«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Ծրագրի նպատակը ժամանակակից կրթական համակարգի բովանդակային արդյունավետության բարձրացումն է, որտեղ տեսական գիտելիքների մատուցումը կհամատեղվի գործնական ու առարկայական մշակութային գիտելիքների հետ՝ կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ապագա քաղաքացու ձևավորման գործում:
Ծրագիրը կիրականացվի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների երեխաների համար` մարզերում մշակութային կազմակերպությունների հյուրախաղերի և Երևանում մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:
2015 թվականին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի Երևանում՝ ՀՀ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 47 սահմանապահ համայնքների 49 հիմնական դպրոցների միջին դասարաններում (10-14 տարեկան) սովորող շուրջ 2700 աշակերտների համար: Ծրագիրը շարունակական է և կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում, միաժանամանակ նախատեսվում են թատերահամերգային հյուրախաղեր ՀՀ մարզերում:
«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը մեկնարկեց՝ ս. թ. մայիսի 21-ին. Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի 120 աշակերտներ այցելեցին Կոմիտաս թանգարան-ինստիտուտ և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Այնուհետև, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում դիտեցին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագիրը:
Մայիսի 22-ին Տավուշի մարզի աշակերտներին միացան ՀՀ Արարատի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 220 աշակերտները: Իսկ Տավուշի մարզի երեխաներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան:
Այնուհետև, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մարզերից ժամանած աշակերտների, մանկավարժների, Երևանի հանրակրթական դպրոցների և սիրիահայ երեխաների հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վարչապետը ողջունեց երեխաներին և պատասխանեց նրանց հարցերին: Մարզերից ժամանած մանկավարժները շնորհակալություն հայտնեցին վարչապետին ձեռնարկած կարևոր ծրագրի ներդրման և իրականացման համար: Վարչապետի հետ հանդիպումից հետո երեխաները դիտեցին Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացումը, որի ավարտից հետո ՀՀ Արարատի և Գեղարքունիքի մարզերի աշակերտները կայցելեն Հայաստանի պատմության թանգարան և ազգային պատկերասրահ: Հաջորդիվ՝ Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում նրանք ներկա կլինեն Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրին:
ՀՀ մշակույթի նախարարություն