Մայիսի 22-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նախարարության կողմից 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսը իրականացված աշխատանքներին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց 2014-2015թթ.-ի ՀՀ սփյուռքի նախարարության գերակա խնդիրները՝ ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների համատեղ ծրագրերի ընդլայնում և զարգացում, Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում, Սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգման ծրագրի իրականացում, Հայոց լեզվի տարածում և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացում, այդ թվում՝ նորարարական մեխանիզմների կիրառմամբ:
Գերակա խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության ընդլայնման և զարգացման հուշագրեր են կնքվել Համազգային հայ կրթական և մշակութային միության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության ( ՀՄԸՄ) և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հետ: Նախատեսվում է համագործակցության հուշագրերի կնքում Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության և «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, նախարարությունը մասնակցել և համակարգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի սփյուռքյան մասնակիցների հետ տարվող աշխատանքները, կազմակերպել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովը, «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» խորագրով կլոր սեղան-քննարկումը, Հայ կանանց համահայկական համաժողովը, Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը:
Կարդացեք նաև
Խոսելով Հայաստանում գտնվող սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացման մասին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում տարբեր խնդիրներով նախարարություն են դիմել շուրջ 2200 սիրիահայ: Կացարանով ապահովելու հարցով աջակցություն է հատկացվել շուրջ 1200 ընտանիք, առողջապահական հարցերով՝ շուրջ 580 մարդ, շուրջ 350 սիրիահայեր ապահովվել են աշխատանքով: Գումարվել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 6 նիստ, քննարկվել է ավելի քան 30 հարց:
Լուծվել են Սիրիական համալսարանների դիպլոմների փոխճանաչմանը և «Ընտանեկան գրքույկի» ընդունում` որպես հայությունն ապացուցող փաստաթուղթ՝ մկրտության վկայականի փոխարեն փաստաթղթային խնդիրները:
Փոփոխություններ են կատարվել մի շարք իրավական ակտերում, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրի ստացմանը, կացության կարգավիճակի ձեռքբերմանը, պետական տուրքերի վճարմանը և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է ստացել 2381 սիրիահայ: Ներդրվել է վարկավորման ծրագիր. գումարը մինչև 12.000$, ժամկետը՝ մինչև 5 տարի, տոկոսադրույքը՝ 4%: Հաստատվել և ֆինանսավորվել է 74 սիրիահայի գործարար ծրագիր:
Այնուհետև նախարարն անդրադարձավ «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին, որը 2014թ. իրականացվել է հուլիսի 7-ից օգոստոսի 2-ը՝ Երևանում՝ ընդգծելով. «2014թ. նախատեսված 100-ի փոխարեն ծրագրին մասնակցել են 222 պատանիներ ու երիտասարդներ՝ աշխարհի 22 երկրից»:
Գերատեսչության ղեկավարը կարևորելով 2014թ. կայացած «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, նշեց, որ փառատոնին մասնակցել է 1500 սփյուռքահայ աշխարհի 16 երկրից: Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են՝ Պարարվեստի օրեր, Խմբերգային արվեստի օրեր, Ասմունքի երեկո, Դուդուկի փառատոն, Հայ երգի օր:
Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2015թ. սեպտեմբերի 25-27 կայանալիք «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի ուղղությամբ: Ներկայումս ստացվել է 12 հայտ՝ 120 մասնակցի համար:
ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագրի մասին խոսելով նախարարը նշեց, որ իրականացվում է 2009թ.-ից: 2015թ. նախատեսվում է 1100 մասնակցի այցելություն Հայրենիք, որը զգալիորեն ավելին է, քան 2014-ին», – ընդգծեց նախարար Հակոբյանը՝ անդրադառնալով «Մեր մեծերը» ծրագրին:
Նախարարը նշեց, որ սփյուռքահայությանը, մասնավորապես երիտասարդ սերնդին ծանոթացնել հայ ժողովրդի ականավոր զավակների կյանքին ու գործունեությանը, ամրապնդել ազգային հպարտության և արժանապատվության զգացումներ: 2014թ. մեր մեծերն են ընտրվել Կոմիտասը, Հովհաննես Թումանյանը, Սիամանթոն, Արշիլ Գորկին, Գալուստ Կյուլպենկյանը, իսկ 2015թ.՝ Դանիել Վարուժանը, Համաստեղը, Անդրանիկ Օզանյանը, Փանոս Թերլեմեզյանը, միսիոներներ:
