Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրիից ամսական մոտ 150 հոգի արտագաղթում է

Մայիս 22,2015 15:19

Այս ուսումնասիրությունը կատարել են Գյումրիի անհատ տաքսու վարորդները, որոնք, բողոքելով կառավարության սահմանած վճարների դեմ, իրենց քաղաքի հիմնախնդիրներն ամենայն մանրամասնությամբ գրավոր ներկայացրել են երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, տրանսպորտի ու կապի նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նկատենք, որ  մարդկանց տեղաշարժի հարցում ամենաիրազեկը տաքսու վարորդներն են. նրանք արտերկիր մեկնողներին օդանավակայաններ ուղեկցելուց բացի, գրեթե ամեն օր ճանապարհում են Գյումրիի կենտրոնից՝ Չուլոշնի կոչված շենքի մոտից երեկոյան ժամը 20.00-22.00-ի սահմաններում Ռուսաստան մեկնողներին: Նշենք, որ մեկնողների թիվը բավական մեծ է ու քաղաքի կենտրոնում ամեն օր ականատես կարելի է լինել հրաժեշտի տխուր պատկերին:

«Գյումրիում ապրում է 1988-ի բնակչության թվի միայն 40-45 տոկոսը: Գյումրիում ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված կամ կիսասոված է քնում: Գյումրիում ամեն 6-րդը փտած, խարխուլ, ավերակ տնակում է ապրում, այդ տնակներում ապրում է մոտ 300 երկկողմանի կամ միակողմանի մանկապարտեզահասակ երեխա: Մոտ 4000 անօթեւան ընտանիք կա Գյումրիում: Գյումրիում ամեն 3-րդ անաշխատունակը գործազուրկ է: Գյումրիից ամսական միջին հաշվով 150 հոգի արտագաղթում է:

Գյումրիում երկրաշարժից հետո եւ վթարային դարձած 88 շենքերում մոտ 1000 ընտանիք է ապրում՝ ամեն րոպե աղոթելով, որ շենքը չփլվի իրենց վրա: Գյումրիում տարիներ շարունակ փոշու ամենաբարձր պարունակությունն է օդում, այս ցուցանիշը երբեմն հավասար է, երբեմն գերազանցում է Հայաստանի ցեմենտ արտադրող երկու քաղաքների համանման ցուցանիշներին: Գյումրու փողոցների ընդհանուր երկարության մոտ 85 տոկոսը՝ մոտ 350 կիլոմետր ավերակ է, ոչ մի չափով չի նորոգվել արդեն 26 տարի: Գյումրու շնչին ընկնող տեղական բյուջեն 30.000 դրամ է, տարեկան բյուջեն՝ մոտ 3,2 մլրդ դրամ: Քաղաքը, չնայած որոշ շուքին եւ առերեւույթ շնչառությանը՝ մահանում է: Պետական իշխանությունը այդ խնդիրը չի հասկանում այնպես, ինչպես չի հասկանում շատ այլ խնդիրներ երկրում»,- գրված է վարորդների՝ իշխանություններին հասցեագրված բողոքի մեջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031