Լրահոս
Օրվա լրահոսը

Որբուկ քոթոթը (պատմվածք)

Մայիս 22,2015 17:36

Նեղլիկ փողոցում գարնանային անդորր էր: Բայց ահա մեր հարևանի տղա Գագիկը դպրոցից տուն վերադարձավ, արագ ներս մտավ տուն, պայուսակը նետեց իր աշակերտական սեղանին և դուրս թռավ փողոց` հացի մեծ կտորը ձեռքին: Մայրիկի կանչին նա պատասխանեց, որ շուտով կգա: Հետո վազեց փողոցն ի վար ու ետ վերադարձավ մի փափլիկ շան քոթոթ գրկած:

Փողոցը, իհարկե, նաև բակի էր նման, քանի որ նրա երկու կողմերում երկհարկանի տներ էին և այդ փողոցով հազվագյուտ էին ավտոմեքենաներ անցնում, իսկ երեխաներն էլ` օրվա մեծ մասը այդտեղ էին խաղում, քանի որ տների հակառակ կողմում այգիներ էին կամ այլ անհատական շինություններ: Նույնիսկ ընդհանուր էր ջրի ծորակը, որը փողոցի միջին մասում էր գտնվում: Դե, հենց այդ էր պատճառը, որ բակի երեխաները տեսնելով Գագիկին շան քոթոթի հետ, արագ դուրս թռան իրենց տներից և հավաքվեցին նրա շուրջը: Քոթոթը արդեն արագ-արագ ուտում էր Գագիկի տված հացի կտորը, ընդհատումներով նաև գռմռում, որի իրեն չխանգարեն: Վերջացնելով հացի առաջին կտորը` քոթոթը հաճույքով լպստեց դնչիկը և շնորհակալ աչքերով նայեց Գագիկին, բարեկամաբար շարժեց պոչը, ինչը նշանակում էր, որ դեռ չի կշտացել: Գագիկը նրան շպրտեց հացի մնացյալ կտորը, որը հենց օդում որսաց ճարպիկ քոթոթը: Կռվասեր տղաներից մեկը` Ալենը, որը այդ բոլոր ժամանակ նեղված նայում էր քոթոթի գործողություններին, վերջապես հարցրեց Գագիկին.
-Արա’, ինչու՞ ես շան բունը քանդել:

-Ո՞վ ասաց, որ ես եմ քանդել,-զարմացավ Գագիկը:
-Բաբիկն ասաց:
-Արա’, հե~յ, Բաբի~կ…,գոռաց Գագիկը:
-Ի՜նչ…,-բացելով պատուհանը, ձայնեց Բաբիկը:
-Արի` էստեղ, հաշիվ կա, դու ե՞ս ասել, թե ես եմ շան բունը քանդել:
-Հա~:
-Ախր Էդիկն է քանդել:
-Չէ’, դու ես քանդել…
-Էդի~կ, Էդի~կ,- նորից կանչեց Գագիկը:
-Էդիկը տանը չէ,-դպրոցից դեռ չի եկել,-բացելով իրենց պատուհանը` տղաներին պատասխանեց Էդիկի քույրիկը, ստելով:
Կռվազան տղան հայհոյախառն անորոշ ինչ-որ բան ասաց, որը վիրավորեց Գագիկի ինքնասիրությունը և նա նույն ձևով պատասխանեց դիմացինին: Եվ սկսվեց տղաների «աքլորակռիվը»: Տեսնելով, իրար փաթաթված, կարմրատակած տղաների պայքարը, որը գնալով թեժանում էր, փողոցով անցնող անծանոթ տղամարդը փորձեց խաղաղեցնել նրանց:

Ամեն ինչ բարեհաջող վերջ ունեցավ, և տղաները նորից խմբվեցին շան քոթոթի շուրջ, որը արդեն հասցրել էր ծամել հացի նաև երկրորդ կտորը և անորոշությամբ ճպճպացնում էր աչքերը` չհասկանալով, որ վեճի առարկան հենց ինքն է եղել: Մի քիչ կարծես տխրել էր, որ այդ չար տղան Գագիկին նեղացրել էր: Ա՜յ, եթե ինքը մեծ և ուժեղ լիներ, նրան ցույց կտա~ր:

Հետո Գագիկը գրկեց շան քոթոթին և իրեն հավատարիմ տղաների հետ տարավ իրենց բակ ու մինչև երեկո աշխատում էին` պատրաստելով քոթոթի համար հարմարավետ նոր կացարան: Այդպես էլ նա անհրաժեշտ նախաճաշից հրաժարվեց և միայն ընթրիքին ներկայացավ՝ վերջապես անսալով մայրիկի հորդորներին: Չէ որ քոթոթը որբուկ էր և անհայտ պատճառներով կորցրել էր մայրիկին և ոչ ոք նրա մասին հոգ չէր տանում, կերակրում կամ մտածում նրա կացարանի պատրաստման մասին: Ճիշտ է, չէ՞:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031