Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի պետական բոլոր մարմիններում էլ աղանդավորականներ կան». Ալեքսանդր Ամարյան

Մայիս 22,2015 14:55

Ըստ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի՝ կրոնական մի շարք կառույցների գործունեությունը Հայաստանում վաղուց պետք է կասեցված լիներ, մինչդեռ մեր կառավարությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ:

«Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում հստակ նշվում է, որ եթե կառույցը ֆինանսավորվում է արտասահմանում գտնվող մայր կառույցից, ապա պետք է դրա գործունեությունը կասեցվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Ամարյանը:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ մեր կառավարությունը խուսափում է կասեցնել այդ կառույցների գործունեությունը: Արդյո՞ք մեր կառավարությունում և պետական մարմիններում էլ աղանդավորական կառույցների հետևորդներ կան, և խուսափելու պատճառներից մեկը դա է, Ա. Ամարյանը պատասխանեց, որ Հայաստանի պետական բոլոր մարմիններում էլ աղանդավորականներ կան, բայց մեկ այլ խնդիր էլ կա. այս հարցում, նրա խոսքով, կառավարության վրա ճնշում է գործադրում նաև Եվրամիությունը:

«Երեկ մի բան ինձ ուրախացրեց, բայց շատ եմ ափսոսում, որ Հայաստանի համար չէր,- հավելեց Ա. Ամարյանը.- Ռուսաստանն օրենք ընդունեց, որի համաձայն՝ այն ՀԿ-ները, որոնց մայր կառույցները գտնվում են արտասահմանում և հակապետական, հակահասարակական գործունեություն են ծավալում, պետք է փակվեն, իսկ այն մարդիկ, որոնք դրանից հետո էլ կշարունակեն հարել տվյալ կառույցին, կտուգանվեն:

Մարդիկ մտածում են իրենց պետականության, իրենց ազգային անվտանգության մասին: Իսկ մեզ մոտ այդպիսի օրենք հազիվ թե ընդունվի: Չնայած նրան, որ դրա անհրաժեշտությունը կա, որովհետև Հայաստանում գործող արտասահմանյան բազմաթիվ կառույցներ աշխատում են մեր ինքնության, ազգային եսի ոչնչացման ուղղությամբ»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք վերջին շրջանում նոր աղանդներ ի հայտ եկե՞լ են՝ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ վերջերս Հայաստանում նոր ու առաջին հայկական աղանդավորական կառույցն է ձևավորվել. «Կոչվում է Ուղղադավան ավետարանական եկեղեցի: Ղեկավարը Ավետարանական եկեղեցու նախկին հովիվ Արմեն Միքայելյանն է: Ունի երկու հարյուր անդամ: Կառույցի գրանցվելուց հետո ես կարդացել եմ նրանց կանոնադրությունը, որտեղ հստակ նշված է, որ չեն ֆինանսավորվելու արտասահմանից, իրենք իրենց միջոցներով են գոյատևելու: Լավ է գոնե, որ դեմ են դրսից ֆինանսավորվելուն»,- ասաց Ա. Ամարյանը՝ հավելելով, որ նորաբաց այս կառույցի կողմից դեռևս վատ բաներ չի նկատել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031