Մայիսի 31-ին Գորիսում փողային նվագախմբերի մեծ փառատոն է լինելու, որի մասնակիցների թիվը հասնում է 500-ի:
2005 թվականից սկսած` ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը կազմակերպում է «Հնչիր շեփոր հաղթական» նշանաբանով փողային նվագախմբերի շքերթ-փառատոն, որի նպատակն է` նպաստել դպրոցականների և երիտասարդների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, նպաստել նրանց կատարողական վարպետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել նոր փողային նվագախմբերի ստեղծմանը: Փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին մասնակցում են ՀՀ հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն և կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբերը:
Առաջին փառատոնին մասնակցել են 6 նվագախմբեր: Այնուհետև նվագախմբերի քանակը սկսել է աճել և արդեն 2015թ. մասնակցության հայտ են ներկայացրել 16 նվագախմբեր և թմբկահարների անսամբլներ: 2011թ.-ից փառատոնը անց է կացվում մարզերում:
2011թ. փառատոնը հյուրընկալեց Գյումրին, 2012թ.՝ Ստեփանակերտը, 2013թ. ՝Վանաձորը, 2014թ.՝ Ստեփանավանը և Դիլիջանը:
Կարդացեք նաև
2015թ. փառատոնը, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, անց է կացվելու Հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում և մերձակա 4 գյուղերում / Շինուհայր, Վերիշեն, Խնձորեսկ և Քարահունջ/: Մասնակիցների քանակը մոտ 500 պատանիներ և աղջիկներ:
Պարտադիր ծրագիրն է Դավիթ Թուխմանովի <Հաղթանակի օրը> և Արմեն Մարտիրոսյանի <Հայկական բանակը>:
ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն