Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակցի ավտոմեքենան առեւանգողն արդարացվեց

Մայիս 22,2015 17:05

Պաշտպաններ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Երեմ Սարգսյանն ու Վաղինակ Գեւորգյանը, որոնք իրականացնում էին Տիգրան Մնոյանի պաշտպանությունը, դատարանում ապացուցեցին, որ ճիշտ է՝ իրենց պաշտպանյալը մասնակի ընդունել է, որ ինքն է առեւանգել մեքենան, սակայն իրականում նա մեքենա վարել չի իմացել

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մայիսի 19-ին հրապարակել է արդեն դատավճիռը:

Ըստ գործի նյութերի, Տիգրան Մնոյանը ձերբակալվել է 2013 թ. մարտի 21-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մեղադրական կողմի պնդմամբ, Տ. Մնոյանը 2013 թ. փետրվարի 23-ին, ժամը 00:30-ի սահմաններում, «ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ», լինգի գործադրմամբ բացել է Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում գտնվող տուժող Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոտնակի դռները, և գաղտնի հափշտակել վերջինիս 1.450.000 ՀՀ դրամ արժողությամբ ՙՇևրոլետ Կապրիզ Կլասիկ՚ մակնիշի 65 OU 335 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան իբրեւ տարվել է Արագածոտնի մարզի ուղղությամբ: Մեքենայում եղել է 5.704.860 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար գումար, բջջային հեռախոս: Դրանք վերցնելով՝ Մնոյանը մեքենան թողել էր Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:

Նախաքննության ժամանակ Տիգրան Մնոյանն իրեն մասնակի մեղավոր էր ճանաչել, հայտնել, թե դեպքի օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տուժողի ավտոտնակի դռները, ապօրինի մուտք է գործել այնտեղ և «վաճառելու նպատակով գաղտնի հափշտակել» ՙՇևրոլետ Կապրիզ Կլասիկ՚ մակնիշի 65 OU 335 համարանիշի ավտոմեքենան:

Ըստ նախաքննության մարմնի, Տ.Մնոյանը մասնակի խոստովանական ցուցմունքներ տալով նպատակ է հետապնդել «խուսափել խիստ պատժից, սակայն նրան մեղսագրվող արարքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված մի շարք ապացույցներով»:

Տուժողը՝ ԱԱԾ աշխատակից Դավիթ Սարգսյանն առավոտյան բացել է ավտոտնակի դուռը եւ տեսել է, որ ավտոմեքենան բացակայում է: Հենց այդ օրն էլ նրան զանգել են Ապարանի ոստիկանության աշխատակիցները և հայտնել, որ իր ավտոմեքենան հայտնաբերվել է Հարթավան և Շենավան գյուղերի խաչմերուկում և գտնվում է անվնաս վիճակում. «Ինձ է զանգել նաեւ Ապարանի շրջանի մի բնակիչ և հայտնել, որ գյուղերից մեկի մոտակայքում հայտնաբերել է իրեն պատկանող անձնական բնույթի փաստաթղթեր: Գնալով այնտեղ՝ ինքը գտել է փաստաթղթերը, իսկ շուրջ 2 կիլոմետր հեռավորության վրա` Հարթավան և Շենավան գյուղերի խաչմերուկում, ավտոմեքենան»: Հայտնել է նաև, որ մեքենայի մեջ վարորդի նստատեղի հետևում նշված փաստաթղթերի հետ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված է եղել 100 դոլարանոց թղթադրամներով 14.000 ԱՄՆ դոլար գումար:

Դատաքննության ժամանակ վկաներից Լ. Ուիչը, Ա. Մեհրաբյանը, Ա. Գալոյանը ցուցմունք են տվել սակայն, որ ամբաստանյալ Տիգրան Մնոյանը դեպքի օրվա գիշերվա ժամը 24.00-ից մինչև ժամը 03.00-ն գտնվել է Լ. Ուիչին և Ա. Մեհրաբյանին պատկանող Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 1-ին շենքի բնակարանում:
Դատարանը դադարեցրեց ութամյա կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, չի աշխատում, նախկինում չդատված, դրական բնութագիր ունեցող, ֆիզիկապես վատառողջ (տառապում է ՙՌադիկուլյար սինդրոմ՚ հիվանդությամբ, որի պատճառով զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի) Տիգրան Մնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031