Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին:
Վարչապետը ողջունել է տիկին Բառոնի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի սերտացումը, այդ թվում միջազգային կառույցների շրջանակներում: Խոսելով Հայաստանի և Մեքսիկայի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության մասին՝ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Մեքսիկայում վերջերս բացված Հայաստանի դեսպանության աշխատանքները ևս կնպաստեն գործարար կապերի աշխուժացման նպատակով համատեղ բիզնես ֆորումների անցկացմանը: Այդ առումով, երկուստեք ընդգծվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:
Գաբրիելա Կուևաս Բառոնը նշել է, որ Մեքսիկան մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների ակտիվացմանը:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և այդ համատեքստում տիկին Բառոնը նշել է, որ Մեքսիկան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
ՀՀ կառավարություն