Երեք տարի առաջ ամուսնու կողմից սպանված 35-ամյա Դիաննա Նահապետյանի հարազատները մտահոգված են, որ սպանություն կատարած նրա ամուսինը` Վոլոդյա Մուրադյանը, ամեն ինչ անում է, որ թեթև պատիժ կրի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը տեղեկացրեց. «Վոլոդյա Մուրադյանն ամենատարբեր եղանակներով արդեն դիմել է քայլերի, որպեսզի թեթևացնի իր պատիժը: Այժմ ընթանում է երրորդ փորձաքննությունը, հույս ունենք, որ գոնե այս փուլում բռնարարը ստանա իր արժանի պատիժը»:
Տուժողի՝ Դիաննայի մայր Վալյա Նահապետյանի միակ ակնկալիքը արդար դատավճիռն է: Նա նշեց. «Ուզում են մեղմացնել պատիժը, իսկ ես ուզում եմ, որ նա պատժվի խստագույնս իր կատարած հանցանքի համար: Իմ աչքի առաջ են երկու որբացած երեխաները, նրանք մինչև հիմա էլ չեն կարողանում չհիշել, թե ոնց են իրենց մորը դաժանաբար սպանել, թե ինչպես է մի կերպ մայրը մի պահ աչքերը բացել, ասել, թե փախեք գնացեք, որ ձեզ չհասնի»:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրի համակարգող Սոնա Հովակիմյանը ներկայացնելով վիճակագրությունը, նշեց, որ ընտանեկան բռնության արդյունքում իրականացված սպանություններն աճել են. «2013-ին այդ թիվը 5-ն էր, 2014-ին` 11: Այս պատկերի պատճառներից է նաև այն, որ մինչև այսօր չունենք ընտանեկան բռնության կանխարգելման օրենք, մեր երկիրը չունի համապատասխան մեխանիզմներ դրանց կանխարգելման համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»