Սփյուռքում ազգային ոգին բարձր պահելու և հայապահպանությունը խթանելու լավագույն ծրագրերից է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համայահայկական մրցանակաբաշխության կազմակերպումը, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – մրցանակաբաշխությունը 2014թ. անցկացվել է «Մայրենիի պաշտպան», «Լավագույն ամենօրյա կրթօջախ», «Լավագույն լրատվամիջոց» անվանակարգերով և «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով շարադրությունների մրցույթով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված: 2015թ. մրցանակաբաշխության անվանակարգերն են «Լավագույն հայ համայնք», «Մայրենիի պաշտպան», «Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ), «Լավագույն հայկական ընտանիք»:
«2014թ. սեպտեմբերին մենք կազմակերպեցինք «Հայաստան–Սփյուռք» 5-րդ համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 1100 ներկայացուցիչ Սփյուռքից և Հայաստանից», – նշեց Նախարարը:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել և անցկացրել ենք նաև Հայ կանանց համահայկական, Սփյուռքահայ գրողների, Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովները, «Մեր լեզուն մեր հայրենիքն է» համահայկական, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովները, Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) Հայկական համընդհանուր առևտրաարդյունաբերական պալատների 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստը, «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» խորագրով կլոր սեղան-քննարկումը»:
Նախարարը կարևորեց գերատեսչության ջանքերով կազմակերպվող մշակութային միջոցառումները՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է ավելի քան 60 մշակութային միջոցառում՝ համերգներ, ցուցահանդեսներ, մեծարման երեկոներ և այլն:
Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց «Մերձավոր Սփյուռքի կրթամշակութային աջակցության», «ԱՊՀ տարածաշրջանային հայկական համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության», «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցության» ծրագրերը, որոնց շրջանակներում կազմակերպվում են հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում, երիտասարդական, հայագիտական կենտրոնների գործունեությանը աջակցություն, հայկական կրթօջախներին դասագրքերի, ուսումնամեթոդական և օժանդակ նյութերի տրամադրում և այլ միջոցառումներ:
«Նախարարության նախաձեռնությամբ և ՀԲԸՄ-ի աջակցությամբ 2014թ. հոկտեմբերի 7-ից Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստաալիքով հեռարձակվում է Հայոց լեզվի հեռուստադպրոցի «Հեռավար քոլեջ» ծրագիրը, առայժմ արևելահայերեն տարբերակով 2014թ. հեռարձակվել է 36 հեռուստադաս, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – հեռարձակվել են ավելի քան 150 հեռուստահաղորդումներ և կազմակերպվել են 160-ից ավելի հեռուստատեսային տաղավարային հաղորդումներ՝ հիմնականում սփյուռքահայ գործիչների և մտավորականների մասնակցությամբ, նախարարության պատվերով նկարահանվել են շուրջ 10 ֆիլմ, նույնքան սոցիալական գովազդներ, իրականացվել են սփյուռքի հայ համայնքների հետ շուրջ 20 հեռակոնֆերանսներ»:
Սփյուռք է առաքվել է 40.000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութ, շուրջ 12.000 կտոր գիտահանրամատչելի գրականություն, ձայնասկավառակ ու խտասալիկ, ՀՀ պետական խորհրդանիշերի փաթեթներ: Նախարարության պատվերով և հովանավորությամբ իրականացվել է 12 գրքի հրատարակություն:
Նախարարն առանձնացրեց «Հայկական Սփյուռք» տարեգիրքը, որը ներկայացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում ՀՀ գերատեսչությունների, հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների և հայ համայնքներում իրականացված գործունեությունը:
«2013թ. Տարեգիրքը հրատարակվել է 2500 տպաքանակով, երկու նոր տարբերակով՝ արևելահայերեն-ռուսերեն և արևմտահայերեն –անգլերեն», – նշեց նա:
Ասուլիսի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը մանրամասնորեն պատասխանեց ներկա լրագրողներին հուզող բոլոր հարցերին:
ՀՀ սփյուռքի նախարարություն