Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյունավետ ծախսեր ենք անելու, ոչ թե գյուղապետին կամ քարտուղարուհուն ռոճիկ տանք, երբ գյուղապետարանը փակ է» (Տեսանյութ)

Մայիս 22,2015 16:42

Մայիսի 17-ին Հայաստանի Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում տեղի ունեցած համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել: Այսօր այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Նրա ներկայացմամբ՝ Լոռիում Թումանյանի փնջում, որտեղ 7 համայնք է մասնակցել հանրաքվեին, 68%-ը կողմ է եղել խոշորացմանը, իսկ Տավուշի Դիլիջան փնջում եւս 7 համայնք է մասնակցել, 73%-ն է կողմ արտահայտվել: Իսկ Սյունիքում, ըստ Գիլոյանի, թե մարդկանց մասնակցության ցուցանիշն է բարձր եղել, եւ թե կողմ քվեարկողների ցուցանիշը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնն, ըստ Գիլոյանի, որեւէ կապ չունի ցուցանիշների հետ, ինչպես նաեւ վարչական լծակների կիրառումը Գիլոյանը բացառեց:

Աշոտ Գիլոյանն ասաց, որ մեր երկրի համար 915 համայնքը շքեղություն է, ուստի նախաձեռնել են համայնքների միավորման ծրագիրը, որի մասին խոսվում է 1996 թվականից, 2008-ին հայեցակարգն է մշակվել, 2013-ին՝ հաստատվել:

Գիլոյանը վստահեցրեց, որ համայնքների միավորմամբ բազմաթիվ խնդիրներ են լուծելու, համայնքները զարգացնելու են. «Այսօր բնակավայրեր ունենք, որ չեն զարգանում, կանգնեցվելու է արտագաղթը, ենթակառուցվածքներն ենք զարգացնելու»:

Aravot.am-ի այն հարցին՝ թե ինչն էր մինչ օրս խանգարում համայնքները զարգացնել, արդյոք ենթակառուցվածքների համար՝ ասենք՝ ջրագիծ ու ճանապարհ կառուցելու համար համայնքների խոշորացո՞ւմ էր հարկավոր, Գիլոյանն ասաց՝ «Նախ ֆինանսական միջոցները, որ բավարարեին, վաղուց կառուցվել էր, չի բավարարում: Բայց չի կարող Թումանյանի փնջում ճանապարհը մի հատված տանենք Լորուտում, կամ Աթանի ճանապարհը տանենք՝ կառուցենք…եւ հետո, էդ ճանապարհը գիտե՞ք քանի կիլոմետր է, մոտ՝ 30, հետո էդ ճանապարհը շահագործել է պետք»:

Մանրամասն՝տեսանյութում

Aravot.am-ի մյուս հարցին էլ՝ գյուղացին Գիլոյանի նշած՝ զարգացումն ու խոշորացման արդյունքը ե՞րբ կզգա, վարչության պետը երկար ինչ-որ բաներ ներկայացրեց, մի քանի անգամ հարցը կրկնելուց հետո, Գիլոյանը վերջապես պատասխանեց՝ «Մոտակա 1-2 տարվա մեջ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեր այն հարցին էլ՝ արդյոք խոշորացման արդյունքում ֆինանսական միջոցներ կտնտեսվեն պետբյուջեւում, Գիլոյանն ասաց՝ ոչ, որեւէ տնտեսում չի լինելու. «Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը գումարները տնտեսելու է, որ տանի, ասենք Երեւան կամ ուրիշ տեղ, , ամենեւին: Որեւէ գումար չի տնտեսվում, այդ գումարները, որ ծախսվում են, էլի էդ բնակավայրերում են ծախսվելու, ավելի արդյունավետ ենք ծախսելու, ոչ թե գյուղապետին կամ քարտուղարուհուն ռոճիկ տանք, երբ գյուղապետարանը փակ է»:

Համայնքապետարանների հաստիքներ, միավորման արդյունքում կրճատվելու են. Օրինակ, ըստ Գիլոյանի, նշված 7 համայնքներում հաշվապահի եւ քարտուղարուհու հաստիք պետք չէ, բայց գյուղապետ լինելու է, այն էլ նշանակովի, ոչ թե ընտրովի:

Նշենք, որ հանրաքվե անցկացված 3 մարզերում առայժմ պիլոտային ծրագիր է իրականացվում: Աշոտ Գիլոյանի ներկայացմամբ՝ հանրաքվեն խորհրդատվական իմաստ է ունեցել, ծրագիրն Ազգային ժողովին դեռ պետք է ներկայացվի, որպեսզի բուն խոշորացման, միավորման գործընթացին անցնեն:

Ընդհանուր առմամբ, եթե աշխատի Գիլոյանի ասած՝փնջային մոդելը, ապա 915 համայնքներից 250-300 համայնք կմնա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031