Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման հայտն այնքան էլ անհիմն չէ. Միքայել Մելքումյանը գտնում է, որ ՀԷՑ-ին պետք է փոխհատուցեն

Մայիս 22,2015 14:42

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ սկսեց բացատրել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ՀԷՑ-ի ներկայացրած հայտն այնքան էլ անհիմն չէ:

Ինչպես տեղեկացրել ենք, Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ պետք է հանդիպեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ:

Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպումը կայացել է. «Պետք է ասեմ, որ կարող ենք լուծում տալ այս հարցին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի արտադրող կայաններից մինչեւ սպառող, ամբողջ տեխնոլոգիական շղթան կարողանանք առողջացնենք: Այն, ինչ կատարվում է այս համակարգում, դա պարբերական անառողջ գործընթացների է բերում հատկապես ֆինանսական առումով: 2012-2013-ին ՀԷՑ-ը կուտակել է ոչ թե 250 մլն դոլարի պարտավորություն, այլ 24 մլրդ դրամի: Խոսքն այն ծախսերի մասին է, այն կորուստների, որը խաթարում է նրա բնականոն գործունեությունը, ինչի հետեւանքով նա չի կարողանում վճարել աշխատավարձ, չի կարողանում մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց վճարել»:

Նա ասաց, որ այդ կարկուտները վերջին տարիներին պետությունը փոխհատուցել է ոչ թե գումարով, այլ սակագնի բարձրացման հաշվին, իսկ վերջին 1 տարում գոյացել է 9 մլրդ դրամ ֆինանսական պարտավորություն, որից որեւէ բան պետությունը չի փոխհատուցել: «Խնդիրն այսօր այդ 24 մլրդ-ի մեջ է, որ կարողանա ՀԷՑ-ի բնականոն գործունեությունն ապահովի: Տարբեր լուծումներ կան, թե ոնց ապահովենք: Ես արձանագրել եմ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը պատասխան չպետք է տան արտադրող կայանների թերմատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց, պետությունն այստեղ պետք է կարգավորիչ մեխանիզմներ մտածի: Երբ ՀԷՑ-ի հասույթը ցածր է լինում, դրա արդյունքում ՀԷՑ-ը փոխառու միջոցներ է ներգրավում տարբեր տոկոսադրույքներով վարկեր: Մոտ 80 մլրդ դրամի փոխառու միջոցներ է ներգրավել, եւ այդ փոխառությունների տոկոսադրույքները մտնում են այդ վնասների մեջ, որը հիմք է հանդիսանում սակագինը բարձրացնելու համար»:

Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք դեմ են այդ բարձրացմանը, բայց եթե լուծում չի գտնվում, անպայման պետք է հավասարաչափ փոխհատուցումների մեխանիզմը կիրառվի:

Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ եթե այսպես շարունակվի, ՀԷՑ-ն անվճարունակ կլինի, չպետք է թույլ տալ, որ Հայաստանում բնական մենաշնորհը հանկարծ սնանկ ճանաչվի:

Հարցին՝ ՀԷՑ-ը անարդյունավետ է կառավարել, շռայլություններ է իրեն թույլ տվել՝ թանկարժեք մեքենաներ գնել, ինչո՞ւ պետք է դա բնակչության հաշվին փոխհատուցվի՝ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես այսօր Նազարյան Ռոբերտի հետ քննարկում էի, դա սակագնի հետ կապ չունի: Դա գնում է շահույթի նվազեցմանը եւ անարդյունավետ գործունեության ծավալմանը»:

Միքայել Մելքումյանը պնդեց՝ ՀԷՑ-ի վնասները պետք է փոխհատուցվեն, եթե չփոխհատուցվեն, ՀԷՑ-ը կսնանկանա: Թե ինչպե՞ս պետք է փոխհատուցել, նա պատասխանեց՝ այնպես, ինչպես նախկինում է փոխհատուցվել, օրինակ, ՀԷՑ-ի գրավադրման կամ ՀԷՑ-ի բիզնեսի գրավադրման հաշվին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031