Լրահոս
Օրվա լրահոսը

Էդդի Մազմանյանն ու հիփփիական դրախտը

Մայիս 22,2015 17:56

Հիփփիական նոնկոմֆորմիստական հեղափոխությունը ծագեց անցյալ դարի 60-ականների կեսերին որպես պատասխան Վիետնամի պատերազմին և ԱՄՆ-ի վարած սոսկալի քաղաքականությանը, աշխարհում տիրող քաոսին, քաղաքական-հասարակական-սոցիալական անարխիկ ցնորքին։ Աշխարհը գժվել է և շարունակում է գժվել մինչև այսօր․․․Շարժում, որը մի ամբողջ մշակույթ ձևավորեց։ Շարժում, որն ի սկզբանե դատապարտված էր տապալման ռեալ մատերիալիստական աշխարհում, սակայն այն ի զորու էր մի իսկական հեղաշրջում կատարել մարդային գիտակցության մեջ, մտքի տիրույթներում։ Բունտ, որն ավարտվեց հեռացմամբ ու մոռացմամբ։ Հիփփիները, ովքեր պայքարում էին կեղծ բարեպաշտության, հասարակության սահմանափակումների և պայմանականությունների, շինծու մաքրակրոն բարոյականության դեմ, ու նաև՝ դոգմատիկ եկեղեցու, որը միայն ստրկացնում է մարդկանց, զբաղվելով ուղեղի լվացումներով (հիշենք Փինք Ֆլոյդի լեգենդար «Պատը» և հատկապես՝ մսաղացի տեսարանը)։ Հիփփիները համայն աշխարհին կոչ էին անում վերադառնալ ակունքներին, պարզ ու մաքուր, անկեղծ ու բաց, անմիջական ու կուսական կեցությանը, բնական գոյությանը՝ մաքրվել սիրո ու պացիֆիզմի միջոցով։ «Զբաղվեք սիրով, այլ ոչ թե պատերազմով․․․»

Մարդը պետք է ազատ լինի, իսկ ազատ լինելու համար պետք է նախ սեփական հոգուդ ներքին կոնստրուկցիան փոխես։ Ազատ մարդը պետք է ձգտի պաշտպանել սեփական ազատությունը որպես բացարձակ արժեք՝ գանձ, որը ընծայված է նրան։ Այն, որ ազատությունն ու գեղեցկությունը նույնանում են, հասնում հոգևոր կատարելության, ներդաշնակության և բալանսի։ Հենց այս հիմնական բազիսների վրա հիփփիները հիմնում էին իրենց համայնքները, որոնք համակեցության պայմանի վրա էին հիմնված՝ ինքնակազմակերպման ու ինքնակարգավորման։

PrevPhoto
NextPhoto

Սակայն թյուր է կարծել, որ հիփփիների շարժումը ծագեց հենց այնպես։ Դրան նախորդել էր մի հզոր մշակութային ալիք՝ 30-ականների գրական «կորուսյալ սերունդը» և 40-50-ականների «կոտրված սերունդը»՝ բիտնիկները, ինչպես նրանց կոչում էր ամերիկացի սյուրռեալիստ պոետ Բոբ Կաուֆմանը։ Լյուսյեն Քարրը, Ուիլյամ Ս․ Բերրոուզը, Ալեն Գինզբերգը, Գրեգորի Կորսոն, Ջեք Քերուակը և այլք՝ բիտ-սերնդի «ոսկե» երիտասարդությունը՝գրողներ, պոետներ, մի խոսքով՝ ուղնուծուծով մտավորականներ, որոնք իրենց ստեղծագործություններում անմահացրին ժամանակն ու կյանքը, ստեղծելով ճշմարիտ արվեստի գործեր։

