Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. «Գագիկ Ծառուկյանը կարող է պատիվ պահանջել»

Մայիս 22,2015 16:08

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի և լրագրողների զրույցն այսօր Սահմանադրական դատարանում ծավալվեց ոչ լեգիտիմ իշխանություններից, մինչև «Դոդի Գագո» մականունի կիրառության անհրաժեշտություն:

Անհանգստությանը` ինչու՞ չի կարող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած լինել իր իսկ վերարտադրության համար, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Այսօր ունենք գործող Սահմանադրություն, որը ժողովրդավարության մակարդակով մի քանի աստիճան ավելի ցածր է, քան այն, ինչ առաջարկվում է հայեցակարգով: Հետևաբար պնդել, որ ժողովրդավարական Սահմանադրության պայմաններում ավելի հեշտ է վերարտադրվել, այնքան էլ տրամաբանական չէ: Գործող Սահմանադրությունը, այնպես ինչպես գոյություն ունի, թույլ է տալիս, որ մի դեպքում իշխանության կենտրոնը լինի ՀՀ նախագահի և մյուս դեպքում ՀՀ վարչապետի ինստիտուտը` կապված` ով է խորհրդարանական մեծամասնություն կրող ուժը: Երբ ՀՀ նախագահը չունի Սահմանադրությամբ այնպիսի լիազորություններ, որոնք միանձնյա կառավարելու հնարավորություն չեն տալիս, ուրեմն ամենահիմնականը դառնում են պառլամենտական ընտրությունները: Հետևաբար պնդել, որ այսօրվա իշխանությունները սա նախաձեռնում են միայն վերարտադրման հնարավորության համար, այդ թեզը ինձ համար երբեք համոզիչ չի եղել»:

Հարցին, եթե սահմանադրական բարեփոխումներից հետո Սերժ Սարգսյանը նախագահի, վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվի, Վարդան Պողոսյանը պատրա՞ստ է դադարեցնել իր գործունեությունը` որպես սահմանադրագետ, պարոն Պողոսյանը հայտարարեց, թե նման մտադրություն չունի ու ասաց. «Ես չեմ Սերժ Սարգսյանը, որ հստակ ասեմ, թե ուզում եմ վերարտադրվել, ուզում եմ դառնալ նախագահ: Սահմանադրությունը չի գրվում առանձին մարդկանց համար»:

Վարդան Պողոսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որտեղ նա հայտարարել է, թե չի պատրաստվում դառնալ ՀՀ նախագահ, կամ վարչապետ, բայց ոչինչ չի ասել խորհրդարանի նախագահի մասին: Ուստի ստացվում է, որ նա կարող է առաջադրվել այս պաշտոնում և վերարտադրվել: Վարդան Պողոսյանը այս հարցում կարծում է, թե ամեն ինչ կախված է ժողովրդավար ընտրություններից:

Քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի վերաբերյալ խոսակցությունը ծավալվեց ու հասավ մինչև ՀՀ նախագահի ելույթ, որում նա օգտագործել է «Դոդի Գագո» արտահայտությունը: Հարցին` նախագահն իրավունք ունե՞ր օգտագործելու այդ մականունը, պարոն Պողոսյանն արձագանքեց. «ՀՀ նախագահն իրավունք ուներ նման ելույթ ունենալ և՛ Գագիկ Ծառուկյանի, և՛ քաղաքական այլ ուժի վերաբերյալ: ԲՀԿ-ի լավ իրավունքն էր հակառակ քննադատությունն ունենալ ՀՀ նախագահի նկատմամբ, անցկացնելու իր խոստացված հանրահավաքը և այլն: Սրանք քաղաքական գործընթացներ են»:

Հստակեցմանը` իսկ մականուն իրավունք ունե՞ր օգտագործելու, Վարդան Պողոսյանը հուզական արձագանք տվեց. «Դուք, երբ ձեր մամուլում ամեն օր մականուններով եք խոսում տարբեր մարդկանց մասին, դուք դրա իրավունքն ունե՞ք. իրավունք ունե՞ք ասելու Դոդի Գագո, Լիսկա…Թե շարքային քաղաքացի, թե ԶԼՄ ներկայացուցիչ, թե ՀՀ նախագահ, երբ խոսում է մականուններով, ես դա բացասական եմ գնահատում»:

Հարցին`Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է պատիվ պահանջել, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Եթե պատիվ պահանջելու խնդիր լիներ, ապա մեր ԶԼՄ-ները բոլորը դատարանում պիտի պաշտպանվեին: Բնականաբար, պարոն Ծառուկյանը կարող է իր պատիվը պահանջել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031