում է հայ-վրացական հարաբերությունների վրա:

Նույնը կարելի է ասել նաեւ վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին, բոլոր այն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք կարող են օգնել Հայաստանի զարգացմանը, Ադրբեջանի կողմից խանդոտ են ընդունվում: Վրացի նախարարներից մեկի հայտարարությունը, թե հնարավոր է Աբխազիայի տարածքով երկութուղային հաղորդակցության վերականգնումը( նախարարն այդ կերպ նկատի ուներ Աբխազիայի եւ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություների բարելավումը), Ադրբեջանի կողմից ընդունվեց որպես ոչ բարեկամական քայլ,քանի որ այն կօգներ Հայաստանի ապաշրջափակմանը:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ազդում է նաեւ Վրաստանի հայկական եւ ադրբեջանական համայնքների վրա: Միրզիաշվիլու խոսքերով՝ չնայած այդ համայնքների միջեւ խաղաղության «ջենտլմենական համաձայնություններ» են կայանում, գնալով ավելանում են դեպքերը, երբ այդ համաձայնությունները քիչ է մնում խզվեն: Մ. Միրզիաշվիլին հայտարարեց, որ հայ-ադրբեջանական չկարգավորված հակամարտությունը Վրաստանի ներհասարակական խաղաղությանը ուղիղ սպառնալիք է:

Նա հավելեց. «Ադրբեջանում ինչ-որ ամսաթվեր են տոնում, դրանք Հայաստանում ողբերգական ամսաթվեր են, կամ Հայաստանի ողբերգական օրերն Ադրբեջանում չեն համարվում որպես ողբերգական, եւ դա փոխանցում է Վրաստան, համայնքները նշում են ինչ-որ ամսաթվեր , դա վրացական ամբողջական հասարակության բաժանման առարկա է դառնում, հակամարտությունը փոխանցվում է Վրաստանի ներքին քաղաքականությանը, ինչը շատ տհաճ է»: Մ. Միրզիաշվիլին կարծում է՝ պետք է շահագրգռել վրացական հասարակությանը,որպեսզի այն հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում ոչ թե պասիվ դիրքորոշում ունենա, այլ՝ որդեգրի ակտիվ դիրքորոշում եւ քաղաքականություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031