«To be hip», այսինքն՝ «իմանալ, ճանաչել, տեղյակ լինել»։ Մեր լեզվով ասած՝ «կուրսի լինել»։ Առաջին հիփփիները ամերիկյան Նյու-Յորքի Գրինվիչ-վիլիջի ուսանողներն էին, որոնք երկար մազեր և մորուք էին թողնում, հաճախ կեղտոտ ու պատռված, բայց ծիածանի պես բազմագույն հագուստներով, փրթած ջինսերով էին դուրս գալիս փողոց, մարտահրավեր նետելով հասարակությանը, շոկի ենթարկելով նրան իրենց էպատաժային պահելակերպով, փորձելով աչքի ընկնել բոլոր հնարավոր և անհնարին ձևերով։ Լսում էին ջազից անջատված ազատական ու սիրառատ ռոք՛ն՛ռոլլ, ապրում անջատված կոմունաներում, ճանապարհորդում բաց ու բազմագույն ավտոբուսներով՝ հաճախ ավտոստոպով, բայքերով, հեծանիվներով։ Հիփփիները բացառապես բուսակերներ էին, քանզի հետևում էին դաոսիզմին, դզեն-բուդդիզմին ու հինդուիզմին։

«Հարե Քրիշնա»․․․Հիփփիները նաև ծաղկասեր էին, քանզի ամենուր իրենց հետ ծաղիկներ, հուլունքներ էին ման տալիս՝ մազերի, հագուստի մեջ։ Զինված ցույցերի ժամանակ թնդանոթի կամ ատրճանակի դիմաց իրենք ծաղիկ էին պարզում ոստիկաններին։ «Մենք սիրով ու գեղեցիկով ենք պայքարում․․․» «Ահիմսա» («Ahimsa»)՝ հիփփիները հավատում էին նրան, որ չի կարելի բռնության միջոցով չարը տարածել աշխարհում։ Չի կարելի բռնանալ ոչ մտքով, ոչ խոսքով, ոչ գործով։ All you need is love, all we need is love… Give peace a chance, give chance to peace…՝ ծաղկաքաղ հիփփիների անմահ կարգախոսներից։

Հենց 1965թ․ էր, երբ հիփփիական բունտի բումն էր Սան-Ֆրանցիսկոյում։ Հետագայում սա եկավ-համընկավ 1967թ․ Հայտ-Էշբերիի «սիրո ամռան» հետ։ Այդ ամառ մոտ 100 000 հիփփիներ հավաքվեցին տոնելու սիրո և ազատության տոնը՝ համեմված պսիխոդելիկ, տրանսի մեջ գցող երաժշտությամբ, վառ արտահայտված սեքսուալ ազատությամբ, ստեղծագործական էքսպրեսիայի պոռթկմամբ, այսպիսով՝ վերածվելով հասարակական արձագանք լայն ու բուռն ստացած սոցիալական ու քաղաքական ակցիայի։ Պայքարել չպայքարելով․․․Սա հիփփիական հեղափոխության բարձրակետերից էր, երբ բոլորը միասին էին, միաբան էին, լիովին վստահ, որ իրենք ճիշտ են վարվում։ Սոցիալական կեցության նորարար էքսպերիմենտ, որը փոխեց մարդկության հոգեբանական նկարագիրը։ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն․․․»՝ լուսավոր գալիքի սպասումով ողողված։ Մոնտերեյ և Վուդստոկ հիփփիական փառատոներ, դե իսկ հիմա նաև՝ «Ծիածան» կամ Rainbow, որն ամեն տարի անցնում է մի որևէ երկրում և միավորում արդեն ժամանակակից հիփփիներին, նախկինների հավատարիմ սերունդներին։ Ի դեպ, նախորդ մի քանի տարիներին այն նաև մեր տարածաշրջանում է անցկացվել՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա։

