Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է թե’ անասնագլխաքանակի և թե’ կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճ

Մայիս 22,2015 16:24

Այսօր տեղի է ունեցել գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանի և Սամվել Գալստյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվել են բուսաբուծության և անասնապահության ոլորտներում գյուղատնտեսական տարվա արդյունքները:

Գրիշա Բաղիյանը, նշել է, որ լինելով ՀՀ գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկը, անասնաբուծությունը 2014 թվականին ապահովել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 39%-ը:

«Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի և հետևողական աշխատանքի շնորհիվ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության կողմից ամփոփված ցուցանիշների 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է թե’ անասնագլխաքանակի և թե’ կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճ», – նշել է նախարարի տեղակալը:

Մասնավորապես նրա խոսքով` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ տավարի գլխաքանակը ավելացել է 10.9 հազար գլխով և կազմել 688.5 հազար գլուխ, ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է 28.3 հազար գլխով և կազմել 745.8 հազար գլուխ, խոզերի գլխաքանակը ավելացել է 2.6 հազար գլխով, իսկ թռչունների գլխաքանակն ավելացել է 21.0 հազար գլխով և կազմել 4 մլն 122 հազար գլուխ:

Գրիշա Բաղիյանի խոսքով, 2014 թվականին ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները: Ընդ որում, մսի իրացման ծավալներն ավելացել են 16.5 հազար տոննայով և կազմել 163.3 հազար տոննա, կաթի արտադրության ծավալներն ավելացել են 43.4 հազար տոննայով` կազմելով 700.4 հազար տոննա, իսկ ձվի արտադրության ծավալներն ավելացել են 23.1 մլն-ով և կազմել 638.3 մլն հատ:

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին` Գրիշա Բաղիյանը նշել է, որ 2014 թվականին զգալի աճել է ձկան համախառն արտադրությունը` կազմելով 13.9 հազար տոննա, ինչը 2.3 հազար տոննայով գերազանցել է 2013 թվականի ցուցանիշը:

Ձկան արտադրության ծավալներին զուգընթաց 2014 թվականին ավելացել են նաև ձկան արտահանումների ծավալները: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ է արտահանվել ավելի քան 2.7 հազար տոննա ձուկ, նախորդ տարվա 2.4 հազար տոննայի դիմաց: Բացի այդ, արտահանվել է նաև 6.3 տոննա խավիար:

Իր հերթին Սամվել Գալստյանը նշել է, որ պետական աջակցության շարունակական ծրագրերի շնորհիվ բուսաբուծության ոլորտում ևս 2014 թվականին գրանցվել է կայուն աճ:

«Այդ ծրագրերը նպաստում են հողերի արդյունավետ և նպատակային օգտագործմանը, ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացմանը, ապահովում տնտեսական կայուն աճ, հողօգտագործողների եկամուտների ավելացում», – նշել է նա:

Սամվել Գալստյանը հատկապես կարևորել է պարարտանյութերի ներկրման ծրագիրը, որի շրջանակում ներկրվում և հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրվում են ոչ միայն ազոտական, այլ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` հողերի միակողմանի պարարտացումը կանխելու նպատակով:

Այս տարի ևս 2 տոկոսային կետով ավելացվել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը, որի արդյունքում հանրապետության բոլոր համայնքներում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն վարկեր ձեռք բերել 8 % տոկոսադրույքով:

Ս. Գալստյանի խոսքով` 2015 թվականին հանրապետությունում նախատեսվում է ավելացնել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, բանջարեղենի, բոստանի, կարտոֆիլի ցանքատարածությունները:

Փոխնախարարը հավելեց, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ է, ջրամբարներում կուտակված ջրի պաշարները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը, և առկա են լավ նախադրյալներ պտղի, խաղողի կայուն բերք ապահովելու համար, որի ցուցանիշները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031