ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումներին: Ի պատասխան հարցի` պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումները հնարավորություն կտան ՍԴ-ին անվավեր ճանաչել նախագահական ընտրությունները, եթե անհրաժեշտ իրավական հիմքերը առկա են: Մյուս հարցին` հնարավո՞ր է սահմանադրության երկու տարբերակ ներկայացվի ԱԺ-ին, պարոն Հարությունյանը անտրամաբանական համարեց` պատճառաբանելով, թե այդպիսով ուղղակիորեն ԱԺ-ին դարձնում են սուբյեկտ: ՍԴ նախագահը հավաստիացրեց, որ պետք է անել ամեն ինչ, որ Սահմանադրությունը դառնա «ապրող», ու քանի դեռ Սահմանադրությամբ պետական պաշտոնյաների` քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը հստակեցված չէ և իրավական կարգավորման առարկա չի դարձել, վստահության պակասը շատ ավելին է լինելու:
Առաջարկները` գուցե նոր Սահմանադրությունը մաս-մաս դնեն հանրաքվեի, պարոն Հարությունյանը անիրականանալի համարեց` նշելով, որ Սահմանադրությունում չկան չփոխկապակցված դրույթներ:
Գագիկ Հարությունյանին հարց հղեցին նաև իր պաշտոնանկության անհրաժեշտության մասին` պատճառաբանելով, թե 20 տարի գործող Սահմանադրության պաշտպանն է եղել, բայց հիմա քննադատում է այն, ուստի տրամաբանական չէ՞, որ Սահմանադրության փոփոխությամբ պետք է փոխվի նաև ՍԴ նախագահը: Պարոն Հարությունյանն արձագանքեց. «Փոփոխություն կլինի Սահմանադրությամբ նախատեսված կարգով: ՍԴ-ն այս տարիներին բազմիցս շեշտել է իր որոշումներում, թե ինչ խնդիրներ են առաջանում սահմանադրական նման լուծումների պայմաններում, ես 30-ից ավելի գրքեր, 200-ից ավելի հոդվածներ ունեմ գրած այդ մասին: Մենք որպես մասնագետներ` փորձում ենք նաև մեր փորձառությունը օգտագործել, հուշել այնպիսի լուծումներ, որ հնարավոր սխալներից խուսափենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