Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Իսլամական պետությունը Թուրքիայից օգնություն է ստանում, մինչդեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով հայաստանցի լրագրողներից մեկի հարցին, Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկն ասաց, որ Թուրքիայի հետ քննարկվել է այդ հարցը. «Դժվար կլիներ պատկերացնել, որ Թուրքիան սատարում է Իսլամական պետությանը: ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններից հենց Թուրքիայի վրա է ամենաշատն ազդել Հարավային հատվածում անկայունության օղակը: Թուրքիայի համար դա անվտանգության լուրջ մարտահրավեր է: Թուրքիայի խնդրանքով ՆԱՏՕ-ն թուրք-սիրիական սահմանին բալիստիկ պաշտպանական համակարգեր է տեղադրել: Մենք փորձում ենք մեր դաշնակիցներին պաշտպանել»:
Լրագրողներից մեկն էլ շարունակելով հարցը հետաքրքրվեց`ՆԱՏՕ-ն հետեւո՞ւմ է Իսլամական պետության ֆինանսավորման աղբյուրները որտեղի՞ց են գալիս, նավթը որտեղի՞ց է գալիս, արդյոք Թուրքիայից չ՞է:
«Թուրքիա ասելով կառավարությունը, պետությունը, թե՞ Թուրքիայում գտնվող մասնավոր անձանց նկատի ունեք»,- հարցին հարցով արձագանքեց բարձրաստիճան պաշտոնյան`հավելելով. «1.7 միլիոն փախստականներ ես ընդունել Սիրիայից, ինչպե՞ս կարող ես ստուգել`ովքե՞ր են այդ մարդիկ կամ հասնելով Թուրքիա ինչո՞վ կարող են զբաղվել: Քննադատություն եմ լսել, որ թուրքական հիվանդանոցներում իսլամական պետության մարտիկներին են բուժում: Նախ`այդ մարդկանց ճակատին գրված չէ`Իսլամական պետություն, ապա, եթե վիրավորներ են ու մոտակայքում կա հիվանդանոց, բնական է, որ պետք է օգնություն ստանան: Ես ձեռնպահ կմնայի Թուրքիային դատապարտելուց, քանի որ իրավիճակը բարդ է ու խրթին»:
Լրագրողը համառեց`պնդելով`նավթն է՞լ հնարավոր չէ տարբերակել, որտեղի՞ց է գալիս: «Լրջագույն խնդրի եք անդրադառնում, այդ ուղղությամբ միջազգային հանրությունը պիտի աշխատի եւ աշխատում է: Հնարավոր չէ մի ակնթարթում այդ խնդիրը լուծել»,- ասաց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