ԵՎ այսպես, մեր հայրենակից, սակայն ամերիկաբնակ Էդվարդ Մազմանյանը, «8-մատանի Էդդին», «հիփփիների արքան» առաջիններից էր, ով նոնկոմֆորմիստական այս բումի ժամանակ՝1965թ․ թողեց իր բժիշկի հաջող կարիերան ու մեկնեց Հնդկաստան, Գոա և ընդմիշտ հաստատվեց Անջունայում։ Էդդին խոստովանում է, որ ընդամենը 8 մատով է ծնվել։ Նա չի կոտրել դրանք, չի վնասել, այլ հենց այդպես է լույս աշխարհ եկել։ Ի դեպ, Հնդկաստանում 8 մատով ծնվածները հաջողակ են համարվում։ Դե այսինքն, ընդհանրապես բոլոր շեղումներով մարդիկ այստեղ օրհնյալ են համարվում։ Ամեն աննորմալ բան այստեղ շատ նորմալ է դիտարկվում ու անգամ սրբազնացվում։

Ասում են, հիփփիները, բոլորն առանց բացառության թունդ թմրամոլներ էին։ Հարց է ծագում, էդպիսի դրախտային պայմաններում՝ Գոայում, Բալիում, Իբիցայում ինչներին՞ էին պետք թմրանյութերը, հալյուցինեգենները։ Իրենք հիփփիները բացատրություն ունեն․ ասում են, թմրանյութերը օգնում են ազատվել նյութից․․․բացապարզում են գիտակցությունը, ստեղծում այնպիսի նպաստավոր պայմաններ, որոնց առկայության դեպքում մարդը սկսում է իրեն ընկալել ոչ միայն որպես մատերալիստական գոյացություն, այլ նաև՝ հոգու առկայություն է զգում իր ներսում, մի բան, որն աննյութական է ու անտեսանելի, սակայն կա, գոյություն ունի՝ վերից է, աստծուց, տիեզերքից։ Հենց այս ժամանակ է, որ մարդն իմացության է գալիս, բացվում են ուղեղի ծալքերն, ու նա տեսնում է լույսը, ձեռք բերում տեսլական։ Սակայն շատ հիփփիներ մերժում էին այս ճանապարհը, այլ զբաղվում յոգայով, մեդիտացիայով, շարունակ մանտրաներ կրկնում, փորձում հասնել տանտրայի ու նիրվանայի։ Դե, սա էլ է տարբերակ ու ճանապարհ։ Նայած, թե որ ուղին ես ընտրում։ Ճշմարտությունը մեկն է, սակայն դեպի այն տանող ճանապարհներն են բազմաթիվ ու տարբեր։ Համենայնդեպս, սեքսի ու թմրանյութերի չափաքանակի չարաշահումից ոչ մի լավ բան իրենց մոտ դուրս չեկավ։ Այլ միայն կախվածություն ու պսիխոդելիկ դժոխք, որը գլորեց նրանց, գցեց անդունդը։ Դե հեղափոխությունների ժամանակ միշտ էլ այդպես է։ Սկզբում՝ բարձրագոչ լոզունգներ լավագույն ապագայի մասին, դե իսկ հետո էլ այդ բոլոր գաղափարները հայտնվում են ցեխի մեջ՝ տրորված կամ էլ փշրված, խաչված կամ աղբարկղը նետած։ Ով դիտել է Բարբետ Շրյոդերի կուլտային «More» ֆիլմը, վստահաբար կհաստատի ասածս։

Հիփփիները որքան քաղաքականացված էին, այնքան էլ ապաքաղաքականացված։ Ապրելով քաղաքակիրթ «փտած» հասարակությունից դուրս՝ սիրո, խաղաղության, ընկերության և փոխօգնության վրա հիմնված կոմունաներում, նրանք նախընտրում էին փոխել աշխարհը պարզության ու մաքրության, սոցիալական ստեղծագործության ու կիրառական արվեստի միջոցով։ Այսինքն, որ այն կիրառական լինի, հարմար և ֆունկցիոնալ մեծ նշանակություն ունենա։ Դե իհարկե, հիփփիները ձախ մտածողներ էին, կոմունիստական հեղափոխության ջատագովներ, սոցիալիստական գաղափարախոսության, բայց ոչ երբեք դրա նողկալի պրակտիկայի, որն արդյունքում վերածվեց ամենատիրական իմպերիալիզմի, տոտալիտար դիկտատուրայի։ «Ավե Մաո Ցզեդուն»,- կասեին իրենք հիփփիները։

