Քաշաթաղի մայր գետ Հակարիի ու նրա վտակ Որոտանի (Բարգուշատ) միախառնման հատվածում՝ գետի աջ ափի հարթության վրա է գտնվում Երիցվանք համայնքը՝ կազմված Երիցվանք, Կրմեն և Ամիրյան գյուղերից: Համայնքի միջն. դպրոցն արդեն երրորդ տարին է, ինչ կոչվում է ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի անունով և գործում է Երիցվանքում՝ 1997 թվականից:
2014թ. հոկտեմբերից կրթօջախը տնօրինում է Վարդիթեր Սաֆյանը՝ մասնագիտությամբ կենսաբան: Վերջերս աշխատանքային այցով գտնվելով շրջանի հարավային թևի համայնքներում՝ այցելեցի նաև Երիցվանքի դպրոց, որը տեղակայված է երկհարկանի տիպային շենքում: Առաջին հարկն ունի վերանորոգման խնդիր. պետք է կատարվի հարդարման աշխատանք, տեղադրվեն դուռ ու պատուհան: Վերջերս նորոգվել է մի ընդարձակ սենյակ և հատկացվել համայնքի ակումբ-համակարգչային կենտրոնին, որն առայժմ ունի 2 համակարգիչ: Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ ունեն 48 աշակերտ, ուսուցչի պակաս առայժմ չունեն: Առաջին դասարանում սովորում են 8, իսկ 4-րդում՝ 5 աշակերտ: 9-րդ և 12-րդ դասարաններ չունեն:
Ըստ տվյալների՝ այս տարվա սեպտեմբերին 5 երեխա կհաճախեն առաջին դասարան, և կավելանա աշակերտների թիվը: Իհարկե, ուրախալի է, որ տարեցտարի մեր շրջանի դպրոցներում զգացվում է աշակերտների աճ: Սակայն այս դրական երևույթն իր հետ բերում է խնդիրներ՝ դպրոցներում դասարանները չեն բավականացնում:
Նույն խնդիրը կա նաև Երիցվանքում: Ճիշտ է՝ վերջին տարիներին նորոգվել է երկրորդ հարկը, լուսավոր ու գեղեցիկ են դասասենյակները, սակայն դարձյալ չեն բավարարում: Կրթօջախում չկա տնօրենի առանձին աշխատասենյակ: Եթե չնորոգվի առաջին հարկը, նոր ուստարում դասասենյակի խնդիր անպայման կառաջանա:
Կարդացեք նաև
Կրթօջախի գրադարանից օգտվում են նաև համայնքի բնակիչները: Տնօրենն ասաց, որ կա դասագրքերի պակաս: Վերջերս տարածքն ապահովվել է համացանցով, բայց դպրոցում այն դեռ չի գործում, քանի որ ունեն ընդամենը մեկ համակարգիչ, չի գործում տպիչ սարքը:
Խոսելով կրթօջախի հաջողությունների մասին՝ Վ. Սաֆյանը տեղեկացրեց. կա շատ լավ մանկավարժական կազմ, աշխատում են նվիրումով, ունեն համապատասխան կրթություն: Այս ուստարում 11 աշակերտ մասնակցել է հայոց լեզվից անցկացվող «Մեղու» դպրոցական մրցույթին: 4-րդ դասարանցի Լիանա Եսայանը հավաքել է 77 միավոր, արժանացել պարգևի: 8 աշակերտ էլ մասնակցել են «Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույթի. արդյունքները դեռևս ամփոփված չեն:
Կրթօջախում ուստարվա ընթացքում շատ միջոցառումներ են կայացել, հրատարակվել են պատի թերթեր, գործում է Փառքի և ազատամարտիկների անկյուն: Դպրոցի մոտակա բլրակի վրա սպիտակ քարերով վավերացրել են Հայոց Մեծ Եղեռնի մասին հիշեցնող 100 թիվը:
Անցած օգոստոսին, երբ սահմանում իրավիճակը լարված էր, դպրոցի ուսմասվար, ազատամարտիկ Զարզանդ Շահնազարյանը նույնպես մեկնեց առաջին գիծ (միասին էինք մարտական հենակետում):
Աշակերտները մասնակցել են շրջանային և հանրապետական մրցույթների: Տնօրենը խնդիրներից առանձնացրեց նաև այն, որ շենքի ներսում սանհանգույց չի գործում, իսկ դրսում գործող զուգարանն անվտանգ չէ ¥վերջերս օձ են տեսել¤: Վտանգ է ներկայացնում նաև դպրոցի կողքով անցնող տարածքի ոռոգման ջրատարը, քանի որ արգելապատնեշով անջատված չէ:
Զրուցեցի 4-րդ դասարանի աշակերտների հետ: Դասվար տիկին Սահակյանը գովեստով է խոսում իր սաների մասին:
-Բոլորն էլ լավ են սովորում, խելացի, կարգապահ աշակերտներ են: Սա նաև նախկին դասվարի՝ Վարդիթեր Առաքելյանի լավ աշխատանքի արդյունքն է,-ասաց Ա. Սահակյանը:
11-րդ դասարանում ընդամենը 3 աշակերտ է, և դասղեկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մերուժան Մարգարյանը նույնպես գոհ է նրանցից: Սերյոժա Հովհաննիսյանը որոշել է հետագա անելիքը՝ դառնալու է մեխանիզատոր. իրենց տարածքում շատ է զգացվում այս մասնագետի պակասը: Իգիթյան Քրիստինեն ցանկանում է աշխատել հարազատ կրթօջախում. որոշել է տարրական դասարանների դասվար դառնալ: Իսկ Նելլի Ազատյանը դառնալու է համակարգչային օպերատոր:
Կրթօջախում կարևորվում է նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը. հաճախ են կազմակերպվում արիության դասեր, հանդիպումներ տարածքի ազատամարտիկների հետ, և պատահական չէ, որ մոտ 25 աշակերտ որոշել են ընդգրկվել ՀՀ ԵԿՄ պատանի երկրապահի շարքերը:
Զոհրաբ Ըռքոյան