Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցում Երևանի քաղաքապետին ծառահատումների և խորը էտի վերաբերյալ

Մայիս 22,2015 17:20

Երևան քաղաքի բնապահպանական վիճակով՝ մասնավորապես ծառերի զանգվածային էտի և շարունակվող ծառահատումների խնդիրներով մտահոգված մի շարք կազմակերպություններ և քաղաքացիներ, այսօր տեղեկատվության ստացման հարցում են ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ ասված է.

«Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված են տարբեր հաղորդագրություններ մայրաքաղաքի բնապահպանության ոլորտում ամեն տարի կատարած աշխատանքների վերաբերյալ, որոնցում ներկայացված են միայն շատ ընդհանրական տվյալներ տնկված ծառերի և թփերի քանակի, ծառերի տեսակների, երբեմն նաև նրանց կպչողականության մասին։ Նույն է վիճակը նաև ծառերի էտման աշխատանքներին վերաբերող տեղեկատվության հարցում, իսկ հատված ծառերի մասին տեղեկություններն ընդհանրապես բացակայում են։

80
Հաշվի առնելով այն փաստը, որ ծառերը քաղաքային բնական միջավայրի կարևոր բաղադրիչներ են և հսկայական նշանակություն ունեն բարենպաստ շրջակա միջավայրի ձևավորման գործում, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27․1 և 33․2 հոդվածները, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները և ՀՀ կողմից վավերացրած Օրհուսի համաձայնագիրը, խնդրում ենք տրամադրել 2010-2015թթ․ ընթացքում այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը՝ տարեկան կտրվածքով․
1. Տնկված ծառերի ճշգրիտ քանակը, տեսակային կազմը թվերով, ծառերի կպչողականությունը, և այդ ցուցանիշի ուսումնասիրման հաշվետվությունների պատճենները։
2. Տնկված ծառերի տարածքային և քանակական բաշխվածությունը՝ հնարավորության դեպքում նաև քարտեզ-սխեմայի տեսքով։
3. Ծառերի տնկման աշխատանքների համար ծախսված ֆինանսական միջոցները։
4. Հատված ծառերի հստակ քանակը, տեսակային ու տարիքային կազմը, նշելով նաև թե դրանցից որոնք են եղել անօրինական։
5. Կենտրոն վարչական շրջանի տարածած հաղորդագրության մեջ նշված, Խորենացի փողոցի վրա գտնվող Ոսկու շուկայի մոտ, երկու սոսի տեսակի ծառերի հատման համար հիմք հանդիսացած բնակիչների բազմաթիվ բողոք-դիմումների, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից կատարած ուսումնասիրությունների և տրված եզրակացության պատճենները։
6. Մայրաքաղաքում էտված ծառերի ճշգրիտ քանակը՝ այդ թվում առանձին նշելով խորը էտի ենթարկվածների քանակը, դրանց տեսակային ու տարիքային կազմը թվերով, ու էտման աշխատանքների վրա ծախսված ֆինանսական միջոցները՝ նշելով թե միջին հաշվով որքան գումար է ծախսվել մեկ ծառի էտման համար։
7. Երևանի Օրհուս կենտրոնի 15․04․2015թ․ հարցմանը տրամադրած պատասխանում, քաղաքապետարանից նշել էին, որ թեղիների բուժումը վերջին երեք տարիներին արդյունավետ չի եղել։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ծառերի բուժում այլևս չի իրականացվելու և կիրառվելու է միայն խորը էտի տարբերակը։
8. Այդ նույն պատասխանում քաղաքապետարանը չի տրամադրել նաև հստակ տեղեկություն առաջացած փայտանյութի հետագա ճակատագրի մասին։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք ներկայացնել ծառերի հատման և էտման արդյունքում ստացված փայտանյութի ծավալներն, ու դրանց հետագա օգտագործման համար տրված հանձնարարականների պատճենները․ քանի՞ ընտանիք են ստացել փայտանյութ, ի՞նչ ծավալներով և ինչպես են ընտրվել այդ ընտանիքները։
9. Ի՞նչ քայլեր են իրականացվել քաղաքապետարանի կողմից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից 2009 թվականին մշակված Երևան քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի իրականացման ուղղությամբ։
10. Ի՞նչ քայլեր են իրականացվել Երևանի բուֆերային և պաշտպանական անտառաշերտերի վերականգման ուղղությամբ։
Խնդրում ենք բոլոր տվյալները ներկայացնել տարեկան կտրվածքով՝ 2010-2015թթ․ համար և ամբողջական։ Քանի որ արդեն ունենք նախադեպ խորհուրդ տալու դիմել Երևան քաղաքի 12 վարչական շրջաններին՝ տվյալներ ստանալու համար (ինչպես դա արվել է Երևանի Օրհուս կենտրոնի 15․04․2015թ․ հարցմանը տրամադրած պատասխանում), այդ իսկ պատճառով ակնկալում ենք ամբողջական պատասխան կոնկրետ Երևանի քաղաքապետարանից՝ համոզված լինելով, որ այդ տեղեկություններն առաջին հերթին անհրաժեշտ են նաև Ձեր կառույցին՝ վիճակն ու կատարված աշխատանքների արդյունավետությունը ճիշտ գնահատելու և այս ուղղությամբ հետագա գործողություններն ավելի լավ կազմակերպելու համար»։

Հարցմանը միացել են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, Երևանի Օրհուս կենտրոնը, «Էկոլուր» ՀԿ-ն, «Դալմա-Սոնա» Հիմնադրամը, «Civil Voice» ՀԿ-ն, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և այս հարցով մտահոգ քաղաքացիների խումբը:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031