Սակայն ի վերջո ամենը տապալվեց, կործանվեց։ Ինչպես երաժշտության մեջ․․․Beatles-ի կամ Doors-ի մոտ էլ սկզբնական շրջանում պարզ ու մաքուր, ներքին ուրախությամբ ու անհոգությամբ տոգորված երաժշտություն էր։ Սակայն արդեն ուշ շրջանում այն դարձավ ավելի ծանր ու մռայլ, տխուր ու թախծոտ, հագենալով անդառնալիության, անելանելիության երանգներով, ապոկալիպտիկ վախճանաբանական տրամադրություններով։ Սա նաև հիփփիական շարժման մայրամուտն էր․․․ Կոնֆորմիստները հեռացան ուր էր պետք է, նյութական իրականությունն ու սպառողական հոգեբանությունը խժռեցին ամենն առանց մնացորդի։ Փրփուրը հեռացավ ծովի մակերևույթից։ Դե իսկ ինչ՞ մնաց դրա տակը։ Այսօր էլ Գոայում կարելի է հանդիպել հիփփիների՝ ծեր, միջին տարիքի ու նաև՝ երիտասարդների։ Նրանք, ովքեր մնացել են այստեղ, կարելի է ասել, որ իսկապես երջանիկ են, գտել են այն, ինչ փնտրում էին․․․Գտել են իրենց իսկ ներսում, հոգու խորխորատներում։ Նրանք կարողացել են ազատություն ձեռք բերել, և առաջին հերթին՝ ազատություն ինքդ քեզնից, այն ամենից, ինչը որ քեզ խանգարում է հասնել երջանկության, բոլոր ներքին կապանքներից։ Ամենն այս տիեզերքում մարդն է և ամենը մարդու ներսում է։ ԵՎ չկա աշխարհ նրանից դուրս․․․Սեքսի փոխարեն սեր, թմրանյութերի փոխարեն բնական խոտաբույսերից եփված առողջարար թեյեր ու թուրմեր, ռոք՛ն՛ռոլլի և պսիխոդելիկայի փոխարեն լռություն։ Ձգտելով հոգու խաղաղության, ներքին հանգստության, հանդարտության ու անվրդովության։

Դե իսկ Անջունայում էլ ինձ ասացին, որ «հիփփիների արքա» հայազգի Էդդի Մազմանյանն անցյալ տարի է մահացել՝ 2014թ․ հոկտեմբերի 18, 85 տարեկան հասակում։ «Ֆատումի սիրելի» Էդդիի վերջին 10 տարվա նվիրված ընկերը, նորվեգացի լրագրող Օյսթեր Քյոքսեթը մինչև վերջ նրա կողքին է եղել հիվանդանոցում։ Նա ներկա է գտնվել նաև Էդդիի դիակիզման՝ կրեմացիայի արարողությանը և հեռարձակել այն օն-լայն ռեժիմով՝ համացանցով։ Էդդին ի վերջո հասավ իր դրախտին, նույնիսկ վերջին սահմանը ջնջեց իր և անվերջության միջև՝ մարմինը, որն իրեն դեպի ներքև էր ձգում, դեպի նյութը, թույլ չէր տալիս, որ նրա հոգին ազատ, ուրախ ու անհոգ ճախրեր երկինքներում։ Էդդին ազատվեց մարմնից․․․և մեկ այլ, ավելի լավ, ավելի լուսավոր աշխարհ ուղևորվեց։

 

 

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

 

Հնդկաստան, Գոա նահանգ, Չապորա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031